Գևորգ Սաֆարյանին տուժող ճանաչելու գործով պաշտպանը դիմել է Վերաքննիչ դատարան
Ամալյա Մարգարյան
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում` նախագահությամբ Անդրանիկ Մնացականյանի, տեղի ունեցավ ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի բողոքի քննությունը: Փաստաբանը բողոքարկում է Գևորգ Սաֆարյանին որպես տուժող ներգրավելու վերաբերյալ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Մինչ դատական նիստը «Հետքը» հետաքրքրվեց Գևորգ Սաֆարյանից նրա առողջական վիճակով: Գևորգն ասաց, որ լավ է, սակայն նշեց, որ վնասված ոտքի համար դիմել է հետազոտության խնդրանքով, սակայն ՔԿՀ-ն մերժել է:
Դատական նիստին չէր ներկայացել դատախազը, այդ իսկ պատճառով նիստը հետաձգվեց մինչև մայիսի 30-ը: Փաստաբան Տ. Հայրապետյանը դիմեց դատարանին` նշելով, որ գործին մեկ այլ դատախազ էլ կցեն, որպեսզի ամեն անգամ մեղադրողի չներկայանալու պատճառով նիստը չհետաձգվի: Նախագահողը փորձեց ճշտել` արդյո՞ք պատշաճ ժամկետում է ներկայացվել բողոք: Ի պատասխան` փաստաբանը նշեց. «Եթե ստացվի, որ Գևորգ Սաֆարյանը բաց է թողել վերաքննիչ բողոք բերելու ժամանակը, չքննեք բողոքը, սակայն Դուք չպիտի զբաղվեք դրանով, դատախազությւնը պետք է զբաղվի այդ հարցով: Սա կասկածի տակ է դնում ձեր անկողմնակալությունը»:
Գևորգ Սաֆարյանն էլ նշեց, որ կցանկանար դատական նիստի մասին մի քանի օր առաջ տեղեկանալ, որպեսզի կարողանա պատրաստվել և ելույթ ունենալ. «Ինձ երեկ գիշեր են ասել, որ այսօր դատի եմ»,-հավելեց Սաֆարյանը: Դատավորն էլ նշեց, որ կալանավորված անձանց համար նույն եղանակն է գործում. ծանուցում են ուղեկցող գումարտակին և ՔԿՀ-ին:
Նիստի ավարտից հետո զրուցեցինք փաստաբան Տիգրան Հայրապետյանի հետ, ով պարզաբանեց ներկայացված բողոքը: «Գևորգ Սաֆարյանը 2016-ի հունվարի 2-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ըստ որի` նրան ոստիկանության աշխատակիցները ծեծի են ենթարկել: Մի քանի օր հետո 6 այլ ակտիվիստ հաղորդում են ներկայացրել, որ դեկտեմբերի 31-ին ծեծի են ենթարկվել: Հարուցվել էր քրեական գործ, Սաֆարյանը ճանաչվել էր տուժող: Հետագայում գործը այն քննչական խումբն էր քննել, որը քննում էր նաև Գևորգ Սաֆարյանի` մեղադրյալ լինելու գործը: Քննչական խումբը գտել էր, որ ոստիկանների գործողություններն իրավաչափ են եղել, ինքնապաշտպանական հարվածներ են եղել, ուստի քրեական գործի վարույթը կարճվել է, և քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացվել»,-հայտնեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին դատապարտել էր 2 տարվա ազատազրկման` 2015թ. Ամանորի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանության և քաղաքացիների միջև տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկանության աշխատակից Գեղամ Խաչատրյանին հարվածելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել