Արմանիսի ոսկու հանքավայրն արդեն շահագործվում է (վիդեո)
«Սագամար» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վարդան Պապյանի կարծիքով՝ մարդ պետք է կատարյալ անգրագետ ու ապուշ լինի, որ հանքարդյունաբերության անվտանգ լինելու մասին հայտարարություն անի:
Այլ խնդիր է այդ վտանգները կառավարելի դարձնելը` նվազ վնասակար բնության համար. «Արմանիսում հանքարդյունաբերության վտանգը բաց հանք շահագործելն է: Բնությունը խաթարում ենք, բնապահպանական հավասարակշռությունը խախտում ենք: Ցինկը, կապարը խտանյութի մեջ վտանգավոր չեն, բացի թոզից՝ Արմանիսում ոչ մի բան վտանգավոր չէ»,- ասում է Վարդան Պապյանը:
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից 10կմ հեռավորության վրա գտնվող Արմանիսի հանքավայրի շահագործման իրավունքը պատկանում է «Սագամար» ՓԲԸ-ին, որի միակ բաժնետերը «Գլոբալ Մեթալզ» (Արմ) լիմիթեդ ընկերությունն է: Այն գրանցված է օվշորային գոտում: Միջազգային կապիտալով ընկերություն է, որը Հայաստանում իր դուստր ընկերությունների աշխատանքը ղեկավարում է հայաստանյան մասնաճյուղի միջոցով: Արմանիսի հանքավայրի շահագործումը սկսվել է 2008 թ.-ից: Հանքի շահագործման թույլտվությունը ընկերությունը ստացել է 2001-ին: 2004-ին այն վերաձեւակերպվել է որպես հանքարդյունահանման լիցենզիա: Այստեղ հանքը զբաղեցնում է 18,0 հա, իսկ հարստացման ֆաբրիկան՝ մոտ 10 հա տարածք: Ըստ «Սագամար» ՓԲԸ-ից ստացած գրավոր տեղեկատվության՝ հանքի պաշարները, համաձայն ԽՍՀՄ պաշարների պետական հանձնաժողովի 09.12.1988 թ. N TO 562 արձանագրության՝ կազմում են. հանքաքար` 14,647,0 հազար տոննա, ոսկի` 12,316,4 կգ, արծաթ՝ 161,2 տոննա, պղինձ՝ 158,6 հազար տոննա, կապար` 177,2 հազար տոննա, ցինկ` 381,0 հազար տոննա:
Ընկերությունը 2011 թ. անցած 10 ամիսներին պետբյուջե վճարել է 552 մլն դրամ հարկ, որից 7,5 մլն դրամը կազմել են բնապահպանական եւ բնօգտագործման վճարները: Արմանիսի բաց հանքավայրի ոսկին, պղինձը, ցինկը, կապարը խտանյութի տեսքով արտահանվելու են միջազգային շուկաներ: Կապարի խտանյութ այս պահին ընկերությունը չունի, որովհետեւ հանքաքար այս պահին չկա, դա հանքում ի հայտ կգա հետագայում: Շահագործման ընթացքում ընկերության արտադրած պղնձի եւ ցինկի խտանյութը ներկայումս պարկերով պահեստավորված է ընկերության հարստացման կոմբինատում. դրանց առաքումը ընկերությունը կկազմակերպի 2012 թ. հունվարից: «Հայաստանում ցինկի խտանյութի պահանջարկ չկա»,- ասում է գլխավոր տնօրենը:
«Սագամար» ՓԲԸ-ի հարստացման կոմբինատը եւ լաբորատորիան շահագործվել են այս տարվա աշնանը եւ զինված են նորագույն տեխնիկայով: Բազմամետաղային հանքաքարը` 1 տոկոս խտանյութի պարունակությամբ, հարստացման է ենթարկվում ընկերության հարստացման կոմբինատում եւ դառնում մինչեւ 16-25 տոկոս պարունակությամբ խտանյութ: Վերամշակման ենթարկվող հանքաքարը կոմբինատում բաժանվում է 2 մասի` խտանյութի եւ պոչերի: Պոչերը ֆիլտրվում եւ տեղափոխվում են հանք: «Այսինքն՝ հանքաքարը որտեղից վերցնում ենք, պոչերը տեղափոխում ենք այնտեղ»,- ասում է Վարդան Պապյանը: Պոչերի ֆիլտրացիան այստեղ կատարվում է գերմանական 2 հզոր ֆիլտրերի միջոցով: Ջրերից եւ վտանգավոր նյութերից ազատված պոչերը թափված են գործող հանքի եզրերին եւ առայժմ ռեկուլտիվացիայի չեն ենթարկվում: Դրանք բաց վիճակում եւ քամու ու անձրեւի միջոցով կարող են անարգել տարածվել: Ըստ գլխավոր տնօրենի՝ հանքի շրջակայքում թափված պոչերը ռեկուլտիվացիայի կենթարկվեն, երբ գործող հանքի ծավալները սպառվեն, որը կտեւի 3-4 տարի: Վարդան Պապյանը բացատրեց ռեկուլտիվացիայի իրենց տեխնոլոգիան. «Երեւի թե միակն ենք, որ ունենք սեւահողի պահեստավորում: Դա հանքի եւ շրջակայքի սեւահողերն են: Ունենք նաեւ 1000 խմ կավաշերտ, որը կուտակել ենք ռեկուլտիվացիայի համար»: Ըստ գլխավոր տնօրենի՝ ռեկուլտիվացիայի ժամանակ օգտագործվելու է նաեւ հատուկ բնապահպանիչ թաղանթ, որը սինթետիկ ցանց է` բերված Չինաստանից:
Թափոնակուտակիչով լցված եւ օգտագործված հանքերից մեկն արդեն փակված էր այդ կանաչ ցանցով. «Դա փոշիների տարածումը կանխելու համար է»,- ասում է Վարդան Պապյանը: Արմանիսի հանքավայրում աշխատում է 367 մարդ: «Հետքը» «Սագամարի» գլխավոր տնօրենից փորձեց ստանալ Արմանիսի հանքավայրի բնապահպանական ռիսկերի եւ դրա հետ կապված հանրության ու բնապահպանների վերջին տարիների մտահոգությունների պատասխանները, այդ թվում՝ Ձորագետի գլխին նախատեսված պոչամբարի, հանքում ուրանի պարունակությունների, հանքի պայթեցումների հետեւանքների եւ ընկերության կողմից գյուղացիներից 1քմ հողը 25 դրամով գնելու մասին:
Անդրադառնալով հանքաքարում կապարի եւ ցինկի պարունակություններին՝ Վարդան Պապյանն ասաց. «Մենք երեւի շփոթում ենք մետալուրգիական մասը լեռնային արդյունաբերության հետ: Պատկերացրեք Ալավերդիում պղինձ են ձուլում, նույն սկզբունքով սկսենք կապար ու ցինկ ձուլել: Դա պոտենցիալ լուրջ վտանգ է շրջակա միջավայրի եւ մարդկանց համար: Մեր պարագայում նման բան չկա: Այսինքն՝ մերը հարստացման պրոցես է»: Վարդան Պապյանն ասում է, որ Արմանիսում բնապահպանական խնդիրը բաց հանքն ու փոշին է. «Դրա համար մենք ջրցան մեքենաներ ունենք, որոնք տարվա 90 տոկոսը պարապուրդի են մատնված, որովհետեւ հանքի տարածքը բնականից խոնավ է»,- ասում է նա: Պայթեցումների առնչությամբ Վարդան Պապյանն ասում է, որ բողոքներ չեն ստացել. «Արմանիսում մի ծեր կին ինձ ասում է՝ պայթեցումից տունս ճաք է տվել: Ես ասում եմ՝ մայրիկ ջան, 88-ից է քո տունը ճաք տված»: Ձորագետի մոտ կառուցվելիք պոչամբարը նախագծային փուլում է, դա լինելու է ռեզերվային պոչամբար` ֆորս մաժորային դեպքերի համար: «Պոչամբարը տեխնոծին վտանգներ պարունակող կառույց է: Հիմա պատկերացրեք՝ 1մլն խմ զանգվածը այդ վիճակում պրոբլեմ է: Պոչամբարի պատվարը խաթարվեց, պոչանքը շարժվելու է առաջ»,- ասում է Վարդան Պապյանը: Նա գտնում է, որ դրանից խուսափելու համար պոչամբարը պետք է գրագետ կառուցել եւ ղեկավարել: «Գյուղացիներն ասում են, որ դուք իրենցից 1 քմ հողը գնել եք 25 դրամով»,- ասացինք Վարդան Պապյանին: «Չէ, այդ հողը շատ թանկ գնով ենք գնել: Դա ժողովուրդը չի ասում, դա Մանյա Վռամովնան է ասում` գործից անտեղյակ (խոսքը Ստեփանավանի «Լոռե» էկոակումբի ղեկավար Մանյա Մելիքջանյանի մասին է)»,- ասաց նա:
Տնօրենն ավելացրեց, որ պետության բացառիկ սեփականություն հանդիսացող հանքարդյունաբերության հողերը մասնավորեցման ենթակա չեն: Դա Արմանիսում 1991 թվականին անօրինական է մասնավորեցվել. «Մենք կարող ենք մտնել դատարան եւ առանց վճարման հետ վերցնել այդ հողերը: Բայց ես հողերը գնել եմ գյուղացիներից նախորդ տարիներին համայնքի բյուջեում իրենց կուտակած հողի հարկի վճարումով` բոլոր տույժ-տուգանքներով: Այդ հողերը ես հիմա վերադարձրել եմ նորից պետությանը, տվյալ պարագայում՝ հանձնել Ստեփանավանի քաղաքապետարանին, հիմա այդ հողն ինձ նորից վարձակալությամբ են տալու»: Վարդան Պապյանը հերքեց Արմանիսի հանքում ուրանի գոյությունը, ասաց, որ ռադիոմետրիկ հանույթով հանքավայրը ստուգվել է. «Արմանիսում հետաքրքիր երեւույթ կար, որտեղ կային մետաղների կուտակումներ, այնտեղ ռադիոմետրիկ հանույթը ավելի հանգիստ է»: «Սագամար» ՓԲԸ-ն իր արտադրության ծավալների հետագա ընդլայնման նպատակով ներկայումս երկրաբանահետախուզական ակտիվ աշխատանքներ է կատարում Լոռու մարզի Դեղին եւ Սեւ գետերի տեղամասում, իսկ 2012 թ.-ից այդ աշխատանքները կակտիվանան նաեւ Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյ հանքավայրում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել