HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Նոր պարզաբանումներ` Կիեւ-Երեւան թռիչքից

Երեկ Կիեւ-Երեւան չվերթը սպասարկող ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիում: Հիշեցնենք, որ չվերթը սպասարկում էր «Աերոսվիտ» ընկերությունը: «Հետքը» այս թեմայով զրուցեց «Աերոսվիտ» ավիաընկերության կենտրոնական գրասենյակի մամուլի խոսնակ Սերգեյ Կուցիյի հետ:

Ինչո՞ւ է Կիեւ-Երեւան չվերթի ինքնաթիռը վայրէջք կատարել Թբիլիսիում:

Եղանակային ոչ բարենպաստ պայմանների պատճառով:

Իսկ երեկ Ձեր ավիաընկերության կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչը հայաստանյան ներկայացուցչին հայտնեց, որ ինքնաթիռը վայրէջքի թույլտվություն չի ստացել` քաղաքական նկատառումներով: Ի՞նչ նկատառումներ են դրանք:

Ես գաղափար անգամ չունեմ` ով կարող է այդպիսի բան ասած լինել: Քաղաքական որեւէ հարց չի եղել:

Ինչպե՞ս եք փոխհատուցել կամ պատրաստվո՞ւմ եք արդյոք փոխհատուցել ուղեւորներին:

Յուրաքանչյուր ուղեւոր անհատապես պետք է դիմում ներկայացնի ավիաընկերության ներկայացուցչությանը, որպեսզի մենք նայենք, քննենք փոխհատուցման ձեւերը եւ, այո, կփոխհատուցենք:

Դուք տեղեկացվա՞ծ եք, թե ինչ իրավիճակում են այժմ գտնվում Կիեւ-Երեւան չվերթի  ուղեւորները:

Որքանով ինձ են տեղեկացրել, երեկ երեկոյան ուղեւորները Երեւան են հասել ավտոտրանսպորտով:

Իսկ «Աերոսվիտ»-ը վճարե՞լ է այդ ծախսերը:

Եթե ինձ ճիշտ են տեղեկացրել, ուղեւորներին առաջարկվել է ավտոբուսով փոխադրել Երեւան, սակայն նրանք հրաժարվել են: Արդեն շատ ուշ ժամի ուղեւորները համաձայնել են ավտոբուսով մեկնել, բայց արդեն ընկերությունը չի կարողացել մեքենա գտնել: Հիմա ուղեւորները սեփական միջոցներով են մեկնել Երեւան, սակայն նրանք կարող են գնալ ընկերության հայաստանյան ներկայացուցչություն եւ փոխհատուցման հարցերը կփորձենք լուծել:

ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Նելլի Չերչինյանը եւս պնդում է, որ Կիեւ-Երեւան չվերթը չեղյալ է համարվել` զուտ եղանակային պայմաններից ելնելով:

Մեր հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է պատահել, որ որեւէ այլ թռիչք կամ վայրէջք եղանակի պատճառով չի հետաձգվել կամ հանվել, Չերչինյանը պատասխանեց.

«Կիեւ-Երեւան օդանավի վայրէջքների պահին են միայն եղանակային պայմանները ոչ բարենպաստ եղել: Մյուս բոլոր թռիչքների ժամանակ բաց է եղել: Այդպիսի դեպքեր այլ երկրներում էլ լինում են, եւ դա նորմալ երեւույթ է»,- նշեց Նելլի Չերչինյանը:

Հիշեցնենք նաեւ, որ ինքնաթիռի վայրէջք չկատարելու պատճառով չեղյալ էր համարվել նաեւ Երեւան-Կիեւ չվերթը: Ըստ քաղավիացիայի տեղեկատվության` այսօր ժամը 18:20-ին Երեւան-Կիեւ չվերթը կիրականանա:

Քաղավիացիայի մամուլի խոսնակը որեւէ տեղեկություն չունի Թբիլիսիում մոտ 40 ժամ մնացած ուղեւորների կեցության եւ որպիսության մասին: Իսկ «Աերոսվիտ» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցիչ Տիգրան Աչոյանը նշում է. «Ուղեւորների մի մասը տեղափոխվել է հետ` Կիեւ, եւ ասօր կժամանեն Հայաստան: Իսկ մյուս մասն այլ ճանապարհներով հասել է Հայաստան»:

Ինքնաթիռի` Երեւանում վայրէջք չկատարելու վերաբերյալ մի քանի այլ վարկածներ էլ կան, որոնցից մեկը հետեւյալն է. «Աերոսվիտը» չի կարողացել մարել պարտքը «Զվարթնոց»-ին, իսկ օդանավակայանը փակել է այդ ընկերության վայրէջքները: Այս վարկածի վերաբերյալ Նելլի Չերչինյանը նշեց. «Որքանով ես տեղյակ եմ, որեւէ պարտքի խնդիր այստեղ չկա»: Իսկ «Զվարթնոց»-ի մամուլի խոսնակ Գեւորգ Աբրահամյանն ավելացրեց. «Չէ, չէ, պարտքի պատճառով չէ»:

Երեկ «Զվարթնոց» օդանավակայանում հանդիպեցինք մի տաքսու վարորդի, ով պատմեց, որ տեղափոխել է երկու հոգու, ովքեր տաքսիով Թբիլիսիից Երեւան հասած Կիեւ-Երեւան չվերթի ուղեւորներից էին: Նա պատմեց, որ ուղեւորները նշել են, թե ինքնաթիռի անձնակազմը հարբած է եղել: Այս վարկածը քննարկվում էր թե′ դիմավորողների եւ թե′ մեկնողների շրջանում:

Քաղավիացիայի մամուլի խոսնակը հերքեց սա եւս. «Չէ, չկա նման բան: Եթե հարբած լինեին, Թբիլիսիում էլ չէին կարող իջնել»:

Հ.Գ. Քիչ առաջ մեզ զանգահարեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Գեւորգ Աբրահամյանը եւ տեղեկացրեց, որ այսօր 17:31 րոպեին Կիեւ-Երեւան երեկվա չվերթի ուղեւորները վայրէջք են կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter