
Պատգամավորը՝ գլխավոր դատախազին. «Ինչո՞ւ Զիրոյանի և Միքայելյանի արարքները ճիշտ քրեաիրավական գնահատականի չեն արժանացել»
Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին «Հետքում» հրապարակված «Սահմռկեցուցիչ պատմություն. արժանի հատուցումը բացառվո՞ւմ է» և «Առաջին զոհը (Սահմռկեցուցիչ պատմություն 2)» հոդվածների առնչությամբ: Ստորև ներկայացվում է նամակը:
«Սույն թվականի դեկտեմբերի 2-ին և 8-ին «hetq.am» կայքում հրապարակվել են հոդվածներ Մարիամ Գևորգյանին և Մոնիկային իրենց ամուսնու՝ Դավիթ Զիրոյանի և սկեսուրի՝ Հայկանուշ Միքայելյանի կողմից դաժան ծեծի ենթարկվելու և առողջությանը վնաս հասցնելու մասին («Սահմռկեցուցիչ պատմություն. արժանի հատուցումը բացառվո՞ւմ է» և «Առաջին զոհը (Սահմռկեցուցիչ պատմություն 2)»):
28.12.2010թ. որոշում է կայացվել Հայկանուշ Միքայելյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն օրը դատարանի որոշմամբ մեղադրյալ Հ. Միքայելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Թե հասարակությանը, թե ինձ անչափ մտահոգում են հետևյալ հարցերը.
- Ինչո՞ւ Դավիթ Զիրոյանի և Հայկանուշ Միքայելյանի արարքները ճիշտ քրեաիրավական գնահատականի չեն արժանացել և չեն որակվել Քրեական օրենսգրքի 119-րդ, 112-րդ, 131-րդ, 132-րդ, 133-րդ հոդվածների համակցությամբ,
- Ինչո՞ւ են նշված անձանց արարքները ավելի մեղմ հանցակազմով որակվել, ինչի արդյունքում մի շարք ծանր հանցագորություններ կատարած Դավիթ Զիրոյանը Համաներման ակտով ազատվել է քրեական պատասխանատվությունից,
- Ինչո՞ւ մինչ այժմ չի հայտնաբերվել և Հայաստան չի տեղափոխվել մեղադրյալ Հայկանուշ Միքայելյանը, այն պարագայում, երբ Մարիամ Գևորգյանը և Մոնիկան հայտնել են մեղադրյալի հասցեն,
- Ինչո՞ւ երկու կանանց նկատմամբ ծանրագույն հանցանքներ կատարած անձինք մինչ այժմ չեն ենթարկվել համարժեք քրեական պատասխանատվության,
- Ինչո՞ւ ՀՀ դատախազությունը չի կատարում իր սահմանադրական պարտականությունները,
- Ինչո՞ւ են կոպտորեն խախտվում Դատախազության գործունեության կազմակերպման սկզբունքները:
Խնդրում եմ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում պատասխանել սույն գրությամբ բարձրացված հարցերին և վերոնշյալ անձանց արարքներին տալ համարժեք իրավական գնահատական՝ ճիշտ որակելով նրանց կատարած հանցագործությունները»:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել