
Գլխավոր դատախազը միջնորդություններ է ներկայացրել Արդարադատության խորհուրդ
2017 թվականի մայիսի 11-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Արազյանի կողմից կաշառք տվողի օգտին իր լիազորությունների շրջանակում որոշակի գործողություններ կատարելու համար 2017 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 12.40-ից 13.15-ի սահմաններում, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդի քաղաքի նստավայրում գտնվող դատարանի շենքում՝ դատական նիստերի դահլիճում, Գ.Շ.-ից անձամբ խոշոր չափերով՝ 600 ԱՄՆ դոլար գումար կաշառք ստանալու դեպքը:
Դեպքի առթիվ մայիսի 11-ին Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նույն օրը Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Արազյանը հանցանք կատարելու անմիջական ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է:
Այսօր գլխավոր դատախազը միջնորդություններ է ներկայացրել Արդարադատության խորհրդին՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին որպես մեղադրյալ ներգարվելու, ինչպես նաև կալանավորելու համաձայնություն տալու առաջարկով ՀՀ Նախագահին դիմելու համար:
Արդարադատության խորհրդի որոշումներով գլխավոր դատախազի միջնորդությունները բավարարվել են:
Մեկնաբանել