Գյուլագարակում գայլերը հոշոտել են 30 ոչխար
Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում այս գիշեր գայլերը հոշոտել են Գոհար Դոխոլյանին պատկանող 30 ոչխարներին: Վերջինիս խոսքով ոչխարները գնել էր վարկով, հույսով, որ ոչխարաբուծությամբ կկարողանա արագ փակել վարկերն ու այն կդառնա շահութաբեր բիզնես:
«Առավոտյան ոչխարները դաշտ տանող անասնապահը ձայն տվեց, եկա տեսնեմ՝ որը սատկած, որը՝ թավալվում ա... Գյուղվարկ ունեմ քանի հատ վերցրած, որ բազմացնեմ, գյուղում ուրիշ գործ չկա, էդ էլ եկավ սենց եղավ»,- ասում է Գ. Դոխոլյանը:
Նրա հավաստմամբ՝ ոչխարներից յուրաքանչյուրի համար վճարել էր 35.000-40.000 դրամ, ինչը նշանակում է, որ ներդրած գումարն ավելի քան 1 մլն դրամ է:
Գյուղացիների խոսքով՝ գյուղում գայլերի հարձակման դեպքեր հաճախ են գրանցվել, սակայն դրանք հիմնականում եղել են աշնանը:Նրանք ասում են, որ մի քանի օր առաջ գայլերը կրկին գյուղ էին իջել, սակայն, եթե առաջին դեպքում գյուղացիները կարողացել են կանխել ոչխարների հոշոտման դեպքը, այս անգամ դա հնարավոր չի եղել անել:
Կնոջ կանչով դեպքի վայր այցելած Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանն ասում է, որ վերջին տարիներին սա գայլերի հարձակման առաջին մեծամաշտաբ դեպքն է:
«Նախկինում էլ դեպքեր եղել են, բայց փոքր, դրա համար չենք ներկայացրել: Այս անգամ շատ մեծ է վնասը»,- նշում է նա:
Վաղ առավոտից դեպքի վայրում աշխատող աշխատանքային խումբը գրանցել է արձանագրված վնասը, ներկայացրել Լոռու մարզպետարան:
«Մենք դիմել ենք մարզպետին, պիտի դիմենք նաև կառավարությանը, որ աջակցեն այս ընտանիքին, որ կարողանան այդ վարկերի հարցը լուծեն»,- ասում է համայնքապետը:
Կինը հույս ունի, որ ոչ միայն համայնքը կկանգնի իր կողքին, այլև կառավարությունը կաջակցի՝ վնասը գոնե մասամբ փոխհատուցելու միջոցով:
Գայանե Սարգսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել