
«Ելք» դաշինքի հայտարարությունը Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ
«Ելք» դաշինքը 2017 թվականի մայիսի 14-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ հարկ է համարում արձանագրել հետեւյալը.
- Ընտրությունների պաշտոնական արդյունքները, ընդհանուր առմամբ, ձեւավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում եւ «Ելք» դաշինքին հաջողվել է արձանագրել իր օգտին տրված յուրաքանչյուր քվե:
- Ընտրական պրոցեսի ընթացքում Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբներից համատարած ընտրակաշառքներ են բաժանվել, այդ գործընթացը ունեցել է կազմակերպված եւ կենտրոնացված բնույթ, ինչի վերաբերյալ «Ելք» դաշինքին հաջողվել է ձեռք բերել անառարկելի ապացույցներ: Այս ապօրինի երեւույթից բխող մի շարք խախտումներ տեղ են գտել ընտրական տեղամասերում, ինչն արձանագրվել է «Ելք» դաշինքի վստահված անձանց կողմից:
- ՀՀ իրավապահ մարմինները ընտրակաշառքների դեմ պայքարում ցուցաբերել են համատարած անգործություն, իսկ որոշ դեպքերում հովանավորել են այդ գործընթացը՝ ընդհուպ խոչընդոտելով կատարված ընտրական հանցագործությունների բացահայտմանը. «Ելք» դաշինքին հաջողվել է ձեռք բերել եւ հրապարակել անառարկելի ապացույցներ, որ ՀՀ ոստիկանությունը լծված է եղել ՀՀԿ-ի օգտին ձայներ ապահովելու գործին, ինչը կոպտորեն հակասության մեջ է մտնում ոստիկանության քաղաքական չեզոքության մասին ՀՀ օրենսդրության պահանջների հետ: Քվեարկության օրը ոստիկանության ներկայացուցիչները բռնություններ են գործադրել «Երկիր ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանի եւ նրա դստեր նկատմամբ՝ ըստ էության խոչընդոտելով ընտրակաշառքների բաժանման վերաբերյալ հերթական փաստի բացահայտմանը:
- Ընտրակաշառքների բաժանման եւ ստացման շղթայում ներգրավված են եղել տասնյակ հազարավոր քաղաքացիներ եւ այդ երեւույթի նկատմամբ ձեւավորված է հանրային հանդուրժողականության մթնոլորտ, ինչը Հայոց պետականության հիմքում դրված դանդաղ գործողության ռումբ է:
- «Ելք» դաշինքը ակնածանք է արտահայտում բոլոր այն քաղաքացիներին, վստահված անձանց, դիտորդներին, ընտրական հանձնաժողովների անդամներին, ովքեր ընտրական տեղամասում առաջնորդվել են քաղաքացիական գիտակցությամբ, իրենց քվեով եւ գործունեությամբ պաշտպանել են օրինականությունը եւ ժողովրդավարությունը: Դաշինքը շնորհակալություն է հայտնում նաեւ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ֆինանսական, կազմակերպչական, քաղաքական եւ բարոյական աջակցություն են ցուցաբերել դաշինքին:
- «Ելք» դաշինքն արձանագրում է, որ մայրաքաղաքում ունի համակիրների ամուր եւ կայուն հենարան եւ Երեւանի ավագանիում «Ելք» խմբակցությունն իրեն համարում է դաշինքի օգտին քվեարկած շուրջ 70 հազար երեւանցիների պատվիրակը եւ Երեւանի ավագանիում հանդես է գալու նրանց անունից:
- «Ելք» դաշինքը ԱԺ-ում, Երեւանի ավագանիում իր գործունեության ընթացքում եւ ընդհանրապես՝ միջոցներ է ձեռնարկելու 2017 թվականի ԱԺ ընտրությունների Երեւանի ավագանու ընտրություններում տեղ գտած ապօրինի երեւույթների պատշաճ քննության իրականացմանը հասնելու համար, հետեւողական եւ սկզբունքային պայքար է մղելու այդ երեւույթների դեմ:
- «Ելք» դաշինքը ռազմավարական նպատակ է հռչակում Հայաստանի քաղաքացիների շրջանում տիրապետող հուսահատության մթնոլորտի հաղթահարումը եւ ամեն ինչ անելու է այս նպատակին հասնելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել