
Հրուշակագործ. «Շուկան փակեցին մեր դեմ. բիզնեսս արտերկիր եմ տեղափոխելու»
Տարիներ շարունակ հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող Սաթիկ Աչիկյանը որոշել է թողնել բիզնեսն ու մեկնել արտերկիր՝ նույն բիզնեսով զբաղվելու։ Ասում է՝ հիմնական սպառման շուկա հանդիսացող սուպերմարկետները փակել են դռներն իրենց առջև, հարկերն էլ բարձր են։
Տիկին Սաթիկը ծնունդով Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից է։ Իր արտադրած հրուշակեղենի շարքում առանձնացնում է հենց «Քյավառի» գաթան։ 8 տարի առաջ արտադրամաս է հիմնել Երևանում և Գավառից հրավիրված մի քանի կանանց հետ սկսել հրուշակեղեն արտադրել «Սաթենիկ Հրուշակեղեն» ապրանքանիշով՝ որպես անհատ ձեռներեց։
«Գործունեության առաջին 6 տարիներին արտադրության շարունակական աճ ենք գրանցել, ակայն վերջին երկու տարում խիստ նվազել են ծավալները։ Անկումն այնքան մեծ է, որ շրջանառության հարկի պահանջը մեզ վրա չի տարածվում։ Եթե մինչև վերջին երկու տարին արտադրում էինք 500 կգ մինչև 1 տոննա հրուշակեղեն, ապա այսօր՝ արտադրվում է առավելագույնը 50 կգ։ Ես այս տարվա հունվարի 17-ից «կանգնած եմ»։ Իմ բիզնեսը հիմա տվել եմ վարձույթով։ Մնացել է իմ անունը, բրենդը։ Աշխատում են փոքր ծավալներով։ Շուկան փակեցին մեր դեմ։ Սուպերմարկետները փակեցին դռները մեր դեմ, քանի որ չենք կարողանում տալ ԱԱՀ-ով հարկվողի հաշիվ-ապրանքագիր։ Բացի այդ, սուպերմարկետներում մեր արտադրանքը հաջողության էր հասել, և հիմա նույն սուպերմարկետները, տեսնելով որ մեր արտադրանքը լավ է վաճառվում, իրենք են սկսել արտադրել նույնից ու մեզ դուրս մղել շուկայից»,- «Հետք»-ի հետ զրույցում պատմեց տիկին Սաթիկը։
Ըստ նրա, եթե առաջ աշխատում էին բոլոր սուպերմարկետների ու խոշոր խանութների հետ, ապա այսօր՝ մեկ սուպերմարկետի և փոքր խանութների ու կրպակների հետ. «Մեր արտադրության սկզբում, երբ մեր գաթան, որն իսկապես ավանդական հայկական է, առաջարկեցինք սուպերմարկետներին ու խանութներին, իրենց կողմից հետաքրքրություն առաջացավ և սկսեցինք համագործակցել։ Իսկ այսօր արտադրամասն աշխատում է շատ փոքր ծավալներով»։
«Ուզում եք, որ անկե՞ղծ խոսեմ,- ասում է նա ու շարունակում,- hարկերը բարձր են և ես շատ պարզ ասում եմ՝ դրա պատճառով է, որ մարդիկ աշխատում են ստվերում։ Իսկ սպառող ընկերությունը, սուպերմարկետները ասում են՝ ես չեմ կարող քեզ հետ աշխատել, որովհետև դու չես կարողանում տալ ԱԱՀ-ով հարկվող հաշիվ-ապրանքագիր։ Գնա, աշխատիր քեզ պես փոքր ընկերության հետ։ Իսկ ո՞վ է փոքրը։ Փոքրին չեն թողնում, որ շնչի։ Փոքր խանութները հերթով փակվում են»։
Բանն այն է, որ թե «Սաթենիկ Հրուշակեղեն»-ը, և թե մնացած փոքր ընկերությունները շրջանառության հարկ վճարողներ են։ Սակայն սուպերմարկետները նրանցից պահանջել են անցնել ԱԱՀ վճարող համարվողների դաշտ՝ նշելով, որ իրենց առաջ պահանջ է դրվել մատակարարներից ապրանքներն ընդունել բոլոր համապատասխան փաստաթղթերով։ Իսկ դա ենթադրում է հարկային լրացուցիչ բեռ փոքր ընկերությունների համար։ Մյուս կողմից էլ նույն սուպերմարկետները սկսել են արտադրել նույնանման և նույն որակի ապրանքներ և հրաժարվել այն գնել փոքր մատակարարներից։
«Բիզնեսս տեղափոխելու եմ արտերկիր։ Առաջիկա տարիներին Գերմանիայում ենք ապրելու։ Ամենայն հավանականությամբ, հենց այնտեղ էլ կաշխատեմ։ Իմ աշխատակիցները հիմա աշխատում են նույն արտադրամասում։ Ես իրենց ևս պատրաստվում եմ տեղափոխել արտերկիր՝ այնտեղ բիզնեսս շարունակելու համար»,- նշեց Ս. Աչիկյանը։
Հարցին, թե ինչ անկնալիքներ կան Կառավարությունից, գործարարը պատասխանում է. «Էլ ոչ մի հույս չունեմ։ Այնքան դուռ ծեծեցի, ոչ մեկը չբացվեց։ Վաճառում եմ իմ շարժական ու անշարժ գույքը, որ տեղափոխվեմ։ Իմ սեփական խոհանոցում ստեղծված բիզնեսն այսօր փակվում է։ Ինչու՞. որովհետև չեն նստում տետ առ տետ՝ լսելու մեր խնդիրները։ Վերևներից ասում են գնացեք ու ձեր հարցերը լուծեք այն ընկերությունների հետ, որոնք չեն վաճառում ձեր ապրանքը, այսինքն՝ սուպերմարկետի տնօրինության»։
առաջին լուսանկարում՝ Սաթիկ Աչիկյանը (աջից)
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել