HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ապահովագրական ընկերությունները ռեկորդային շահույթ են գրանցել

Հայաստանում գործող 6 ապահովագրական ընկերությունները հրապարակել են տարեկան ֆինանսական հաշվետվությունները, որոնք նաև աուդիտի են ենթարկվել։ 2016 թվականը բարենպաստ է եղել ապահովագրության ոլորտի համար։ Միայն ընկերություններից մեկն է, որ տարին վնասով է փակել։

Շուկայի ընդհանուր շահույթը (տարվա շահույթը) կազմել է  4.02 մլրդ դրամ, որը 2015 թվականի համեմատ աճել է 1.3  մլրդ դրամով կամ մոտ 50%-ով։  Սա ռեկորդային ցուցանիշ է այս շուկայի համար։ Ապահովագրության ոլորտը Հայաստանում աշխուժացավ 2011 թվականից, երբ ներդրվեց ԱՊՊԱ  համակարգն ու տարվա արդյունքներով գրանցվեց ավելի քան 2 մլրդ դրամի շահույթ։ Հետագա տարիներին կտրուկ տատանումներ են գրանցվել։ 2013-ին, օրինակ, շուկան տարին վնասով է փակել։ Իսկ 2015-ին տարվա շահույթը կազմել է շուրջ 2.7 մլրդ դրամ։

Իրենց տարեկան հաշվետվություններում և աուդիտի եզրակացությունից հետո ապահովագրական ընկերությունները երբեմն ճիշգրտումներ են կատարում եռամսյակային ցուցանիշներում։ Բայց, որպես կանոն, էական փոփոխություններ չեն արվում։ Հոդվածում օգտագործվել ենք տարեկան ճշգրտված հաշվետվությունների տվյալները, բացի «Ռեսո»-ից։ Նշված ընկերության տարեկան հաշվետվությունը չգտանք պաշտոնական կայքում, հետևաբար՝ օգտագործել ենք չորրորդ եռամսյակի վերջում հրապարակված հաշվետվության տվյալները։

Նշված հաշվետվությունները վկայում են, որ ապահովագրական շուկայում նախորդ տարի գրանցված շահույթի աճը հիմնականում պայմանավորված է հաճախորդներից հավաքագրված ապահովագրավճարների աճով, որոշ ընկերությունների դեպքում  էլ՝ ծախսերի կրճատմամբ։ Միևնույն ժամանակ, աճել է նաև հատուցումների ծավալը,  սակայն բացարձակ թվով հավաքագրված գումարներն ավելի շատ են աճել, քան հատուցումները։ Ավելի պարզ ասած՝ ապահովագրական ընկերություններն ավելի մեծ տեմպերով հավաքագրել են, քան հատուցել։ 

Մասնավորապես, ընկերությունների ընդհանուր համախառն ապահովագրավճարները կազմել են 32 մլրդ դրամ, որը 2015 թվականի համեմատ աճել է շուրջ 2 մլրդ դրամով կամ 6.5%-ով։

Իսկ համախառն հատուցումները նույն ընթացքում կազմել են 14.1 մլրդ դրամ, որը  2015 թվականի համեմատ աճել է 855 մլն դրամով կամ  6.7%-ով։

Գործող 6 ընկերություններից ամենամեծ շահույթը նախորդ տարի գրանցել է «Ռոսգոսստրախ-Արմենիա»։ Իսկ «Սիլ Ինշուրանս»-ը տարին վնասով է փակել, ինչպեսև՝ 2015-ին։

«Ռոսգոսստրախ-Արմենիա»-ի, «Ինգո Արմենիա»-ի և «Նաիրի Ինշուրանս»-ի շահույթը, 2015-ի համեմատ, աճել է։ «Ռեսո»-ն 2015-ի վնասից հետո 2016-ը դրական արդյունքով է ավարտել։ Իսկ «Արմենիա Ինշուրանս»-ի շահույթը նվազել է։

«Ռոսգոսստրախ-Արմենիա»-ի ապահովագրավճարները նվազել են, հատուցումներն՝ աճել։ Իսկ մնացածի պարագայում համախռն ապահովագրավճարներն աճել են։ Միևնույն ժամանակ «Ինգո Արմենիա»-ի և «Արմենիա Ինշուրանս»-ի հատուցումները նվազել են, մնացած երեքինն՝ աճել։

Ասվածն առավել մանրամասն, ըստ ցուցանիշների, ներկայացնում ենք ինֆոգրաֆիկայում.

Ով ինչ կշիռ ունի շուկայում տարեվերջի դրությամբ

Ընկերությունների կշիռը ապահովագրական շուկայում որոշելու ամենաընդունված տարբերակը համախառն ապահովագրավճարների դիտարկումն է։ Ըստ դրանց՝ նախորդ տարվա վերջի դրությամբ հայաստանյան ապահովագրական շուկայում առաջատարը շարունակում է մնալ «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ն, որը զբաղեցրել է շուկայի ավելի քան 29%-ը։ Հաջորդում են «Ինգո Արմենիա»-ն ու «Նաիրի Ինշուրանս»-ը։ Այնուհետև՝ «Սիլ Ինշուրանս»-ը, «Ռեսո»-ն ու «Արմենիա Ինշուրանս»-ը։ Հաջորդիվ կներկայացնենք, թե ինչ ծավալի հարկեր են վճարել նշված ընկերությունները։

ԱՊՊԱ-ն շարունակում է գերիշխել

Թե ապահովագրական վճարների, թե հատուցումների կառուցվածքում ամենամեծ կշիռը ԱՊՊԱ-ինն է (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն): Համախառն ապահովագրավճարների 50%-ից ավելին հավաքագրվում  է հենց ԱՊՊԱ-ի գծով։ Իսկ բժշկական ապահովագրությունն ապահովում է վճարների 15-20%-ը, գույքի ապահովագրությունը՝ շուրջ 10%-ը։  Մնացյալը՝ շուրջ 20%-ն են ապահովում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter