Սերժ Սարգսյանը հանդիպել է Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով այսօր ժամանել է Իտալիա: Այցի առաջին օրը հանրապետության ղեկավարը Վատիկանում հանդիպում է ունեցել Նորին սրբություն Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հետ: Նախագահի և Նորին սրբության առանձնազրույցից հետո տեղի է ունեցել Բենեդիկտոս XVI-ի հետ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության ընդլայնված կազմով հանդիպումը:
Սերժ Սարգսյանը և Բենեդիկտոս XVI-ը գոհունակությամբ են խոսել Հայաստանի և Վատիկանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների մասին: Կողմերը մտքեր են փոխանակել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կաթոլիկ եկեղեցու միջև համագործակցության, հանուն համընդհանուր բարօրության՝ հասարակության մեջ երկու եկեղեցիների ունեցած մեծ դերի մասին: Ընդգծվել է սերունդներին քրիստոնեական արժեքների ոգով դաստիարակելու կարևորությունը:
Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաև Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Տարչիցիո Բերտոնեի հետ: Կողմերը կարևորել են երկկողմ բարձր մակարդակի հարաբերությունները խորացնելու անհրաժեշտությունը, խոսել են մշակութային կապերի ամրապնդման մասին ևս:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վատիկանին՝ արտերկրում հայկական մշակութային ժառանգության պահպանման համար: Երկուստեք համոզվածություն է հայտնվել, որ Հայաստանում և Վատիկանում դեսպանների նշանակումը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունները խորացնելուն:
Պետքարտուղար Կարդինալին հանդիպելուց հետո Սերժ Սարգսյանը Վատիկանում այցելել է Սուրբ Պետրոս Մայր տաճար և տաճարի արտաքին որմնախորշում տեղադրված Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանին:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ՝ այցի առաջին օրը Սերժ Սարգսյանն այցելել է նաև Հռոմի Սուրբ Նիկողայոս հայ կաթոլիկ եկեղեցին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել