
Երևանի ավագանու անդամ թեկնածուի ունեցվածքը. Մինասի կտավից մինչև հէկերի բիզնես
Փոքր հէկերի միության նախագահ, ՀՀԿ-ական Նաիրա Նահապետյանը Երևանի ավագանու անդամի թեկնածու է: Նաիրա Նահապետյանը տարիներ շարունակ հէկերի բիզնեսով է զբաղվում:
Նրան է պատկանում «Զովաշեն հէկ» ՍՊԸ-ի 75%-ի բաժնեմասը, որը 2002-ից Արարատի մարզում շահագործում է 1520 կՎտ-անոց փոքր հէկ:
Նա նաև բաժնեմաս ունի «Ակադեմիկոս Ա.Լ.Մնջոյանի Գյումրիի հէկ» ՍՊԸ-ում: Ճիշտ է՝ այստեղ ընդամենը բաժնեմասի 2,5%-ն է իրենը, սակայն վերահսկիչ՝ 51% բաժնեմասը տնօրինում է ամուսինը՝ Արա Աղաբաբյանը:
«Ակադեմիկոս Ա.Լ.Մնջոյանի Գյումրիի հէկ» ՍՊ ընկերությունը Շիրակի ջրանցքի վրա շահագործում է 5280 կՎտ հզորությամբ «Գյումրի» հէկը: Այս ընկերության կանոնադրական կապիտալը, համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, 2015թ. դրությամբ կազմել է 206,2 մլն դրամ:
Շիրակի մարզի Հառիճ համայնքում` Մանթաշ-Արթիկ խմելու ջրատարի վրա կառուցված «Արթիկ հէկ-1»-ը շահագործող «Արթիկ հէկ» ՍՊԸ-ում տիկին Նահապետյանը մասնակցություն է ունեցել 2009-2011թթ.: Եղել է տնօրեն, սակայն երկու տարի կառավարելուց հետո դուրս է եկել:
Նաիրա Նահապետյանը 100 տոկոս մասնակցություն ունի նաև «ԷԼ-ԱՆ», «Ստար» և «Յուտ-էլ» ՍՊԸ-ներում: Տրանսպորտի նախարարությունը նրան տրամադրել է տրանսպորտային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու լիցենզիա:
Դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր բժիշկ, ուրոլոգ Իվան Աղաջանյանի հետ ավագանու անդամի թեկնածուն հավասարապես կիսում է «Ալվեոլա» ՍՊԸ-ի բաժնեմասը:
Նաիրա Նահապետյանը 33% բաժնեմաս ունի «Լէյա» ՍՊԸ-ում: Ընկերությունտը շահագործում է Ծաղկաձորի նույնանուն հանգստյան տունը: Անցյալ տարի Վերահսկիչ պալատը վերահսկողություն է իրականացրել սոցիալական փաթեթի շահառուներին պետական բյուջեից գումարների հատկացման և օգտագործման օրինականության և արդյունավետության գործընթացի նկատմամբ: Վերահսկողությունն իրականացվել է 2012թ. հունվարի 1-ից 2016թ. հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի գործունեության նկատմամբ: Վերահսկիչ պալատը այդ գործընթացը «հավատ չներշնչող» է որակել, քանի որ պարզվել է, որ 4 տարբեր օրերում 244 հյուրերի՝ սոցիալական փաթեթի շահառուների և նրանց ուղեկցող անձանց թիվը գերազանցում է հյուրանոցի կողմից փաստացի սպասարկվող 16 սենյակների և ընդհանուր 56 մահճակալների թիվը:
Նաիրա Նահապետյանը նաև ներգրավվել է մի քանի հանքարդյունաբերական ծրագրերում՝ մանսավորապես տնօրեն է եղել «Գեո Մետալ» և «ԲԱՄՕ մետալ» ՍՊԸ-ներում:
ՀՀԿ-ական թեկնածուն Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած եկամուտների հայտարարագրում նշել է, որ համասեփականատեր է Երևանի Մոսկովյան փողոցում 89 քմ տարածք զբաղեցնող բնակարանի: Միանձնյա սեփականատեր է երեք ավտոմեքենայի` 2006թ. արտադրության Mercedes-Benz ML-350, 2011թ. արտադրության Toyota Corrola և 2008թ. արտադրության VAZ 21/14 110-20-ի:
Որպես թանկարժեք գույք հայտարարագրել է 30 հազար դոլար արժողությամբ Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավը:
Թեկնածուն հայտարարգարել է նաև 18 մլն դրամ, 63 000 դոլար և 16 000 եվրո դրամական միջոցներ:
Մայիսի 9-ի քարոզարշավի ժամանակ թեկնածու Նահապետյանի ելույթը բուռն քննարկման առիթ դարձավ սոցիալական ցանցերում: Թեկնածուն խնդրում էր ընտրողների քվեն, որ «իրենք կարողանան իսկապես այն ծրագրերը, որը որ գրված են իրենց ծրագրերում», ի կատար ածել:
Լուսանկարը` «Ավելի լավ Երևան»-ի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել