HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Մեկ պատուհանը» հարկատու պատուհաններ է բացում

ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում սեփական բիզնեսը գրանցելու «Մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքը գործում է 2011թ. սկզբից: Բարեփոխումը ոչ միայն վերացրեց գործարարների` պետռեգիստրի գործակալության մի քանի դուռ թակելու և փաստաթղթային քաշքշուկի մեջ ընկնելու պատկերացումը, այլև սահմանեց իրավաբանական անձի գրանցման էլեկտրոնային եղանակ: Չնայած վերջին հանգամանքին` «Մեկ պատուհանը» դեռևս ավելի շատ պետռեգիստրի գործակալության դուռն է, քան համակարգչի մոնիտորը: Ըստ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանի` ողջ տարվա ընթացքում ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով՝ առանց ռեգիստրի գրասենյակ այցելելու, բիզնեսի գրանցման ընդամենը մեկ դեպք է եղել: Միևնույն ժամանակ էլեկտրոնային եղանակով ներկայացված փաստաթղթերի քանակը արդեն մոտենում է ամսական հարյուրի:

Ինչո՞ւ են մարդիկ հասնում պետռեգիստրի գործակալություն, եթե կարելի է գրանցվել էլեկտրոնային եղանակով:

Որովհետև մարդկանց մեծ մասը չունի էլեկտրոնային ստորագրություն: Իրավաբանական անձի գրանցման գործառույթը իրականում բաղկացած է երկու ենթագործառույթից: Առաջին հերթին ռեգիստրում ֆիքսվում է փաստաթղթերի պարունակությունը, իսկ երկրորդ քայլը փաստաթղթերի նույնականացումն է, այսինքն` ռեգիստրի աշխատակիցը պետք է համոզված լինի, որ տվյալ փաստաթուղթը հենց տվյալ անձն է ներկայացնում: Երբ մարդը գալիս է պետռեգիստրի գործակալություն, նույնականացման գործընթացը հեշտ է կատարել անձնագրով և այն փաստաթղթերով, որոնց վրա կա դիմողի ստորագրությունը: Իսկ երբ ֆայլն ուղարկվում է էլեկտրոնային եղանակով, չի բացառվում, որ այն կարող է պատրաստված լինել ցանկացած  մարդու կողմից մեկ այլ անձի  անունից: Այդ պատճառով էլ էլեկտրոնային եղանակով գրանցում կատարելու համար անհրաժեշտ է, որ փաստաթղթերն ուղարկվեն էլեկտրոնային ստորագրությամբ:

Իսկ ի՞նչ է էլեկտրոնային ստորագրությունը, ինչպե՞ս է ձեռք բերվում:

Ոչ մասնագիտական լեզվով, էլեկտրոնային ստորագրությունը որոշակի կոդ է, որը դրվում է փաստաթղթի, այսինքն` տեղեկատվության վրա, ինչից հետո հնարավոր չէ այդ փաստաթուղթը կեղծել: Էլեկտրոնային ստորագրությունը ստեղծվել է ներքին փաստաթղթաշրջանառությունը տարբեր ընկերություններում կարգավորելու համար, օգտագործվել է էլեկտրոնային կառավարության համակարգերում: ՀՀ-ում էլեկտրոնային ստորագրություն է տրամադրում «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածնքերի ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ն` համապատասխան տարեկան սպասարկման վճարի դիմաց. առաջին տարվա համար` 15000 դրամ, դրանից հետո յուրաքանչյուր տարի` 5000-ական դրամ:

Անտեղյակությո՞ւնն է պատճառը, որ մարդիկ ձեռք չեն բերում էլեկտրոնային ստորագրություն, թե՞ լրացուցիչ ծախսերից են խուսափում:

Եվ այն, և այն, ինչպես նաև պահպանողականությունը: Բացի դրանից՝ մարդկանց զգալի մասի կարծիքով էլեկտրոնային ստորագրություն ստանալը շատ բարդ գործընթաց է. կա նաև վախ` «բա որ հանկարծ ինչ-որ բան այնպես չանեն»: Իհարկե, զգույշ պետք է լինել, որովհետև ընկերությունների գրանցումը որոշակի իրավական հետևանքներ ունեցող գործընթաց է, բայց չափից ավելի անհանգստանալը արդյունք չի տալիս: Եթե անտեղյակ են, ապա ekeng.am կայքում (Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի` ԷԿԵՆԳ-ի պաշտոնական կայք- Մ.Մ.) կա բացատրություն, թե ինչ է էլեկտրոնային ստորագրությունը, ինչպես այն ձեռք բերել, ինչպես կարելի է օգտագործել:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պաշտոնական կայքում`e-register.am-ում, չկա:

Կայքում կան տվյալներ, թե ինչպես պետք է գրամցում կատարել, բացատրված է նաև էլեկտրոնային եղանակով փաստաթղթեր ներկայացնելու կարգը, էլեկտրոնային գրանցման կարգը և զետեղված է այլ անհրաժեշտ տեղեկատվություն: Բայց թե ինչ է էլեկտրոնային ստորագրույթյունը, չկա, որովհետև դա ռեգիստրի գործառությների մաս չի կազմում... Բայց երբ առկա է էլեկտրոնային ստորագրությունը, գրանցումը կարող է կատարվել առցանց և հետևաբար ավելի շատ ավելի արագ: Օրինակ, վերջերս կայքի պրեզենտացիաներից մեկի ժամանակ ՍՊԸ-ի գրանցումը տևեց 9ր 40 վրկ:

Իսկ առավելագույնը ինչքա՞ն կարող է տևել գրանցումը:

Անբարենպաստ բոլոր պայմանների առկայության դեպքում գրանցման ժամանակահատվածը, որպես կանոն չի կարող գերազանցել  ժամ, ժամուկեսը... իսկ այդ ժամանակը կախված է մի քանի հանգամանքից, օրինակ` քանի հոգի են գրանցվող ընկերության մասնակիցները: Եթե մասնակիցը մեկ հոգի է, ապա լրացվում են մեկ հոգու տվյալներ, և գործընթացը ավելի կարճ է տևում: Կա ևս մեկ խնդիր՝ հերթերը: Հերթեր գոյանում են հիմնականում ամսվա սկզբին, որովհետև անձինք առավել շատ նոր բիզնես գրանցում են հենց այդ ժամանակ: Հիմա աշխատանքներ են տարվում Երևան քաղաքի սպասարկման կենտրոնում պատուհանների քանակի ավելացման ուղղությամբ, ինչը կնպաստի հերթերի էական նվազեցմանը:

Երբ սկսեց գործել բիզնեսի գրանցման «Մեկ պատուհանի» սկզբունքը, շրջանառության մեջ մտավ մի հումոր, որ այսուհետև կաշառքն էլ է տրվելու մեկ պատուհանից, իսկ առցանց գրանցման դեպքում կաշառելու եղանակներ են Web Money, Paypall և էլեկտրոնային փոխանցման այլ համակարգեր… Ինչպե՞ս եք վերաբերվում նման կատակներին:

Բարեփոխումների նպատակներից մեկը եղել է համակարգի հնարավորինս պարզեցումը, որպեսզի կաշառելու կամ միջամտելու անհրաժեշտություն կամ ցանկություն չլինի: Եվ իրականում էլ համակարգը անհամեմատ պարզեցվել է: Սակայն, եթե մարդը կաշառելու նպատակ կամ ցանկություն ունի, ապա եղանակներ միշտ էլ կգտնի: Հարկ եմ համարում նշել նաև, որ բարեփոխումների հիմնական նպատակը ոչ թե անձնական շփումները լրիվ բացառելն է եղել, այլ անհարկի շփումները բացառելն ու գրանցման գործընթացի վրա մարդու ծախսած ժամանակի նվազեցումը: Իսկ, եթե որևէ մեկը նկատել է խախտումներ, թերություններ, լավ կլինի կոնկրետ օրինակներով ու փաստերով նշի, որպեսզի հնարավորություն ունենանք շտկել դրանք: Օրինակ, եթե փաստեր ունեն, որ որևէ աշխատող ձգձգել է գրանցման գործընթացը կամ խնդիրներ է առաջացրել, պատրաստ ենք քննարկել այդ աշխատողին պատժելու, ընդհուպ մինչև աշխատանքից հեռացնելու հարցը…:

Վերջերս մի ընկերություն Ֆեյսբուքում տարածում է հայտարարությունը, որ կատարում է իրավաբանական անձի գրանցում 400 դոլարով 4 օրում: Հաճախորդներ ձեռք կբերի՞. չէ՞ որ «Մեկ պատուհանը» ենթադրում է բիզնեսի անվճար գրանցում:

Մեկ պատուհանը չի նշանակում անվճար գրանցում, այն նշանակում է արագ և մեկ վայրում ծառայության մատուցում: Միաժամանակ նշված ծառայությունների համար պարտադիր է վճարել պետական տուրք, իսկ որոշ դեպքերում նաև կառավարության որոշմամբ սահմանված վճար (արտաբյուջետային վճար): Տուրքի և վճարի գումարների, վճարման դեպքերի և դրանց դիմաց մատուցվող ծառայությունների մասին տեղեկատվությունը հասանելի է ինչպես ռեգիստրի կայքում, այնպես էլ ռեգիստրի բոլոր գրասենյակներում: Իսկ Ձեր նշված երևույթի մեջ սարսափելի ոչինչ չեմ տեսնում: Շուկայում գործում են բազմաթիվ ընկերություններ, որոնք մատուցում են կորպորատիվ իրավունքի, այդ թվում նաև ընկերություն գրանցելու, տարբեր ծառայություններ: Այդ ընկերությունները իրավաբանական ծառայություններ են մատուցում: Այս համատեքստում կարևոր է, որպեսզի ծառայություններ մատուցող ընկերությունները գործեն օրինական դաշտում, վճարեն հարկերը: Իհարկե, անհրաժեշտ է, որ միաժամանակ ռեգիստրը իր գործառույթները կատարի բարձր որակով և առանց անհարկի ձգձգումների, ինչը և ընդհանուր առմամբ արվում է:

Իրավաբանական ի՞նչ ծառայություններ:

Օրինակ` երբ խոսքը արտասահմանյան ընկերությունների դուստր ձեռնարկությունների հիմնադրման մասին է Հայաստանում, կամ մի շարք այլ դեպքերում որոշակի իրավաբանական գիտելիքներ են պետք: Հաճախ էլ իրավաբանական ընկերությունները իրենց հաճախորդների համար մշակում են կանոնադրության բավականին բարդ կարգավորումներ, ինչը նույնպես ենթադրում է լրացուցիչ աշխատանք և իրավաբանական գիտելիքներ: Տվյալ ընկերությունն իր կատարած աշխատանքը կարող է շատ բարձր գնահատել և ծառայության համար շատ հանգիստ կարող է պահանջել, օրինակ, 2000000 դոլար: Որևէ մեկը չի կարող արգելել այս կամ այն ընկերությանը մատուցել տարբեր, ներառյալ գրանցում կատարելու ծառայություններ: Նշված սկզբունքը հենց ազատ շուկայական տնտեսության հիմքն է: Ձեր նշած ընկերությունը հնարավոր է հեշտ փող աշխատելու ճանապարհ է գտել, որը ես ոչ մի կերպ չեմ կարող քննադատել, պայմանով որ գործում է օրինական դաշտում և օրենքի շրջանակներում: Ուրիշ հարց է, որ պետք է բարձրացվի մարդկանց տեղեկացվածության աստիճանը, որ նրանք կարող են ոչ թե վճարել այդ ընկերությանը, այլ գնան գործակալություն կամ էլ էլեկտրոնային եղանակով ինքնուրույն գրանցվեն, առանց որևէ բարդության և շատ ավելի արագ քան 4 օրն է:

Իրավաբանական անձի վճարովի գրանցում կատարող վերոնշյալ ընկերության նպատակն է, իրենց փոխանցմամբ, ձեռք բերել արտասահմանում բնակվող հայ հաճախորդներ: Ավելին, դեռ մեկ շաբաթ է, ինչ գործում է այս ՍՊԸ-ն, և արդեն մեկ սփյուռքահայ դիմող ունի: Եվ ինչքան էլ մենք հետևենք պարոն Օրբելյանի խորհրդին ու տարածենք «Մեկ պատուհանի» սկզբունքով անվճար և էլեկտրոնային եղանակով բիզնես գրանցելու մասին տեղեկությունը, այդ ընկերությունը դարձյալ հաճախորդ կունենա: Որովհետև արտասահմանից Հայաստանում բիզնես հիմնելու միակ տարբերակն էլեկտրոնային գրանցումն է: Էլեկտրոնային գրանցում կատարելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային ստորագրություն, իսկ էլեկտրոնային ստորագրություն, ՀՀ օրենսդրությամբ, ձեռք է բերվում միայն Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակից` Էկենգից: Այսինքն` էլեկտրոնային ստորագրություն չունեցող սփյուռքահայն իր երկրում բիզնես հիմնելու համար կամ պետք է հասնի Հայաստան, կամ էլ դիմի Հայաստանում գործող միջնորդ ընկերությանը՝ իր փոխարեն «Մեկ պատուհանից» ֆիզիկապես ներս նայելու համար: Եվ քանի որ այս դեպքում գրանցման էլեկտրոնային եղանակը տարածություն հաղթահարելու ուժ չունի, միջնորդ ընկերությունները կարող են փող աշխատել, ինչքան ուժ ունեն: ՀՀ հարկային ծառայությունից էլ թող շտապեն հավաքել «Մեկ պատուհանից» «չնախատեսված» հարկերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter