
Միքայել Սրբազանի մանկության ու պատանեկության լուսավոր տարիները կապված են ֆուտբոլի հետ
«Իմ մանկության և պատանեկության լուսավոր տարիները կապված են հենց ֆուտբոլի հետ: Հիմա շատ չեմ հետաքրքրվում, սակայն 4 տարին մեկ անցկացվող աշխարհի առաջնության խաղերն անպայման նայում եմ,- «Շիրակ» ֆուտբոլային թիմի խաղացողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:- Երբ փոքր էինք, սպասում էինք մուտքի մոտ, որ մեկը գար, հետո խնդրում էինք «ձյաձյա, հետդ ներս մտնիմ», որովհետև երեխաների համար տոմս պետք չէր գնել, իսկ երբ մեծացանք, խաղադաշտի պարսպից էինք ներս ցատկում»:
Թեմի առաջնորդն ասաց, որ հրավերի նպատակը «Շիրակ» ֆուբոլային թիմի անդամների հետ ծանոթանալն ու ֆուտբոլի համաշխարհային օրվա (դեկտեմբերի 10) առթիվ շնորհավորելն էր: Սրբազանին հատկապես հետաքրքրում էր, թե ինչ մարզավիճակում են «Շիրակի» ֆուտբոլիստները, լեգեոներ ունեն, թե ոչ, մարզումներ անցկացնում են, ինչ հեռահար նպատակներ ունեն և այլն: Թեմի առաջնորդը հիշեց, և զրույցին ներկա ավագ տարիքի ֆուտբոլիստներն էլ հաստատեցին, որ խորհրդային տարիներին ֆուտբոլը մի ամբողջ մշակույթ էր:
«Ես հիշում եմ, որ էն տարիներին մարդիկ ֆուտբոլից որ գալիս էին, երկար ժամանակ հավաքվում էին մի տեղ ու քննարկում էին խաղը, որը շարունակվում էր նաև հաջորդ օրերին: Դե, ֆուտբոլ գնում էին միայն տղամարդիկ, կանայք իրավունք չունեին գնալու, որովհետև էնպիսի հայհոյանքներ էին հնչում, որ անհնար էր՝ այդպիսի միջավայրում կին արմատը ներկա գտնվեր,- ասաց Սրբազանն ու դիմեց հավաքվածներին:- Հիմա՞ էլ կանայք չեն գալիս»:
«Շիրակի» ֆուտբոլիստները ծիծաղեցին. «Դե իհարկե, չեն գա, որովհետև խաղերի վախտ ընպես կնախշեն մրցավարի ազգ ու տակին, հարևան-բարեկամին, օր լսելու բան չէ, խեղճերը գան, ինչ էնեն,- ասաց ֆուտբոլիստներից մեկը:- Բայց Երևանի ստադիոնը աղջիկների շատ եմ տեսել, ընտեղ կերթան, ընտեղ ավելի նորմալ է ամեն ինչը»:
Հետո հավաքվածները հիշեցին, որ Գյումրիում ավանդույթ է եղել թաղը թաղի հետ ֆուտբոլ խաղալը, դպրոցներն են ունեցել ֆուտբոլային թիմեր: Թաղերում կազմակերպված ֆուտբոլային խաղերը մշտապես ավարտվել են ծեծկռտուքով, հատկապես երբ պարտվողը եղել է հյուրընկալող կողմը:
«70-80-ականների «Շիրակի» ֆուբոլիստներին ոչ ոք անունով չէր հիշում, բոլորը մականուններ ունեին' Զապո, Լուլու, Աշխարհաբեկ,- հիշեց Միքայել Սրբազանը:- Եթե կհիշեք, «բակավոյից» տուգանային գնդակն ուղարկելը հենց Աշխարհաբեկից սկսվեց, ինքն է եղել հիմքը դնողը դրա: Գնդակը խփում էր ու ինքն էլ պառկում գետնին: Վատն էն էր, որ էդ տարիներին «Շիրակի» 2-րդ լիգայից ոչ մի կերպ չուզեց բարձրանալ: Հարմարվել էր իր այդ տեղին, ու թվում էր՝ կարևորը դա պահելն էր' ոչ վերև, ոչ ներքև: Ես և դպրոցական, և ճեմարանական տարիներին եմ ֆուտբոլ խաղացել, պաշտպան եմ եղել ու լավ էլ պաշտպանում էի: Հետո իհարկե անցան տարիներ, փակվեց խաղալու այդ էջը, և սկսվեց նայելու էջը: Բայց, ցավոք, միշտ չէ, որ հաջողվում է դիտարժան ֆուտբոլ տեսնել»:
«Շիրակի» ֆուտբոլային ակումբի անդամները խոստացան այսուհետև առավել դիտարժան ֆուտբոլ ցույց տալ, միգուցե դա շահագրգռի Միքայել Սրբազանին, և նրան տեսնեն Գյումրիում անցկացվող հանդիպումների ժամանակ: «Դա մեզ շատ կուրախացնի ու կոգևորի, եթե ձեզի տեսնինք տրիբունայում նստած»,- ասացին հանդիպման մասնակիցները: Միքայել Սրբազանը հիշեց, որ խորհրդային տարիներին թեմը ղեկավարող Նարեկ Սրբազանն աշխատում էր բաց չթողնել «Շիրակ» ֆուտբոլային թիմի խաղերը:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել