«Վերջին դաս». բացառել կազմակերպչական միջոցառումների անվան տակ քողարկված դրամահավաքը
Դպրոցական ավարտական դասարանի «վերջին դասը» այս տարի նշվելու է մայիսի 26-ին: Այսօրվա մարզխորհրդի նիստի ժամանակ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը հայտարարեց, որ մարզի դպրոցի տնօրեններին հանձնարարվել է «վերջին դասն» անցկացնել դպրոցին, սովորողին և մանկավարժին վայել: Հանձնարարվել է նաև բացառել կազմակերպչական միջոցառումների անվան տակ քողարկված դրամահավաքները: Վարչության պետը զգուշացրեց, որ մարզպետի կողմից խիստ կպատժվեն այն տնօրենները, ովքեր կզբաղվեն դրամահավաքությամբ:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ համայնքապետերին հորդորեց անպայման մասնակցել «վերջին դասի» միջոցառումներին, իսկ դրամահավաքությունը դպրոցի, մանկավարժական կոլեկտիվի կողմից բացառել:
«Ամենակարևոր բաներից մեկը` բոլոր ծնողներին զգուշացրեք, որ երեխաներին ավտոմեքենայի ղեկ չտրամադրեն: Ուշադիր եղեք, մի դժբախտ դեպքը բոլորիս այնպիսի ցավ կտա, որ մի հոգու արած սխալ քայլով մարդիկ կտուժեն, և տասնամյակներով այդ մրմուռը չի անցնի»,-հավելեց մարզպետ Ղահրամանյանը:
Նա ասաց, որ ոստիկանությանը խնդրելու է, որ մարզում բոլոր ավտոմեքենաները տարվեն տուգանային հրապարակ, եթե ղեկին հայտնվեն երեխաներ:
Մեկնաբանել