Արծվիկ Մինասյանի հանձնարարականը «տեղ չի հասել»
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հանձնարարականը կարծես թե «տեղ չի հասել»։
Երեկ «Ֆեյսբուք» օգտատեր Վահե Ավետիսը մեզ լուսանկարներ է ուղարկել, որտեղ Հրազդան գետի մակերեսը կրկին փրփրանման զանգվածով է պատված:
Մեզ հետ զրույցում Վահեն ասաց, որ գետի տարածքում է եղել առավոտյան 08։00-ի սահմաններում։ Այս անգամ կրկին գետը փրփուրով է պատված եղել նույն տեղում՝ Շենգավիթ վարչական շրջանով հոսող, «Ղռերի փոս» կոչվող հատվածում։
Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սուքիասյանը «Հետք»-ին հայտնեց, որ զբաղվում են այդ ահազանգով, տեսուչները քիչ անց գնալու են գետի տարածք, ջուրը` գետում թափվող բոլոր կետերից նմուշառեն հասկանալու համար, թե արտանետումը որտեղից է։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ էլ Վահեն լուսանկարներ էր հրապարակել, որտեղ գետը նույն տեսքին էր։ Այդ տարածքից նմուշառված ջուրը ենթարկվել էր լաբորատոր փորձաքննության և պարզվել, որ գետում ավտոլվացման կետերից, զվարճանքի վայրերից թափվում են փրփրանման նյութեր։ Նախարար Արծվիկ Մինասյանը հանձնարարել էր զննել գետի ողջ երկայնքը և պարզել, թե որտեղից է այդ փրփուրը լցվում գետը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել