
«Հայկական ժամանակ»-ի լրագրողը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Աննա Զախարյանը երեկ ուշ երեկոյան ոստիկանությունում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ կապված Երևանի Կուրղինյան փողոցում գտնվող Տարոն Մարգարյանի շտաբի դիմաց իր հետ տեղի ունեցած միջադեպի հետ:
Հիշեցնենք, որ լրագրողը երեկ երեկոյան նկատել է, որ Արարատյան զանգվածի Կուրղինյան նրբանցքում գտնվող Տարոն Մարգարյանի շտաբում քաղաքացիներին գումար և քվեարկած քվեաթերթիկներ են բաժանում ու նկարահանել այդ ամենը, ապա անհայտ անձը խլել է լրագրողի հեռախոսն ու քիչ անց՝ վերադարձրել: Զախարյանը, սակայն, հրաժարվել է վերցնել հեռախոսը, որից հետո, ըստ լրագրողի, իրեն հետևել են մինչև տուն ու դռնից ներս գցել անձեռոցիկի մեջ փաթաթված իր հեռախոսը:
«Հետք»-ի հետ զրույցում Զախարյանը պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել երեկոյան, ժամը 20:30-ի սահմաններում:
«Աշխատանքից տուն էի վերադառնում, ու երթուղայինից նկատեցի, որ Տարոն Մարգարյանի շտաբում մարդկանց կուտակումներ կան: Դա ինձ արտառոց թվաց, որոշեցի գնալ և տեսնել, թե ինչ է կատարվում: Հեռախոսի տեսախցիկը միացրած՝ նկարահանում էի, թե ինչպես են մարդիկ դուրս գալիս ձեռքներին քվեաթերթիկ: Նկատեցի, որ քվեաթերթիկների վրա երրորդ համարի դիմաց նշան էր արված (Երևանի ավագանու ընտրություններում երրորդ համարը Տարոն Մարգարյանն է. հեղ.): Քաղաքացիների ձեռքին կար նաև գումար և մի այլ թղթի կտոր, որը չհասկացա, թե ինչ է»,- պատմեց լրագրողն ու նշեց, որ ինքը ֆիքսել է 20 000 դրամանոց թղթադրամ:
Լրագրողի խոսքով` շտաբի դիմաց մոտ 30 քաղաքացի է եղել: Զախարյանի ձեռքից հեռախոսը վերցրել են ոչ թե նկարահանելու պահին, այլ այն ժամանակ, երբ հեռախոսն ականջին է եղել. վերջինս փորձել է կապ հաստատել խմբագրության հետ ու պատմել տեղի ունեցողի մասին:
«Երբ մի քիչ հեռացա ու զանգահարում էի, մի երիտասարդ մոտեցավ ու խլեց հեռախոսը, ապա իմ երկար պահանջներից հետո` մոտ 15 րոպե անց վերադարձրին. չէին վերադարձնում այնքան ժամանակ, մինչև իրենց «գործը չտեսան»,- ասաց լրագրողն ու նշեց, որ բավականին ինֆորմացիա է ջնջված հեռախոսից:
Նշենք, որ լրագրողի հեռախոսում, այնուամենայիվ, մեկ տեսանյութ է պահպանվել, որը հրապարակվել է: Դրանում լսվում է, թե ինչպես են քաղաքացիների անուն, ազգանուններ կարդում, ինչպես նաև երևում է շտաբի դիմաց տեղի ունեցող անցուդարձը, իսկ որոշ քաղաքացիների ձեռքում նաև երևում է ինչ-որ թերթիկ:
Լրագրողը նշում է, որ իրենից հեռախոսը խլած անձի, ինչպես նաև շտաբի տարածքում գտնվող որոշ այլ անձանց դեմքեր ինքը ֆիքսել է, և տեսնելու դեպքում կճանաչի: Ըստ Զախարյանի` բացի ուժով իրենից հեռախոսը խլելուց, իր նկատմամբ որևէ այլ բռնություն չի կիրառվել, միայն շտաբի տարածքում եղած անձինք, հատկապես ` որոշ կանայք, այն բանից հետո, երբ իմացել են, որ նկարահանում է, ագրեսիվ վարքագիծ են դրսևորել իր նկատմամբ:
«Երբ իմացան, որ նկարահանել եմ, այդ ժամանակ գրողը սկսվեց. դու ո՞վ ես, ի՞նչ իրավունք ունես: Իմ տպավորությամբ՝ նրանք շտաբի աշխատողներ չէին, այլ ուղղակի քաղաքացիներ, բայց ասում էին՝ մենք եկել ենք, մեր աշխատանքի դիմաց վարձատրությունն ենք ստանում, սա մեր աշխատավարձն է, քո ի՞նչ գործն է»,- պատմեց Աննա Զախարյանը:
Ոստիկանությունից «Հետք»-ին հայտնեցին, որ լրագրողի հաղորդման հիման վրա հետաքննություն է իրականացվում:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել