
Ջավախքցին 1 տարվա ազատազրկման է դատապարտվել զենք պահելու և հանցագործությունը թաքցնելու համար
Ջավախքի Փարվանա գյուղի բնակիչ Խաչատուր Առաքելյանը զենք պահելու և հացագործությունը թաքցնելու համար մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 1 տարվա ազատազրկման: Մայիսի 11-ին նրա կալանքի 1 տարին լրացել է, և Խաչատուր Առաքելյանն ազատ է արձակվել:
Հիշեցնենք՝ մեղադրանքի համաձայն՝ Մառնեուլի շրջանում բնակվող ադրբեջանցիները առևանգել են Ադրբեջանի քաղաքացի՝ ներկայիս Աղստաֆայի (Աղստևի շրջանի) շրջանի բնակիչ Ջեյհուն Նովրուզովին, և Ռուսաստանի Դաշնությունում նրա մեծահարուստ եղբորից պահանջել են սկզբից 500, այնուհետև 200 հազար դոլար գումար: Սակայն եղբայրն այդ մասին տեղյակ է պահել և Վրաստանի, և Ադրբեջանի իրավապահներին:
Մառնեուլի ադրբեջանցիներին Խաչատուրը ճանաչել է վաղուց: Նրանք ամառային տաք եղանակներին իրենց անասունները բերում են Փարվանայի շրջակայք և վրաններ՝ տեղացիների ասած՝ «բինաներ խփում» այնտեղ: Վրաստանաբնակ ադրբեջանցիները Խ. Առաքելյանին մեկ օրով խնդրել են կացարան տալ իրենց: Խաչատուրն էլ տրամադրել է և երեկոյան միասին ընթրել են:
Երբ իրավապահները սկսել են մասնակիցներին և վկաներին որոնել, եկել են Առաքելյանների տուն և խուզարկել այն: Խուզարկության ժամանակ «Կալաշնիկով» տեսակի ավտոմատ է հայտնաբերվել: Առաքելյանին անցյալ տարվա մայիսի 11-ին ձերբակալել էին:
«Հետքի» հետ զրույցում Խաչատուր Առաքելյանը պատմեց, որ իր տնից հայտնաբերված զենքն իսկապես իրեն է պատկանել, և այդ հոդվածով դատարանը նվազագույն պատիժ է սահմանել՝ 1 տարի: «Իրենք հարցրին՝ զենք ունես, տեսնող է եղել: Ես էլ ասի՝ այո, ունեմ ու ինքս էլ հանձնեցի»,- պատմեց Խաչատուրը:
Դատարանում պարզվել է, որ Խաչատուրն իսկապես առնչություն չի ունեցել Ադրբեջանի քաղաքացու առևանգման հետ: Սակայն քանի որ ապաստան է տվել նրանց, դատարանը դիտարկել է դա հանցագործությունը թաքցնելու արարք և դատապարտել ևս 1 տարվա ազատազրկման:
«Ծանոթ մարդ եմ ընդունել, անծանոթ չէին, որ ասեն՝ ինչպե՞ս ես անծանոթներին ընդունել: Երկուսի հետ 25 տարի է՝ ծանոթ եմ ընտանիքներով»,- պատմեց Խ. Առաքելյանը:
Հանրագումարային՝ դատարանը վճռել է 1 տարվա ազատազրկման դատապարտել Խաչատուր Առաքելյանին՝ մեղավոր ճանաչելով Վրաստանի քրեական օրենսգրքի երկու՝ 236 և 375 հոդվածներով՝ զենք պահելը և հանցագործությունը թաքցնելը:
Գործով եվս երեք անձինք, որոնք նույնպես ապաստան են տվել այդ խմբին, դատապարտվեն են նույնչափ՝ 1 տարի ազատազրկման, իսկ 3 առևանգողները՝ 10 տարի ազատազրկման:
Խաչատուր Առաքելյանի խոսքով, ադրբեջանցիների միջև եղել է գումարային խնդիր, որն առաջացել է «Նիվա» մակնիշի մեքենայից: Առևանգվողի եղբայրը ՌԴ-ում վաճառել է այդ մեքենան, և գումարը չի տվել առևանգողներին, ինչի պատճառով խռովություն է առաջացել: Սակայն այդ ամենի մանրամասներն իրեն հայտնի չեն:
Խաչատուր Առաքելյանն արդեն տանն է:
Մեկնաբանել