200 ԱՄՆ դոլար՝ 1քմ-ը. Ռուսթավելի փողոցի առանձնատները վաճառվում են
Նյութի աղբյուրը՝ Ասպարեզ
«Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում շարունակվում են Գյումրու Ռուսթավելի փողոցի շինարարական աշխատանքները: Գազատար, ջրամատակարարման եւ ջրահեռացման խողովակներն ամբողջությամբ փոխարինվելու են նորերով:
Ներկայում փողոցում աշխատում են Գազպրոմ Արմենիան՝ որպես գլխավոր կապալառու, եւ Վեոլիա ջուրը: Այնուհետ, ըստ քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի, փողոցում աշխատանքներ են իրականացնելու մասնագիտացված այլ կազմակերպություններ՝ ինչպիսիք են՝ Արմենտելը, Ռուստելեկոմը եւ այլն:
Առաջիկա տարիների ընթացքում թարմացվելու է նաեւ այս փողոցում գտնվող շենք-շինությունների ամբողջական տեսքը:
Վերջին 7-10 օրում արդեն առանձնատների հավանական գնորդներ են հայտնվել, առք ու վաճառքի հարցեր են բարձրացրել, ներկայացել՝ գնային առաջարկություններով:
Բնակչին մեկ քառակուսի մետր մակերեսի դիմաց առաջարկվել է շուրջ 200 ԱՄՆ դոլար: Մեր տեղեկություններով՝ դեռեւս համաձայնողներ չկան, բնակիչների մեծ մասը քննարկելու է գնային այս առաջարկը:
Հ.Գասպարյանն ասում է, որ մայիսի 11-ին Ռուսթավելի փողոց է այցելել ծրագրի աշխատանքային խումբը, հանդիպել բնակիչներին հետ եւ ներկայում կատարում է գնային մոնիտորինգ՝ որոշելու 1 քառակուսի մետր մակերեսի գինը: Աշխատանքային խումբ են ընդգրկվել անշարժ գույքի մասնագետներ, ճարտարապետներ եւ ուրիշներ:
Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ այս փողոցի հարակից հատվածում գտնվող նախկին «Ջրահարս» ռեստորանում ավարտվել են նախագծման աշխատանքները: Նախագծի վերջնական տարբերակը քննարկվելու է քաղաքաշինության խորհրդում, այնուհետ քաղաքապետարանը տալու է շինարարության թույլտվություն:
Անի Մկրտչյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել