HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունը հայտնում է, որ կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը  հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել այսօր Ավան վարչական շրջանում քաղաքապետի ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբերից մեկում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Ստորեւ` հաղորդման տեքստը:

«Այսօր' 14. 05. 2017թ. առավոտյան ժամը 08:00-ից «Երկիր Ծիրանի» կուսակցության վստահված անձինք շրջում են Երեւանի ընտրատեղամասերում եւ արձանագրում տեղամասերում կուտակումներ 2-5 մետր շառավղով, որտեղից Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, պետական ծառայողները եւ, այսպես կոչված, թաղային հեղինակությունները քաղաքացիներին ուղղորդում էին դեպի ընտրատեղամասեր:
Տարոն Մարգարյանի' Ավան վարչական շրջանի շտաբներից մեկում, որը տեղակայված է Աճառյան թիվ 22 հասցեում, Զարուհի Փոստանջյանը հայտնաբերեց հանցագործության փաստ' ընտրակաշառք ստացած անձանց ցուցակներ: Զարուհի Փոստանջյանի կողմից ահազանգի հիման վրա դեպքի վայր ժամանած ոստիկանները խուսափել են հանցագործության փաստերն արձանագրելուց: Դեռ ավելին, ապօրինի գործողություններ են կիրառել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նկատմամբ, ով հանդիսանում է անձեռնմխելի անձ, եւ փորձել են նրան բերման ենթարկել ոստիկանական բաժանմունք: Հասկանալով եւ վախենալով, որ անձեռնմխելի պետական բարձրաստիճան պաշտոնյային չեն կարող բերման ենթարկել, այդուհանդերձ, կոպիտ եւ բիրտ միջոցներ կիրառելով' ոստիկանները մարմնական վնասվածքներ հասցնելով ոստիկանության մեքենա քաշքշելով տարել են Զարուհի Փոստանջյանին և նրա դստերը' Լիլիթ Դրամփյանին: Այնուհետեւ, փորձելով խուսափելով ապօրինի գործողությունները շարունակելուց, Զարուհի Փոստանջյանին ազատ են արձակել, իսկ դստերը ոստիկանության բաժանմունք տեղափոխելու ճանապարհին առանց մեկնաբանության անօգնական վիճակում թողել են փողոցում: Ներկայումս Զարուհի Փոստանջյանն ու իր դուստրը մարմնական վնասվածքներ ստանալու հետեւանքով գտնվում են բժշկական հսկողության ներքո:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը, ի դեմս Զարուհի Փոստանջյանի, խստորեն դատապարտում է ոստիկանների եւ նրանց հովանավորյալ Հանրապետական կուսակցության կողմից օրենքի եւ իրավունքի' նման ցինիկ եւ բացահայտ օրինախախտումներն ու ոտնձգությունները եւ հետամուտ է լինելու հանցագործներին պատասխանատվության կանչելու գործում»:

Լուսանկարը` www.azatutyun.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter