
Հրազդանի բնակիչն արժանացել է «Տարվա քաղաքացի» մրցանակին
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, Արմավիրի զարգացման կենտրոնը և Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատը օգոստոսի 1-ից ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսական օժանդակությամբ իրականացնում են «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագիրը, որի շրջանակներում իրականացվում են հակակոռուպցիոն բնույթի տարբեր միջոցառումներ:
Սկսած այս տարվանից՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա՝ դեկտեմբերի 9-ի առթիվ, ՇՊԱԿ-ների ազգային ցանցը սահմանել է «Տարվա քաղաքացի» մրցանակը, որը տրամադրվեց այն քաղաքացուն, ով գիտակցել է իր իրավունքների պաշտպանության կարևորությունը, ցուցաբերել սկզբունքային դիրքորոշում ու գործելակերպ՝ իր խախտված իրավունքների վերականգնման հարցում և ՇՊԱԿ-ներից մեկի իրավական օգնության շնորհիվ 2011թ. կարողացել է վերականգնել իր խախտված իրավունքները:
Այս տարի «Տարվա քաղաքացի» մրցանակը հանձնվեց Հրազդան քաղաքի բնակիչ, փոքրիկ խանութի սեփականատեր, ձեռնարկատեր Գագիկ Աթասյանին: Շահառուի իրավական խնդիրը կապված է եղել իր անձի նկատմամբ Հրազդանի տեղամասի հարկային տեսչության աշխատակիցների դրսևորած ոչ օրինական գործելակերպի հետ, երբ վերջիններս վարչական տույժ նշանակելու ոչ օրինական հիմքեր են ստեղծել: Դրա հետևանքով Հրազդանի տեղամասի աշխատակիցները կազմել են ստուգման ակտ և շահառուի նկատմամբ նշանակել է 150.000 դրամի չափով տույժ՝ հսկիչ դրամարկղային կտրոն չտրամադրելու ոչ իրական հիմքով:
Շահառուի՝ հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նկատմամբ դրսևորած անհանդուրժողականության և սեփական իրավունքները պաշտպանելու համարձակության ու հետևողականության, ինչպես նաև ՇՊԱԿ-ի աշխատակազմի մասնագիտական բարձր պատրաստվածության և ցուցաբերած օժանդակության շնորհիվ ոչ միայն հնարավոր եղավ ՊԵԿ-ի գանգատարկման հանձնաժողովի որոշմամբ չեղյալ համարել վարչական տույժի համար հիմք դարձած ստուգման ակտը, այսինքն՝ վերացվեց 150.000 ՀՀ դրամի տույժը, այլև խախտումներ կատարած հարկային ծառայողները ենթարկվեցին կարգապահական պատասխանատվության տարբեր միջոցների: Այս մասին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել