HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունում քննարկվել են ֆիզիկական կուլտուրա առարկայի մասսայականության բարձրացմանն ուղղված քայլերը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ուսումնական հաստատություններում ֆիզիկական կուլտուրա առարկայի մասսայականության բարձրացմանն ու մարզադպրոցների զարգացմանը վերաբերող հարցեր: 

Ըստ կառավարության պաշտոնական կայքի՝ անդրադարձ է կատարվել ֆիզիկական կուլտուրայի կրթական ծրագրերը վերանայելու ընթացքին, որոնք հաստատվելու են ՀՀ սպորտի և երիտասարդության ու Կրթության և գիտության նախարարների կողմից: Վարչապետը հանձնարարել է կարճ ժամանակահատվածում ավարտել աշխատանքները և ներկայացնել միջոցառումների հստակ ծրագիր: 

Այնուհետև ներկայացվել են ուսումնական հաստատություններում և մարզադպրոցներում մարզադահլիճների և մարզական գույքի հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ նախատեսվող քայլերը: Կարեն Կարապետյանը կարևորել է համապատասխան աշխատանքների իրականացումը և նշել, որ պետք է գնահատել ծախսերն ու ըստ այդմ իրականացնել մարզադահլիճների արդիականացման ծրագրեր:

 «Առողջ ապրելակերպը և սպորտը չափազանց կարևոր է և մենք մեր քաղաքային ու գյուղական համայնքներում պետք է ստեղծենք անհրաժեշտ պայմաններ, իրականացնենք համապատասխան քաղաքականություն»,- ասել է վարչապետը: 

Նշվել է, որ ուսումնական հաստատությունների սպորտային դահլիճների և մարզադպրոցների բարեկարգման ու կառավարման ժամանակակից մեխանիզմների ներդրման նպատակով դիտարկվում է նաև պետություն-մասնավոր համագործակցության զարգացումը: 

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ուսումնական հաստատություններում ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդման և դրան աշակերտների ու ուսանողների մասնակցության վերաբերյալ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները, առաջարկությունները:

Կառավարության ղեկավարը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է լրջորեն ուսումնասիրել դրանք և իրականացնել առկա խնդիրների լուծման հստակ միջոցառումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter