HY RU EN

Ալավերդիում շենքերի վնասված տանիքների պատճառով բնակիչները լքում են իրենց բնակարանները

Ալավերդի համայնքի բնակարանային ֆոնդի հաշվեկշռում հաշվառված է 183 բազմաբնակարան շենք: Դրանց  մեծ մասը կառուցվել են 1970-ական թվականներին: Շենքերի  տանիքները տարիներ շարունակ չեն վերանորոգվել: Այդ պատճառով դրանցից մեկի՝ Մարտի 8-ի թիվ 1 շենքի 5-րդ հարկի բնակիչները կամ լքում են իրենց բնակարանները, կամ ճարահատյալ բնակվում են  անձրևաջրերի կաթոցքների տակ:

«Պետական ֆինանսավորմամբ 2017-2021թ.թ.-ին նախատեսվում է իրականացնել 14 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում»,- նշված է Ալավերդու զարգացման 2017-2021թ.թ. հնգամյա ծրագրում:

«Այս տարի վերանորոգելու ենք քաղաքի Ս./Սարահարթ թաղամասի 3 բազմաբնակարան շենքերի տանիքներ: Արդեն  կառավարության հրատապ ծրագրով  հաստատվել է  այդ շենքերի տանիքների կապիտալ վերանորոգման ծրագիրը»,- այսօր «Հետքին» հայտնեց  քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը:

Ալավերդու Մարտի 8-ի թիվ 1 շենքը շահագործվել է 40 տարի առաջ՝ 1977թ.-ին: Կենսաթոշակառու Հասմիկ Վարդանովայի 3 սենյականոց բնակարանը գտնվում  է այդ  շենքի  5-րդ հարկում: Հորդառատ անձրևներից իր բնակարանի  քանդված տանիքի պատճառով 62-ամյա  Հասմիկ Վարդանովայի բնակարանի սենյակների առաստաղները փլվել են:  Սենյակների հատակին շարված են բազմաթիվ  դույլեր ու  այլ ամաններ: Հասմիկ Վարդանովնայի 4 անձից կազմված ընտանիքը  ստիպված է եղել հեռանալ իրենց բնակարանից և վարձակալությամբ բնակվել Ալավերդու  Զորավար Անդրանիկի 30 շենքում:

«Մենք սպասում ենք տանիքի հարցի լուծմանը, որպեսզի  կարողանանք մեր տունը վերանորոգել և կրկին ապրել այստեղ: Այս պայմաններում մեր բնակարանում հնարավոր չէ ապրել»,-բացատրեց Հասմիկի հարսը:

Կենսաթոշակառու Ջուլիետա Ծատինյանի  ընտանիքը արդեն 40 տարի բնակվում է նույն հասցեի շենքի 5-րդ հարկի  2 սենյականոց բնակարանում։ «Մեր բնակարանի տանիքի մասին բազմիցս գրավոր դիմել ենք քաղաքապետարան: Մեզ ասել են, որ շենքի բնակիչները պետք է փող հավաքեն: Անցյալ տարի դիմել եմ քաղաքապետարանի բնակֆոնդի պատասխանատու Զավեն Շահմուրադյանին: Ես նրան ասել եմ, որ շենքի 5-րդ հարկի բնակիչներով 250 հազար դրամ ենք հավաքել: Զավեն Շահմուրադյանն ասաց՝ էդ փողը պահեք, մյուս տարվա համար: Այս  տարի էլի դիմում գրեցինք, գնացինք մոտը, Զ. Շահմուրադյանն ասաց, որ ֆոնդ չկա: Վերջին անգամ Զավեն Շահմուրադյանին դիմել ենք  մոտ մեկ ամիս առաջ: Ասաց վերանորոգման  ավելի կարևոր շենքեր կան: Աղջիկս ու ես Զ. Շահմուրադյանին պատմեցինք, որ մեր ննջարաններում չենք կարողանում քնել, անձրևը քնած ժամանակ մեր վրա կաթում է:  Հիմա մենակ ես եմ ապրում, աղջիկս  եկավ իմ մոտ մնալու, չկարողացավ էս պայմաններում ապրել,  թողեց, գնաց Երևան»,-պատմեց տիկին Ջուլիետան: 

Շենքի վերջին շքամուտքի 5-րդ հարկի 3 սենյականոց բնակարանի բնակիչ 45-ամյա Սամվել Պետրոսյանին մեզ չհաջողվեց հանդիպել: Հարևանները պատմեցին, որ Սամվելը մենակ է ապրում անձրևաջրերից քանդվող իր 3 սենյականոց բնակարանում:  Նրա պատշգամբը կիսափուլ վիճակում է: Սամվելի կինը և երկու տղաները բնակարանի վատ վիճակի պատճառով մեկնել են Ռուսաստանի դաշնություն: Մեր այցելության ժամանակ բնակիչները պնդում էին,  որ տանիքի վերանորոգումը սկսելու դեպքում, շենքի ամբողջ բնակիչներով 500 հազար դրամ  կտան քաղաքապետարանին:

«Շահմուրադյանն էլ ասում է շենքի տանիքի վերանորոգումը ծրագրում չկա: Երբ անձրև է գալիս, շարված լագանները բերնեբերան լցվում են անձրևաջրերով: Տանիքից անձրևաջրերի հեռացման ժոլոբ չկա, բալկոնը ջուրը լցվում է, ներքեւի  հարևանը նեղանում է, թե ինչի ես վրաս ջուր թափում: Բացատրում եմ, որ տանիքից իջնող ժոլոբ չկա, անձրևաջուրը բալկոնս է լցվում, ինչ անեմ: Ես թոշակառու եմ, 37 հազար դրամ է թոշակս, ի վիճակի չեմ  բնակարանիս տանիքը սարքեմ, ինչ անեմ, ասեք»,- ասում է Ջուլիետա Ծատինյանը:

«Մենք 80 հազար դրամ բնակարանի վարձ ենք տվել, գոնե մեր տված փողով շենքի քանդվող տանիքները կսարքեին: Մասնավոր բանվոր ենք բերում, որ տանիքը սարքեն, 100 հազար դրամ էդ վարպետին փող ենք վճարում: Ոչ մի վարպետ տանիքը սարքելուց հետո մեր վճարած գումարի դիմաց կտրոն չի տալիս, որ  ներկայացնենք տնային կառավարչություն՝ փոխհատուցումը ստանանք, որտեղից տանենք իրենց կտրոն տանք»,- դժգոհեց 4-րդ հարկի բնակիչ Տիգրան Հախինյանը:

Վերջինիս պատմելով իր բնակարանի վերևի 5-րդ հարկում ապրող հարևան Էլզա Սամարջևան Հունաստանից 50 հազար դրամ է ուղարկել տանիքի իր բնակարանի հատվածը վերանորոգելու համար։ «80 հազար դրամ էլ ես եմ վճարելու. 4-րդ հարկում եմ ապրում , նրա բնակարանում ապրող չկա, առաստաղից թափվող անձրևաջրերը պետք է քանդեն իմ նոր վերանորոգված բնակարանի առաստաղը»,- բացատրում է Տիգրան Հախինյանը:

Քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը ասում է, որ ծայրահեղ ծանր վիճակում են այս տարի վերանորոգման նախատեսված երեք շենքերի տանիքները: Ալավերդու  հնգամյա զարգացման ծրագրում երեք շենքերի տանիքների վերանորոգումը քաղաքապետը որոշել է իրականացնել համայնքի բյուջեի 19,6 մլն. դրամ  ներդրումով: Այլ ներդրումներ լինելու դեպքում Կարեն Փարեմուզյանը հնարավոր է համարել շենքերի վնասված տանիքների վերանորոգման աշխատանքերի ծավալների մեծացումը: