HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ս․Սարգսյանին արդարադատության նախարարը զեկուցել է ոլորտի բարեփոխումների և իրականացվող ծրագրերի մասին

Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր զեկուցել է նախարարության գործունեության հիմնական ուղղություններով իրականացվող միջոցառումների, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ձեռնարկվող ինստիտուցիոնալ բարեփոխումների մասին: Այս մասին տեղեկացնում է նախագահականը։

Նախարարը ներկայացրել է, որ կոռուպցիայի կանխարգելման հարցերով նոր մարմինը ձևավորվելու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա և հաշվի առնելով Սահմանադրության նոր լուծումները՝ ունենալու է ինքնավար մարմնի կարգավիճակ: Նոր մարմինը, ըստ արդարադատության նախարարի, օժտված է լինելու միջազգային չափանիշներին համահունչ անկախության երաշխիքներով՝ դրա անդամները նշանակվելու են Ազգային ժողովի կողմից, իրենց լիազորություններն իրականացնելիս չեն ենթարկվելու որևէ պաշտոնատար անձի կամ մարմնի, ինչպես նաև օգտվելու են անձեռնմխելիությունից: Մարմինը ֆինանսավորվելու է պետական բյուջեից և ունենալու է առանձին աշխատակազմ:

Արփինե Հովհաննիսյանը Ս․ Սարգսյանին զեկուցել է նաև, որ հակակոռուպցիոն մարմնին վերապահվել են այնպիսի նոր լիազորություններ, ինչպիսին են գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերի վերլուծությունը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անհամատեղելիության պահանջների և սահմանափակումների պահպանմանը հետևելը, կրթական և հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումներ իրականացնելը և այլն:

Հայտարարագրերի ներկայացման հետ կապված պահանջները խախտելու դեպքում մարմինն իրավասու է լինելու պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառել վարչական պատասխանատվության միջոցներ, իսկ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում՝ համապատասխան նյութերն ուղարկելու է դատախազություն:

Արդարադատության նախարարը տեղեկացրել է նաև, որ բարեփոխվել են կոռուպցիայի կանխարգելմանը նպաստող մի շարք ինստիտուտներ, այդ թվում՝ ներդրվել է շահերի հայտարարագրման համակարգ, ընդլայնվել է հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը, հստակեցվել են շահերի բախումները կանխարգելող կանոնները:

Սերժ Սարգսյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: Հանդիպման ավարտին Ս․Սարգսյանը շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին պաշտոնավարման ընթացքում նրա գործունեության համար և վստահություն հայտնել, որ նորընտիր Ազգային ժողովում Արփինե Հովհաննիսյանը կաշխատի նույնպիսի եռանդով և կլինի նույնքան ակտիվ, որքան կառավարությունում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter