Վարչապետը հանձնարարեց խստացնել տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը
Ժամեր առաջ կառավարությունը հրաժարական է տվել, սակայն մինչ նոր կառավարության ձևավորումը այն կշարունակի գործադիրի աշխատանքը։
Ժամանակավոր այս կառավարության հերթական նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին հանձնարարականներ տվեց։ Մասնավորապես՝ անդրադարձավ արտակարգ իրավիճակների նախարարության կատարած այցերի արդյունքներին և նշեց, որ այդ ստուգումների արդյունքում նախարարությունը վեր է հանել գործնական և օրենսդրական խնդիրներ տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման ոլորտում։
Վարչապետը հիշեցրեց, որ այդ փորձաքննությունների ոչ պատշաճ իրականացման յուրաքանչյուր դեպք վտանգ է ներկայացնում քաղաքացիների առողջության և անվտանգության համար։
«Այս խնդրին պետք է տալ համակարգային լուծում' հատկապես հստակեցնելով թե փորձաքննություն իրականացնողի, թե շահագործողի և թե այլ մասնակիցների հստակ պարտականությունների շրջանակը և պատասխանատվության խիստ մեխանիզմները»,-նշեց վարչապետը։
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Կարապետյանը արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին հանձնարարեց մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել համալիր լուծման առաջարկություններ՝ տեխնիկական անվտանգության ոչ պատշաճ փորձաքննության իրականացման, պատասխանատվության հստակ միջոցներ սահմանելու վերաբերյալ։ Կարապետյանը նաև հանձնարարեց մշակել այդ ոլորտը բարեփոխելու ծրագիր։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել