Վ․ Ղուկասյան․ «Ընդդիմությունն ու դիմությունը չպետք է ավտոմատները քաշեն, իրար հետ կռվեն»
«Ասպարեզը» Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանից հետաքրքրվել է, թե ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո ինչպես է պատկերացնում իր աշխատանքը լրագրողների հետ, ովքեր հաճախ են շրջապատում իրեն եւ բազմաթիվ հարցեր ուղղում:
«Ես էլ չեմ հասկանում, թե ինչու եմ հետաքրքրում լրագրողներին: Կարող է իմ խոսքը հետաքրքիր է: Երբ որ իմ անուն-ազգանունով մի սայթ բացեցինք, 2 միլիոնից ավել դիտորդ ունեցանք: Հավանական է՝ ժողովուրդն ինձ շատ է սիրում, լրագրողներն ուզում են, որ իրենց ռեպորտաժներն ավելի համեմված լինեն: Փառք Աստծո, կաշխատեմ շատ նորմալ, էդ դավադիրներին չեմ պատասխանի, որոնք դավ են սարքում, իրենց ուշք ու միտքը դա է, որ ինչ-որ պատվիրված գալիս, հարցեր են տալիս, ինչ որ խնդիրներ են առաջ քաշում, 2-3 բառից հետո ես իրենց հասկանում եմ: Բայց էն նորմալ մարդկանց հետ, միանշանակ, կաշխատեմ, ես իմ խոսքը կասեմ, բա գնացել ենք ինչի համար, գնացել ենք ասենք, որ քաղաքը շատ վատ վիճակի մեջ է»,-ասում է Վ.Ղուկասյանը:
Գյումրու նախկին քաղաքապետը նաեւ պազարբանել է, թե ինչով է պայմանավորված եղել իր՝ ԱԺ ընտրություններին մասնակցելը:
«Ես դեմ եմ եղել սահմանադրական բարեփոխումներին, պատկերացրեք, մեկը ուզում է Գյումրու քաղաքապետ դառնա եւ պետք է անպայման կուսակցություն ներկայացնի, ես միանշանակ, դրան դեմ եմ:
99 թվականին ես անհատ եմ եղել եւ կուսակցություններն ինձ դեմ են եղել, բայց բոլորին հաղթել եմ… մի անհատ… ու ժողովուրդը ինձ է քվեարկել, ինչու եք այդ մարդու ճանապարհը փակում: Եւ այս ամեն ինչն է ստիպել, որ ես գամ, մտնեմ, գնամ էդտեղ հասնեմ: Իհարկե, նպատակներ ունեմ, ծրագրեր ունեմ, միայն կոճակ սեղմող չեմ լինելու, ակտիվ եմ լինելու, բայց՝ չափի մեջ, կառուցողական եմ լինելու: Ես չեմ ընդունում այն ընդդիմությանը, որը տեսնում է, որ իշխանությունը մի ճիշտ բան է անում, անպայման ասում է, թե դա սխալ է: Ես դրան էլ կողմնակից չեմ, ես էդպիսի բաներ չեմ պատկերացնում: Ընդդիմությունն ու դիմությունը չպետք է ավտոմատները քաշեն, իրար հետ կռվեն, էդպես չի լինի: Ես գտնում եմ, որ բոլորն էլ մեր հայ զավակներն են, մեր հայոց լեզվով խոսացողներն են, այնտեղ եւ լավը կա, եւ վատը կա: Տա Աստված, որ լավերը շատ լինեն, ժողովրդի կարիքը հոգան եւ էս վիճակից մեզ դուրս հանեն: Ես նախանձով եմ նայում էն պետություններին, որոնք մեզանից շատ լավ են, թեկուզ Վրաստանը: Ուզում եմ, որ մենք էլ լավ լինենք, նստենք, մտածենք, ոչ թե թողնենք գնանք: Աստված մեզ էստեղ է ստեղծել, դե, եկեք մենք էլ կառուցենք, եկեք մենք էլ ստեղծենք, կյանք դնենք, ինչ պետք է անենք, հասկանանք, հավաքվենք, իրար հետ նստենք, քննարկենք, վերջը մենք էդքան խելք ունենք, ամոթ է»:
Անի Մկրտչյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել