HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». մետրոպոլիտենում գումարները ստացել, բայց ցույց չե՞ն տվել

Երբ այս տարվա հուլիսի 1-ից Երևանի մետրոյի ուղեվարձը 50 դրամից միանգամից բարձրացվեց 100 դրամի, պատճառաբանեցին, թե մետրոն 50 դրամով աշխատելու պարագայում իրեն տնտեսապես չի արդարացնում, վնասով է աշխատում, ստացված միջոցները չեն բավարարում վերանորոգման և անհրաժեշտ մյուս աշխատանքները կատարելու համար:

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ ղեկավարությունը և պատկան ատյաններն անտեսեցին ԶԼՄ-ների և «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանի զգուշացումները, որ ուղեվարձի կրկնապատկումը բնակչության մի ստվար զանգվածի սոցիալական զգալի հարված կհասցնի ու կհանգեցնի ուղևորահոսքի լուրջ կրճատման: Արդեն հուլիսի առաջին կեսին մետրոպոլիտենի մամուլի քարտուղարը հայտնեց, որ մետրոպոլիտենի ուղևորների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, կրճատվել է շուրջ 14%-ով:

Եթե հավատանք ուղեվարձի բարձրացման վերոնշյալ պատճառաբանությանը, ապա պետք է նշենք, որ մետրոպոլիտենի ֆինանսական միջոցներն անհրաժեշտ ծախսերին չեն բավականացրել նաև այդ միջոցների հավաքագրման ու ծախսման նկատմամբ բազմաթիվ խախտումներով ուղեկցված խայտառակ վերաբերմունքի պատճառով: ՀՀ Վերահսկիչ պալատը (ՎՊ) օրերս հրապարակեց իր բացահայտումները, թե նշված ընկերությունն ինչպես է ծախսել գումարները և ինչ խոշոր գումարներ չի ստացել (համարձակվենք ենթադրել` իսկ գուցե ստացել, բայց ցույց չի՞ տվել, այսինքն` ոմանք իրենց գրպանն են դրել), որ պետք է ստանար:

Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի 2004 թ. մայիսի 6-ի թիվ 6/4 որոշմամբ հաստատվել է մետրոպոլիտենի տարածքների վարձակալության հանձնման գնացուցակը: Ստուգման արդյունքում պարզվել է, որ մի շարք դեպքերում տարածքները գնացուցակով սահմանված նվազագույն գներից զգալի ցածր գներով են տրվել վարձակալության` խախտելով վերը նշված որոշման պահանջները:

Օրինակ` «Բարեկամություն» կայարանում (առաջին գոտի) «Մեդիամեդ» ՍՊԸ-ին վարձակալությամբ տրվել է 8 քմ տարածք, 1 քմ-ն` 3750 դրամով, մինչդեռ պետք է տրվեր 11000 դրամով: Կամ` «Զորավար Անդրանիկ» կայարանում Ա/Ձ Սուսաննա Սարգսյանին վարձակալությամբ տրվել է 5 քմ տարածք, 1 քմ-ը` 5000 դրամով, մինչդեռ դարձյալ 11000 դրամով պետք է տրվեր: Նշված և նմանաբնույթ բազմաթիվ այլ խախտումների հետևանքով մետրոպոլիտենը 2009 թվականից մինչև 2011 թ. հուլիսի 22-ը կրել է 6 մլն 330500 դրամ վնաս, ինչը ենթակա է վերականգնման:

2009 թ. փետրվարի 2-ին «Մերիդիան 44» ՍՊԸ-ի հետ կնքվել է 24 հատ անվազույգի վերանորոգման պայմանագիր` 144000 ԱՄՆ դոլար արժեքով (մեկ անվազույգի վերանորոգման արժեքը` 6000 ԱՄՆ դոլար): Նույն թվականի մարտի 12-ին կնքվել է ակտ, որի համաձայն մետրոպոլիտենն անվազույգերից 20-ն իրենց ռեդուկտորներով հանձնել է «Մերիդիան 44» ՍՊԸ-ին: 2009 թ. ապրիլի 27-ին նշված ՍՊԸ-ի կողմից 20 անվազույգի համար կազմվել է հաշիվ-ապրանքագիր` 152000 ԱՄՆ դոլար արժեքով (մեկ անվազույգի վերանորոգման արժեքը կողմերի համաձայնությամբ 18.03.2009 թ. ավելացվել և հասցվել է 7600 ԱՄՆ դոլարի):

Այսպիսով 20 անվազույգի վերանորոգման համար 8000 դոլար ավելի է վճարվել, քան պետք է վճարվեր 24 անվազույգի վերանորոգման համար, բայց դա էլ դեռ մի կողմ... 2009 թ. մայիսի 4-ին կողմերի միջև կնքվել է աշխատանքների ընդունման ակտ` վերանորոգված 20 անվազույգի մասով: Սակայն, ինչպես բացահայտել է ՎՊ-ն, ընդունման ակտում նշված են միայն անվազույգերը: «Այսինքն` հին ռեդուկտորները չեն վերադարձվել մետրոպոլիտենին և այդ մասով որևէ փաստաթուղթ առկա չէ»,- նշված է Պալատի հաշվետվության մեջ:

«Գործարանային» կայարանի թիվ 1 շարժասանդուղքի վերանորոգման համար «Մետրոպոլիտենի նորոգմանմեխանիկական» ՓԲԸ-ի հետ կնքվել է պայմանագիր: Նախահաշիվը կազմել է 70 մլն 116100 դրամ, որում զուտ աշխատանքների դիմաց պահանջվող գումարը` 12 մլն 159100 դրամ: Հետագայում գումարն ավելացել է 750700 դրամով, որից 450600 դրամը` աշխատանքների համար: «Մետրոպոլիտենի նորոգմանմեխանիկական» ՓԲԸ-ի կողմից կատարված աշխատանքները կազմել են 12 մլն 609700 դրամ: Սակայն, ինչպես նշված է ՎՊ-ի հաշվետվության մեջ, «կապալառուի հետ կնքվել է վերանորոգման պայմանագիրն այն դեպքում, երբ մետրոպոլիտենն ունի շարժակազմի ուղեմասի անձնակազմ` թվով 52 հոգի»:

«Բյուրակն» ՍՊԸ-ի հետ 2008 թ. մայիսի 5-ին կնքվել է պայմանագիր` մետրոպոլիտենի կայարանների նախասրահների մուտքի դռների, ինչպես նաև կապի և ճարտարագիտական մասնաշենքերի դռների և պատուհանների արդիականացման աշխատանքների իրականացման համար` պայմանագրի անբաժանելի մաս կազմող թիվ 1 հավելվածով նախատեսված աշխատանքների տեխնիկական բնութագրին և ծավալաթերթին համապատասխան:

Մետրոպոլիտենի կողմից ներկայացվել է 14.06.2009 թ. և 25.08.2010 թ. կնքված ընդունման-հանձման երկու ակտ, որոնցով աշխատանքները համարվել են ընդունված` առանց ծավալների և քանակների: Բացի նրանից, որ խախտվել է պայմանագրի 4.1 կետը` սահմանված կարգով չի իրականացվել ընդունում-հանձնում, ստուգման արդյունքում չկատարված աշխատանքների մասով արձանագրվել են վերականգնման ենթակա գումար` 2,0 մլն դրամ, ինչպես նաև թերություններով կատարված աշխատանքներ` 3,5 մլն դրամ արժեքով:

Վարկային միջոցների հաշվին ձեռք է բերվել դիզելային պահպանման-տեխնիկակական քարշակ` 470000 եվրո արժեքով (ՌԴ «ՑեմենտՕպտՏորգ» ՍՊԸ-ից): Ըստ պայմանագրի` մատակարարման համար վերջնաժամկետ էր հանդիսանում 2010 թ. հոկտեմբերի 15-ը, սակայն մատակարարումն իրականացվել է 2010 թ. նոյեմբերի 2-ին: Հետևաբար անհրաժեշտ էր և ս. թ. օգոստոսի 1-ի դրությամբ էլ, ինչպես ՎՊ-ն է նշել, հանհրաժեշտ է գանձել պայմանագրով նախատեսված ուշացման տույժ` 4700 եվրոյի չափով:

Ըստ ՎՊ-ի եզրակացության` ապրանքների մատակարարման պայմանագրերի արժեքները փոփոխվում են` առանց մատակարարի կողմից բավարար հիմնավորումների ներկայացման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter