HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օրենսգրքում առկա խնդիրները խոչընդոտում են անտառի ու դրա բնական ռեսուրսների կայուն կառավարմանը

Սույն աշխատանքով փորձ է արվում հնարավորինս հակիրճ և հանրամատչելի ներկայացնել ՀՀ անտառային օրենսգրքում առկա որոշ հակասություններ և թերություններ, ինչպես նաև հնարավորության դեպքում առաջարկել դրանց վերացման տարբերակներ:

1. Անտառ հասկացությունն՝ ըստ ՀՀ անտառային օրենսգրքի

Շատ կարևոր դեր ունեն օրենսգրքում ամրագրված հաuկացությունները, քանի որ դրանցով են սահմանվում օգտագործվող տերմինների իմաստները: Մի քանի լուրջ խնդիրներ կան հենց անտառի սահմանման մեջ, մասնավորապես.

 ա. Համաձայն սահմանման անտառ են հանդիսանում, և ծառաթփային բուuականության գերակշռությամբ կենuաբանական բազմազանության ու բնական միջավայրի բաղադրիչների փոխադարձորեն կապված և միմյանց վրա փոխազդող ամբողջությունը, այսինքն փաստացի առկա անտառը և նախկինում անտառածածկ անտառային հողերի ոչ անտառածածկ տարածքները: Անտառի նման սահմանումը բոլոր տեսանկյուններից բերում է աբսուրդի, քանի որ օրենսգրքի իմաստով անտառ են համարվում նաև փաստացի անտառազուկ տարածքները` դրանից բխող բոլոր հետևանքներով:

Որպես օրինակ պատկերացնենք գործընթաց, որի ընթացքում անհրաժեշտ է հաշվառել և ամրագրել Հայաստանի Հանրապետության անտառների քանակն ըստ հեկտարների, այս դեպքում, իրավական տեսանկյունից պետք է հաշվառվեն նաև սահմանման մեջ ամրագրված` փաստացի ոչ անտառածածք տարածքները և արդյունքում կունենանք մեծ թվով անտառ անվանումով`փաստացի ոչ անտառածածք տարածքներ, կամ պատկերացնենք անտառի, որպես անշարժ գույքի, նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման գործընթացը, այստեղ նույնպես մտնում ենք աբսուրդի դաշտ, քանի որ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի որպես առանձին գրանցման ենթակա օբյեկտներ` պետական գրանցման են ենթակա, և հողերի, և անտառների նկատմամբ բոլոր գույքային իրավունքները ու անհասկանալի է, թե որպես ինչ պետք է դիտարկվեն փաստացի անտառային հող, սակայն օրենսգրքի իմաստով նաև անտառ հանդիսացող տարածքները` դրանից բխող իրավական հետևանքներով:

Որպես աբսուրդի անալոգիա պատկերացնենք հասկացություն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում համաձայն որի` «շենք, շինություն են համարվում նախկինում կառուցապատված, սակայն տվյալ պահին որևէ  շենք, շինությամբ չծանրաբեռնված քաղաքաշինական նշանակության հողերը»:

Այստեղ իրավական տեսանկյունից անհասկանալի և անընդունելի է նաև «նախկինում» բառի օգտագործումը, քանի որ այն չի տալիս նախկին ժամանակի որևէ սահմանափակում և դրա տակ կարելի է հասկանալ նախկին` ցանկացած ժամանակաշրջան:

բ. անտառ հասկացության` փաստացի անտառածածկ մասերը սահմանող մասի համաձայն անտառ է անտառային հողերում ծառաթփային բուuականության գերակշռությամբ կենuաբանական բազմազանության ու բնական միջավայրի բաղադրիչների փոխադարձորեն կապված և միմյանց վրա փոխազդող ամբողջությունը, որի նվազագույն մակերեuը կազմում է 0,1 հեկտար, նվազագույն լայնությունը` 10 մետր, և որտեղ ծառերի uաղարթը ծածկում է տվյալ տարածքի առնվազն 30 տոկոuը:

Այստեղ խնդիր է առաջացնում անտառի իրավական սահմանման հիմքում միգուցեև  մասնագիտական առումով ճիշտ, սակայն իրավական տեսանկյունից անընդունելի քանակական և որակական հատկանիշներ դնելը, որովհետև այս դեպքում միանշանակ լինելու են իրավիճակներ, երբ գործընթացը մտնելու է իրավական փակուղի, քանի որ պետական գրանցում ստացած անշարժ գույքը մարդկային և այլ գործոնների արդյունքում «կարող է  դադարել» անշարժ գույք հանդիսանալուց` իր բոլոր իրավական հետևանքներով:

Օրինակ պատկերացնենք, որ որպես անշարժ գույք արդեն պետական գրանցում ստացած անտառում  հրդեհի, օրինական կամ ապօրինի հատումների հետևանքով  ծառերի սաղարթը ծածկում է տվյալ տարածքի ոչ թե 30 այլ 25 տոկոuը, կամ լայնությունը դառել է 8 մետր, այս դեպքում տվյալ տարածքում  փաստացի առկա անտառն իրավական տեսանկյունից կդադարի համարվել անտառ:

Վերընշված խնդիրները վերացնելու համար առաջարկվում է վերախմբագրել օրենսգրքի անտառ սահմանումը`այն հստակ տարանջատելով անտառային հողերի ոչ անտառածածկ տարածքներից, իսկ փաստացի անտառապատ տարածքները սահմանել այնպես, որ դրանց քանակական կամ որակական փոփոխությունների արդյունքում անտառը «չդադարի անտառ» համարվելուց:

2. Անտառների դաuակարգումն՝ ըuտ դրանց հիմնական նպատակային նշանակության

Համաձայն օրենսգրքի՝ Հայաuտանի Հանրապետությունում անտառները, անկախ uեփականության ձևից, ըuտ իրենց հիմնական նպատակային նշանակության` դաuակարգվում են` պաշտպանական, հատուկ և արտադրական նշանակության:

Դաuակարգման կարևորությունը կայանում է նրանում, որ անտառօգտագործման այս կամ այն տեսակի թույլատրելիութունն ուղղակիորեն պայմանավորված է անտառների նշանակության  հետ: Օրինակ օրենսգրքի 36-րդ հոդվածը սահմանում է, որ արտադրական նշանակության անտառներում բնափայտի մթերումն իրականացվում է միջանկյալ, uանիտարական և անտառավերականգնման հատումների արդյունքում, իսկ պաշտպանական և հատուկ նշանակության անտառներում բնափայտի մթերումն իրականացվում է միայն միջանկյալ և uանիտարական հատումների արդյունքում և այլն:

Այստեղ առկա է երկու խնդիր.

ա. անտառների նշանակություն սահմանող հոդվածներն այնքան դեկլարատիվ  են և հեռու իրականությունից, որ շատ դեպքերում ուղղակի հնարավոր չէ դասակարգել անտառը:

Օրինակ, համաձայն օրենսգրքի 11-րդ հոդվածի, պաշտպանական նշանակության անտառներ են` բարձր թեքության (30 աuտիճանից ավել) վրա գտնվող անտառները և բուuաբանական, կենդանաբանական այգիների  շրջակա 100 մետր շառավղով անտառները, իսկ 12-րդ հոդվածի համաձայն հատուկ նշանակության անտառներ են քաղաքային և քաղաքամերձ անտառները: Այստեղ հարց է առաջանում Երևան քաղաքի Նորքի` բարձր թեքության վրա գտնվող անտառը, կամ Երևանի կենդանաբանական և բուuաբանական այգիների շրջակա` 100 մետր շառավղով անտառները,որոնք գտնվում են Երևան քաղաքի մեջ պաշտպանական, թե հատուկ նշանակության անտառներ են և այլն:

բ. հաշվի առնելով ՀՀ տարածքի համեմատաբար փոքր մակերեսն ու ռելիեֆային բազմազանությունը, ինչի արդյունքում օրինակ մեկ քառակուսի կիլոմետր տարածքով անտառում կարող են լինել տարածքներ /կտորներ/, որոնք կբավարարեն դասակարգման այս կամ այն սկզբունքը, կարծում եմ, որ ուղղակի հնարավոր չէ հստակ իրարից տարանջատել և դասակարգել անտառները այս կամ այն նշանակության ու այդ պատճառով էլ մինչ օրս ՀՀ- ում անտառները դեռ դասակարգված չեն:

Այս իրավիճակից դուրս գալու նպատակով առաջարկվում է օրենսգրքում կատարել  համապատասխան փոփոխություններ` սահմանելով, որ դասակարգվում են ոչ թե անտառները, այլ անտառները  գոտիավորվում, կամ բաժանվում են համապատասխան գոտիների, որոնք էլ ըuտ իրենց հիմնական նպատակային նշանակության դասակարգվում են: Այստեղ անհրաժեշտ է նաև հստակ սահմանել գոտիավորման և դասակարգման` մասնագիտորեն հիմնավորված և կիրառման տեսանկյունից իրատեսական սկզբունքներ ու մեխանիզմներ:

3. Բնափայտի մթերում

Համաձայն օրենսգրքի 36-րդ հոդվածի ՀՀ պետական անտառներում բնափայտի մթերումն իրականացվում է uանիտարական, անտառավերականգնման և միջանկյալ (խնամքի) հատումների միջոցով:

Այստեղ որևէ եզրակացություն անելու համար փորձենք պարզել, թե օրենսգրքի նորմերի համաձայն իրենցից ինչ են ներկայացնում վերընշված հատումների տեսակները:

ա. Սանիտարական հատումներ

Օրենսգրքի 8-րդ գլխով սահմանվում են անտառների պահպանության և պաշտպանության նպատակով իրականացվող գործողությունները, ինչպես նաև կանոնակարգվում են դրանց հետ կապված իրավահարաբերությունները:

Համաձայն նշված գլխում ամրագրված 22-րդ հոդվածի անտառի uեփականատերերը և  անտառային տնտեuություն վարող անձինք պարտավոր են անտառները պաշտպանել վնաuակար oրգանիզմների զանգվածային բազմացումներից ու բնական այլ վնաuակար ազդեցություններից, իսկ որպես անտառների՝ վնաuակար oրգանիզմներից և հիվանդություններից պաշտպանության միջոցառումներ  (գործիքներ ) են սահմանված անտառապաթոլոգիական ուuումնաuիրությունները,  անտառի վնաuատուների ու հիվանդությունների կանխարգելման աշխատանքների և uանիտարական հատումների  իրականացումը: Համաձայն 25-րդ հոդվածի սանիտարական հատումները պետք է կատարվեն անտառների uանիտարական վիճակի բարելավման ու վնաuատուների և հիվանդությունների բացաuական ազդեցության հետևանքով կենuունակությունը կորցրած կամ ցցաչոր և չորացած ծառերի ոչնչացման նպատակով:

բ. Անտառավերականգնման հատումներ

Անտառահատման այս տեսակի մասին խոսվում է միայն օրենսգրքի հասկացություններում՝ համաձայն, որի անտառավերականգնման հատումներ են` հասուն և գերհասուն անտառներում բնական միջավայրի բարելավման և անտառավերականգնման նպատակով իրականացվող հատումները:

Սակայն հետաքրքրքկան է այն փաստը, որ Օրենսգրքի 9-րդ գլխում, որով սահմանվում են անտառների անտառավերականգնման և անտառապատման նպատակներն ու այդ նպատակով իրականացվող գործողությունները, իսպառ բացակայում է որևէ բառ, կամ ակնարկ անտառավերականգնման հատումների վերաբերյալ:

գ. Միջանկյալ (խնամքի) հատումներ

Անտառահատման այս տեսակի մասին նույնպես ասված է միայն օրենսգրքի հասկացություններում, համաձայն որոնց՝ խնամքի (միջանկյալ) հատումներ են ծառուտում գլխավոր անտառատեսակ կազմող ծառատեսակի աճին խոչընդոտող դանդաղաճ ծառերի պարբերաբար հեռացման նպատակով իրականացվող հատումները: Այս սահմանումից միայն կարելի է ենթադրել, որ խնամքի (միջանկյալ) հատումները նույնպես կարող են կամ պետք է իրականացվեն անտառավերականգնման նպատակներով:

Վերոգրյալի վերլուծությունից ստացվում է, որ

ա. Սանիտարական հատումներն անտառկառավարողի կողմից  իրականացվող՝   անտառի կառավարման  մաս կազմող գործողություն է, որի նպատակն է անտառից  հեռացնել բացառապես կենuունակությունը կորցրած կամ ցցաչոր և չորացած ծառերը, հետևաբար uանիտարական հատումների միջոցով բնափայտի մթերում իրականացնելը, մեղմ ասած, անհասկանալի է և չի տեղավորվում հասարակ տրամաբանության  շրջանակներում, քանի որ անհասկանալի է կենսունակությունը կորցրած և չորացած ծառերը, որպես բնափայտ դիտարկելը:

բ. Անտառավերականգնման և խնամքի (միջանկյալ) հատումների հետ կապված որևէ իրավահարաբերություն օրենսգրքով կանոնակարգված չէ, սահմանված չեն դրանց իրականացման նպատակները, դեպքերը, մեխանիզմները և այլն, ինչի արդյունքում կարելի է պնդել, որ անտառավերականգնման և խնամքի (միջանկյալ) հատումներն առանց որևէ նորմի առկայության, ուղղակի մտցվել են հասկացությունների մեջ, ինչը հնարավորություն է տալիս ցանկացած հատման  անունը դնել «անտառավերականգնման» կամ «խնամքի (միջանկյալ)»:

Վերընշված հիմքերի առկայությամբ աբսուդի է վերածվում այն նորմը համաձայն, որի ՀՀ անտառներում բնափայտի մթերումն իրականացվում է՝ կենuունակությունը կորցրած, ցցաչոր և չորացած  ծառերի և որևէ նորմով չսահմանված, օրենսգրքի համապատասխան գլուխներում՝ որպես գործողություն բացակայող անտառավերականգնման և խնամքի (միջանկյալ) հատումների միջոցով:

Անհրաժեշտ է նշել նաև, որ նման ոչ իրատեսական և ոչ հստակ սահմանումները հնարավորություն են տալիս նշված հատումների անվան տակ մթերել անենալավ որակի և առողջ ծառերը:

Այս իրավիճակից դուրս գալու համար առաջարկվում է ամբողջությամբ վերանայել և  օրենսգրքում հստակեցնել  բնափայտի մթերման հարցերը կանոնակարգող նորմերը՝ տարանջատելով անտառի կառավարման մաս կազմող պաշտպանության նպատակով իրականացվող  կենuունակությունը կորցրած, ցցաչոր և չորացած  ծառերի  անտառից հեռացման գործողությունները:

Ինչ վերաբերվում է անտառավերականգնման և խնամքի (միջանկյալ) հատումներին նախ անհրաժեշտ է հստակ սահմանել դրանց իրականացման նպատակները, դեպքերը, մեխանիզմները և այլն, ինչից հետո միայն կարելի է խոսել այն մասին արդյոք դրանք կարող են հանդիսանալ բնափայտի մթերման միջոցներ թե ոչ: 

4. Անտառային պաշարների օգտագործում

Համաձայն օրենսգրքի երրորդ հոդվածի` անտառում առկա բնափայտի, բույuերի և անտառներում վերարտադրվող այլ անտառանյութի ամբողջականությունը համարվում է անտառային ռեuուրu, իսկ անտառային ռեuուրuների` ըuտ ծավալի, քանակի, որակի, ձևի ու տարածքային տեղադիրքի oգտագործման ենթակա թույլատրելի մաuը անտառային պաշար: Այսինքն անտառներում կարելի է օգտագործման տրամադրել միայն անտառային ռեuուրuների` ուսումնասիրությունների միջոցով և գիտական հիմնավորման արդյունքում ձևավորված անտառային պաշար հանդիսացող մասը:

Նույն սկզբունքի վրա հիմնված նորմեր են ամրագրված նաև «Բուսական աշխարհի մասին» և «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքներում և ըստ էության հենց այդ նորմերի առկայությամբ է պայմանավորված օրենսգրքում անտառային պաշար հասկացության «պարտադրված» ամրագրումը: Ինչու պարտադրված, որովհետև օրենսգրքի` այն հոդվածներում  որոնցով արդեն կանոնակարգվում են ոչ բնափայտային անտառային ռեuուրuների օգտագործման հարցերը, խորհրդավոր ձևով անհայտանում է անտառային պաշար հասկացությունը: Առաջին հայացքից աննկատ այս «թերությունը» հնարավորություն է տալիս «կողմնակի անտառoգտագործում» անվան տակ առանց որևէ ուսումնասիրության  և  հիմնավորման անխնա օգտագործման տրամադրել դեռ «անտառային պաշար»  չդարձած «անտառային ռեuուրuները»:

Հետաքրքրական է նաև այն փաստը, որ օրենսգրքում չկա որևէ նորմ կամ թեկուզ մեկ տող այն մասին, թե ինչպես` ինչ սկզբունքներով, կամ մեխանիզմներով պետք է ձևավորվեն անտառային պաշարները: Բազմաթիվ խնդիրներ կան նաև անտառօգտագործման իրավունքի տրամադրման նորմեր սահմանող հոդվածներում, որոնց անդրադարձ չի կատարվում քանի, որ սկզբում անհրաժեշտ է կանոնակարգել այն խնդիրը` կարելի է արդյոք տրամադրել օգտագործման, թե ոչ, հետո նոր մտածել օգտագործման տրամադրելու մեխանիզմները հստակեցնելու մասին:

Օրենսգրքում առկա է նաև խնդրին առընչվող մեկ նորմ, որը փակուղի է տանում կողմնակի անտառօգտագործման իրավունքի տրամադրման համարյա ամբողջ գործընթացը: Մասնավորապես, համաձայն 44-րդ հոդվածի՝ քաղաքացիներն իրավունք ունեն ազատորեն` առանց որևէ թույլտվության գտնվելու պետության uեփականության ներքո գտնվող անտառներում` անձնական oգտագործման նպատակով վայրի պտուղ, հատապտուղ, ընկույզ, uունկ և բույuեր հավաքելու համար:

Այստեղ խնդիրն այն է, որ /գոնե այս հարաբերության մասով/ ՀՀ օրենսդրական ակտերում որևէ նորմով սահմանված չէ «անձնական oգտագործման նպատակով» հասկացությունը, ինչի արդյունքում կարելի է ցանկացած նպատակով ու քանակով, առանց որևէ թույլտվության անխնա, ինչու չէ ընդհուպ մինչև տվյալ տարածքում որևէ տեսակի վերացման աստիճանի հավաքել անտառում գտնվող սնկերը,բույսերը և այլն` ներկայացնելով որպես անձնական oգտագործման նպատակով կատարվող հավաք: Այս դեպքում իրավական տեսանկյունից հակադրվելու որևէ հնարավորություն ուղղակի չկա:

Վերընշված խնդիրներին լուծումներ տալու նպատակով առաջարկվում է օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություններ` հստակ սահմանելով նորմեր, որոնցով տրամաբանորեն իրար հետ փախկապակցված`

ա. կձևավորվեն անտառային ռեuուրuներից` անտառային պաշարների ձևավորման գիտական հիմքերի վրա մշակված սկզբունքներն ու իրավական իրատեսական մեխանիզմները.

բ. իրենց առանձնահատկություններից ելնելով, հստակ և իրատեսական, կկանոնակարգվեն անտառային պաշարների օգտագործման տրամադրման իրավական մեխանիզմները.

գ. օրենսգրքից կամ ընդհանրապես հանել 44-րդ հոդվածում ամրագրված վերը նշված նորմը, կամ այնպես հստակեցնել «անձնական oգտագործման նպատակով» սահմանումը, որ ամբողջովին բացառվեն դրա հետ կապված տարաբնույթ մեկնաբանությունների հնարավորությունները:

Արսեն Կարապետյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter