ԱԺ ընտրությունները տարբերվել են խախտումների հնարավոր նվազեցմամբ ու կեղծիքների բացակայությամբ. ԱԺ նախագահի թեկնածու Արա Բաբլոյանի ելույթը
Ապրիլի 2-ին անցկացված ընտրությունները մնացած բոլոր ընտրություններից տարբերվել են խախտումների հնարավոր նվազեցմամբ և կեղծիքների բացակայությամբ, որը հնարավոր է դարձել իշխանություն և ընդդիմության քաղաքական բարձր կամքի դրսևորման ու համատեղ աշխատանքին արդյունքում: Այսօր Ազգային ժողովի ամբիոնից նման հայտարարություն արեց ԱԺ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Արա Բաբլոյանը:
Վերջինս երախտագիտություն հայտնեց ՀՀԿ-ին բարձր վստահության համար և վստահեցրեց, որ ԱԺ նախագահ դառնալու դեպքում ինքն անելու է հնարավոր ամեն ինչ, որ իշխանություն և ընդդիմություն համագործակցությունը առավելագույնս ամարպնդվի, քանի որ դա ի շահ Հայաստանի զարգացման և առաջընթացի է:
«Շատ լավ եմ գիտակցում և համոզված եմ, որ խորհրդարականական կառավարման անցնելու քաղաքական որոշման ու դրա իրագործման արդյունավետությունը պայմանավորված է լինելու ոչ միայն կառավարման համակարգի ճիշտ ընտրությամբ, այլ յուրաքանչյուրիս պատասխանատվությամբ, տքնաջան ու հետևողական աշխատանքով: ՀՀ-ի իշխանությունն, ինչպես գիտենք, պատկանում է ժողովրդին, որն էլ իր քվեով ձևավորեց այս Ազգային ժողովը: Հիմք ընդունելով այս պարզ ճշմարտությունը՝ պաշտոնավարմանս ընթացքում մշտապես ղեկավարվելու եմ այն գիտակցությամբ, որ ես հանրության քվեով ձևավորված ԱԺ նախագահ եմ, ինչը բազմապատկում է պարտավորվածությանս աստիճանը»,- իր խոսքում նշեց Արա Բաբլոյանը՝ ընդգծելով, որ ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում ինքը կարևորելու է մարդու իրավունքների գերակայությունը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, բիզնեսի ազատականացման համար համապատասխան դաշտի ապահովումը, Հայաստանի անվտանգության, քաղաքացիների առողջություն ու կրթվածություն հարցերը:
Ելույթից հետո պատգամավորները հարցեր ուղղեցին Բաբլոյանին: Մասնավորապես՝ Արտակ Զենյալյանը հետաքրքվեց, թե ի՞նչ խնդիրներ է տեսնում ԱԺ նախագահի թեկնածուն մարդու իրավունքների ոլորոտում:
«Ես իմ ելույթի մեջ հատուկ կանգ առաջ մարդու իրավունքների ապահովման հարցին և շեշտեցի, որ մենք պետք է էլ ավելի ընդլայնենք և ամրապնդենք մարդու իրավունքները. դա հնարավոր է անել կողմից՝ համապատասխան օրենսդրական դաշտի բարեփոխումներով, մյուս կողմից՝ հետևողական մոտեցումներով: Եթե մենք հետամուտ չլինենք մեր կողմի ց ընդունված օրենքների կատարմանը, ապա չենք կարողանա ստեղծել իրավական պետություն և չենք կարող իրականացնել այն, ինչ մեր առջև դնում է Սահմանդրությունը»,- ասաց Արա Բաբլոյանը:
Զեյնալյանը հետաքրքվեց նաև, թե ինչպիսի գործնական քայլեր է պատրաստվում ձեռնարկել Բաբլոյանը Հայաստանում քաղաքացիական համերաշխության ոլորտում՝ հաշվի առնելով քաղաքական մեծամասնություն ու փոքրամասնություն կոնտեքստը:
«Ես իմ խոսքում հստակ ներկայացրի, որ կանեմ ամեն ինչ, որպեսզի մենք ունենանք քաղաքական մեծամասնության ու փոքրամասնության հստակ երկխոսություն»,- ասաց Բաբլոյանը՝ շեշտելով, որ Ազգային ժողովում պատգամավորների նպատակը ոչ թե պաշտոններ գրավելն է, այլ պատասխանատվություն ունենալն ու ժողվրդին ծառայելը:
Ինչպես հայտնի է, Սահմանադարական դատարանը իր գրեթե բոլոր տարեկան հաղորդումներում արձանագրել է, որ Ազգային ժողովը չի կատարում Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումներն, ինչպես նաև օրենքները չեն համապատասխանեցրել 2005-ի սահմանդրության փոփոխւթյուններին:
Զեյնալյանն ասաց, որ 2015-ի սահմանադրական փոփոխություններից հետո ևս պիտի մի շարք օրենքներում փոփոխություններ լինեն և հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ լուծումներ է առաջարկում Բաբլոյանը օրենքները սահմանադրությանը համապատասխանեցնելու վերաբերյալ:
«Սահմանադրական դատարանի որոշումները մեզ համար պարտադիր են, եթե ընտրվեմ, կանդրադառնամ այդ որոշումներին, կուսումնասիրեմ և մենք կանդրադառնանք դրանց կատարմանը», - պատասխանեց Բաբլոյանը:
Արտակ Զեյնալյանը Բաբլոյանին լսելուց հետո նշեց, որ ինքը հարցեր է հնչեցրել, որպեսզի դրանց ոչ թե տեսական պատասխաններ տրվեն, այլ ԱԺ նախագահի թեկնածուն ասի, թե գործնականում կոնկրետ ի՞նչ քայլեր է պատրաստվում կատարել, ի՞նչ կոնկրետ խնդիրներ է տեսնում:
«Օրինակ՝ ո՞ր իրավունքների վիճակն է առաջնահերթ»,- Բաբլոյանին հարցրեց Արտակ Զենյալյանը:
«Մենք կարող ենք որոշում ընդունել բայց մենք չենք կարող սահմանադրություն փոխել. մենք պիտի հետևենք սահմանդրությանը»,- պատասխանեց Արա Բաբլոյանը:
ԱԺ նախագահի մյուս թեկնածու Էդմոն Մարուքյանը նախկինում ուրիշ պատգամավորի փոխարեն քվեարկած Բաբլոյանին հարց ուղղեց, թե ինչպե՞ս է վերջինս վերաբերում պատգամավորներիէ ուրիշի օգտին քվերակելու երևույթին:
Բաբլոյանը խոստովանեց, որ նախկինում ինքը քվեարկել է ուրիշի փոխարեն, բայց հետո ներողություն խնդրել:
«Եղել է դեպք, երբ ինքս քվեարկել եմ, որի համար ներողություն եմ խնդրել ու գտնում եմ, որ դա ճիշտ չէ»,- ասաց Արա Բաբլոյանը:
Մեկնաբանել