HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Իջեւանի քաղաքապետ. «Առեւտրականները խախտել են պայմանավորվածությունը »

Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը «Հետք»-ի հետ զրույցում մեկնաբանեց երեկ միջպետական Մ4 ավտոմայրուղին փակած քաղաքացիների պահանջը փողոցային առեւտրի արգելքը վերացնելու մասին։

Ղալումյանն ասաց, որ բավականին երկար ժամանակ քաղաքապետարանը փորձ է արել առեւտրականների հետ հայտարարի գալ փողոցային առեւտրի փոխարեն այլ տարբերակ գտնելու շուրջ, առաջարկվել են բազմաթիվ տարբերակներ, անգամ եկել են համաձայնության, սակայն ամեն անգամ պայմանավորվածությունը խախտվել է քաղաքացիների կողմից։

«Քաղաքում մասսայական բացօթյա առեւտուրը վերացնելու նպատակով բակերից մեկում՝ մարզադպրոցի հարեւանությամբ, որտեղ ասֆալտե հատակով մինի ֆուտբոլի դաշտ էր, ստեղծեցինք այլընտրանքային շուկա։ Բոլորին, ովքեր փողոցում էին իրենց մթերքը վաճառում, տեղ հատկացրինք` մեծ ծախսեր անելով։

Ընդամենը 350 դրամ օրավարձ էր գործում, որը ծախսվում էր տարածքի մաքրության համար, հետո պետք է ջուր միացնեինք, զուգարան կառուցեինք շուկայի սպասարկումը հարմարավետ դարձնելու համար։ Առեւտրականները սկսեցին չվճարել էդ 350 դրամը, թե՝ չենք ուզում, ձեռնտու չէ, տեղը լավը չէ։

Քիչ-քիչ սկսեցին դուրս գալ փողոց։ Մեկը սկսեց տաղավար կառուցել, մեկը վագոն-տնակ բերեց տեղադրեց։ Սկսեցին ինչ ուզել՝ անել։ Ասացի՝ եթե ձեռնտու չէ, ուրեմն շուկան փակում ենք։ Երբ քայլեր ձեռնարկեցինք, եկան, թե՝ օրը 1000 դրամ փող կտանք, բայց շարունակենք աշխատել էստեղ։

Ես մերժեցի, քանի որ տեսա ռացիոնալ չեն օգտագործում տարածքը, արդեն որոշել էինք ֆուտբոլի դաշտը կանաչ խոտածածկ անել։ Հատկապես, որ երբ տարածքում շուկա էինք բացել, դժգոհողների ուրիշ բանակ էլ կար, որն ուզում էր ֆուտբոլի դաշտն իր գործառնական նշանակությունը չփոխի, ասում էին՝ դաշտը սարքեցիք շուկա։ Ֆուտբոլի դաշտը իջեւանցի Ղազարյան եղբայրների աջակցությամբ ծածկեցինք խոտածածկով, դարձրինք մինի ֆուտբոլի դաշտ»,-ասաց Իջեւանի քաղաքապետը։

Այդ ընթացքում, Ղալումյանի խոսքով, համապատասխան կառույցներից բազմաթիվ զգուշացումներ էին ստացվել, այդ թվում՝ սննդի անվտանգության տեսչությունից, որ փողոցային առեւտուրը հակասանիտարական է:

«Չի կարելի պանիրը գետնին դրած վաճառել։ Մեքենաները կողքով անցնում են, ցեխաջուրը լցվում ա, էլի լվանում են, վաճառում»,-ասում է Ղալումյանը։

Քաղաքապետարանը առեւտրականներին Զատկի տոներից երկու ամիս առաջ թույլատրել է առեւտուր կազմակերպել փողոցում` պայմանով, որ երկու ամսում կամ քաղաքային շուկայում տեղ վարձակալեն, կամ որեւէ խանութ։

«Ասել եմ իրենց՝ եթե գումար չունեն, ես կխնդրեմ շուկայի տնօրենին, որպեսզի անվճար տեղեր հատկացնի։ Եթե շուկայի տնօրենը մերժեր, ես ինքս էդ տեղերի համար կվճարեի՝ կամ իմ գրպանից, կամ համայնքային բյուջեից։ Մենակ թե՝ քաղաքակիրթ առեւտուր կազմակերպենք, փողոցները մաքրենք, տուրիզմի համար նպաստավոր պայմաններ ձեւավորենք, տուրիստը չգա մեր քաղաքն էդ տեսքով նկարի, աշխարհով մեկ վատ բաներ խոսեն։

Պայմանավորվեցինք, բայց պայմանավորվածությունը խախտեցին, էլի շարունակեցին փողոց դուրս գալ, ստիպված եղանք համապատասխան կառույցների հետ կարգուկանոն հաստատել»,-ասաց քաղաքապետը։

Փորձեցինք առեւտրականների տեսակետը լսել։ Ի տարբերություն երեկվա ակտիվության, այսօր որեւէ մեկը չցանկացավ խոսել փողոցային առեւտրի թեմայի շուրջ։ Պայմանավորվածությունը խախտելու մասին քաղաքապետի պնդումները հերքող նույնպես չեղավ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter