HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյանը Ֆրանսիայում. «Պատրաստ ենք հարմարավետ բիզնես միջավայր ստեղծել»

Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեի հրավերով Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով նախորդ 3 օրերին գտնվում էր Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում:

Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում քաղաքապետ Կարեն Կարապետյանը  ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանին՝ ի հիշատակ նահատակների: Այնուհետև Փարիզի Աստվածամոր տաճարում Երևանի քաղաքապետը մասնակցել է զոհերի հիշատակին մատուցված պատարագին:

Պատվիրակությունը մասնակցել է  Փարիզի քաղաքապետարանում քաղաքապետ Բերտրան Դելանոեի կողմից կազմակերպված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ընդունելությանը:

Իր հարգանքն ու երախտիքը հայտնելով ֆրանսիացի ժողովրդին ու ֆրանսիական պետությանը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշել է , որ Փարիզի քաղաքապետարանում ավանդական դարձած այս ընդունելությունը խոսուն փաստ է և արտահայտում է այն բոլոր ջանքերը, որ ներդրվում են ի նպաստ հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության և հարաբերությունների  ամրապնդման:

Պատվիրակությունն  այցելել է նաև  Հայ առաքելական եկեղեցի և հանդիպել  Ֆրանսիայի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Նորվան Զաքարյանի հետ:

Ապրիլի 26-ին Երևանի քաղաքապետը  հանդիպել է  Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլլոմբի հետ: Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը նախկինում կատարված և ներկայումս կատարվող համագործակցության ծրագրերի համար,  առաջարկել է  ավելի ակտիվացնել և գործնական հիմքի վրա դնել երկկողմ հարաբերությունները:  Կարևորելով երկու քաղաքների գործարար շրջանակների փոխգործակցությունը, Ժերար Կոլլոմբը պատրաստակամություն է հայտնել  կազմակերպել տրանսպորտի, մետրոյի կառավարման, աղբահանության ոլորտները ներկայացնող գործարարների խմբի այցը Երևան: Միաժամանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել  մշակել համագործակցության կոնկրետ ուղղությունները` նոր եռամյա ծրագիրը ստորագրելու համար: Երևանի քաղաքապետը վերահաստատել է  Լիոնի քաղաքապետին Երևանում հյուրընկալելու իր հրավերը:

Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել  Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Ժան-Պոլ Հյուշոնի և նախագահի տեղակալ Ֆիլիպ Կալտենբախի հետ, որին հաջորդել է «Երևան քաղաքի և Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի միջև համագործակցության համաձայնագրի» ստորագրման արարողությունը:

Երկուստեք կարևորելով համաձայնագրի նշանակությունը, կողմերը նշել են, որ այն  նոր լիցքեր կհաղորդի բարեկամական համագործակցության ու հայ-ֆրանսիական գործնական  երկխոսության համար:

Կարևորելով երկկողմ  կապերի ակտիվացումն ու խորացումը, Կարեն Կարապետյանը հույս է հայտնել, որ հարաբերությունների զարգացումը թույլ կտա փոխշահավետ ծրագրեր իրականացնել`  ամրապնդելով և ավելի ծանրակշիռ հիմքերի վրա դնելով գործակցությունը:

Ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել  փորձագետների խումբ ուղարկել Երևան` համագործակցության ուղղությունները հստակեցնելու և կոնկրետ ծրագիր իրականացնելու համար:

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Փարիզի քաղաքապետ, Ֆրանսախոս քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեի հանդիպման ընթացքում  քննարկվել են հոկտեմբերի 24-27-ը Երևանում կայանալիք Ֆրանսախոս քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի 31-րդ գլխավոր գագաթաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր: 

Կարեն Կարապետյանն առաջարկել է  ակտիվացնել գործարար շփումները, նշելով, որ  Երևանը բաց է ներդրումների համար.  «Հրավիրում ենք ներդրումներ կատարել քաղաքային տնտեսության այն ոլորտներում, որոնց կառավարման արդյունավետ, ձևավորված մշակույթ կա: Մենք պատրաստ ենք Երևանում Ֆրանսիայից ոչ պակաս հարմարավետ բիզնես միջավայր ստեղծել»,- ասել է Կարեն Կարապետյանը: Միաժամանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել  համագործակցությունը նոր ձևաչափով շարունակելու վերաբերյալ:

Ապրիլի 27-ին  «ACCOR» ընկերության փոխնախագահ Քրիստիան Կարաոգլանյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում ստորագրվել է  մտադրությունների արձանագրություն, որով նախանշվում են  հյուրանոցային կառավարման հայտնի ընկերության` «ACCOR»-ի և Երևանի քաղաքապետարանի միջև համագործակցության շրջանակները` Երևանում հյուրանոցային տնտեսության ոլորտում ներդրումների բնագավառում:

Այցի ընթացքում տեղի են ունեցել  մի շարք հանդիպումներ ֆրանսահայ համայնքի,  ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter