HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու մարզպետարանի վարչական հսկողության հանձնաժողովը չի արձանագրել ավագանու թույլ տված խախտումները

Գայանե Սարգսյան

2016թ. Լոռու մարզպետարանի վարչական վերահսկողություն իրականացնող հանձնաժողովը հսկողություն է իրականացրել մարզի Ուռուտ համայնքում` ստուգելով համայնքի ղեկավարի ու ավագանու վերջին երեք տարիների՝ 2013-2015թթ. գործունեությունը:

Եթե հավատանք ստուգման արդյունքներին, ավագանու գործառություներին վերաբերող հարցաշարի «Համայնքի ավագանու անդամի իր ընտանիքի անդամների և մերձավոր բարեկամների (ծնող, քույր, եղբայր, երեխա) շահերին առնչվող որոշումների քվեարկությանը մասնակցության բացառումը» կետով հանձնաժողովը որևէ խախտում չի արձանագրել:

Այս կետով խախտում չարձանագրվելու հանգամանքը մեզ հետ զրույցի ժամանակ հաստատեց նաև Ուռուտի համայնապետ Սերգո Ջուլհակյանը: Վերջինս նաև տեղեկացրեց, որ համայնքային բյուջեից սոցօգնություն տողով նախատեսված հատկացման չափը մոտ 3 մլն դրամ է, բնակչին տրվող աջակցության առավելագույն չափը՝ 30 000 դրամ:

Հանձնաժողովի փոխարեն «Համայնքի ավագանու անդամի իր ընտանիքի անդամների և մերձավոր բարեկամների (ծնող, քույր, եղբայր, երեխա) շահերին առնչվող որոշումների քվեարկությանը մասնակցության բացառումը» կետով խախտումներ ավագանու որոշումներում հայտնաբերեցինք մենք:

Այսպես, 2013թ. հոկտեմբերի 29-ի թիվ 25 որոշմամբ Ուռուտի ավագանին սոցիալական օգնություն հատկացնելու որոշում է կայացրել թվով 39 անձանց համար` համայնքային բյուջեից նախատեսելով 1 մլն 165 հզր դրամ:

Սոցօգնությունից օգտվածների թվում նշվում է նաև ավագանու անդամ Հարություն Պապյանի անունը, ում և բաժին է հասել հատկացման ամենամեծ չափը՝ 50 000 դրամ: Վերջինս էլ ստորագրել է իրեն հատկացվող սոցօգնության ցուցակի տակ: 

Հատկացման չափի մասին լսելով` Ուռուտի համայքապետ Սերգո Ջուլհակյանը նախ զարմացավ` ասելով՝ հնարավոր չէ հատկացման չափն այդքան մեծ եղած լինի: Ապա նշված որոշումը գտնելով` պարզաբանեց. «Հիշեցինք, երեխեն վատառողջ էր, էլի, դրա համար ենք այդքան հատկացրել: Էդ թվին կարելի էր, բայց դրանից հետո էլ այդ չափով հատկացում չենք արել»:

Տեսա՞ք, որ ավագանու անդամը ստորագրել է իրեն ֆինանսական օգնություն հատկացնելու մասին որոշման տակ հարցին, համայնքապետը արձագանքեց՝ հա, ո՞նց չտեսա:

Մեր դիտարկմանը, որ ավագանու անդամը օրենքի խախտում է թույլ տվել` քվեարկելով իրեն ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին հարցին, համայնքապետը նախ նշեց՝ այ, դա չենք իմացել: Ապա զարմացավ. «...որ ավագանու նիստ ա լինում, որոշումները որ գրվում են, եթե նիստին ներկա են, ո՞նց չստորագրեն: Ախր ամբողջ գյուղում մեկը մեկին բարեկամ են: Չեմ էլ պատկերացնում, թե այլ կերպ ինչ կարելի է անել...»:

Համանյքապետը դիմեց աշխատակազմի քարտուղարին` ճշտելով՝ ավագանու անդամն իր հարազատին օգնելիս չպիտի մասնակցի՞ քվերակությանը: Քարտուղարը վստահ փոխանցեց՝ տան անդամին է դա վերաբերում, եթե առանձին ծուխ է, կարող է:

Հիշեցնենք, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ կետով «ավագանու անդամը պարտավոր է չմասնակցել ավագանու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր, իր ընտանիքի անդամների ու մերձավոր բարեկամների՝ ծնող քույր, եղբայր, երեխա շահերին»:

Նույն որոշմամբ 35 000 դրամի չափով էլ սոցօգնություն է հատկացվել համայնքի ղեկավարի՝ Սերգո Ջուլհակյանի քրոջը՝ Սիլվարդ Ջուլհակյանին: Համայնքի ղեկավարն, ի թիվս այլ անձանց, ստորագրել է նաև իր քրոջը ֆինանսապես աջակցելու հարցին:

2014թ. նոյեմբերի 25-ի թիվ 20 որոշմամբ` Ուռուտի ավագանին թվով 29 բնակիչների հատկացրել է 490 000 դրամի չափով ֆինանսական օգնություն: Ավագանու անդամ Հարություն Պապյանն այս դեպքում էլ կողմ է քվեարկել եղբորը՝ Արշալույս Պապյանին 30 000 դրամ հատկացնելու մասին հարցին: 

2014թ.-ի դեկտեմբերի 10-ին ընդունված թիվ 31 որոշմամբ` ավագանին 25 բնակչի հատկացրել է ընդհանուր առմամբ 615 000 դրամի չափով ֆինանսական օգնություն: Այդ թվում 25 000 դրամ հատկացվել է Շամիր Պապյանին, ով ավագանու անդամ Հարություն Պապյանի հետ գրանցված է միևնույն հասցեում: Համայնքապետի տեղեկացմամբ` վերջինս հանդիսանում է ավագանու անդամի հորեղբոր որդին: 

2016թ.-ի դեկտեմբերի 16-ի թիվ 29 որոշմամբ` Ուռուտի ավագանին կրկին որոշում է կայացրել սոցօգնություն հատկացնել համայնքի անապահով բնակիչներին: Սակայն թե քանի՞ բնակչի, ի՞նչ չափով ու ընդհանրապես որքան է կազմել այս որոշմամբ կատարված հատկացումը, հնարավոր չեղավ պարզել, քանի որ Լոռու մարզպետին ուղղված, ապա մարզպետարանի պաշտոնական կայքում ավագանու որոշումները տեղադրողների՞, թե՞ համայնքի բացթողման հետևանքով առկա է միայն որոշման մի մասը: Որոշման տակ չկան նաև ավագանու անդամների անուններն ու ստորագրությունները, ինչպես նաև բնակիչների անվանացանկը, ինչը հնարավորություն չի տալիս պատկերացում կազմել հատկացումներն ստացած անձանց մասին:

Այդուհանդերձ, վարչական հսկողություն իրականացնող հանձնաժողովը որոշակի խախտումներ արձանագրել էր թե համայնքի ավագանու, թե համայնքի ղեկավարի աշխատանքում: Ըստ հանձնաժողովի արձանագրության` Ուռուտի համայնքապետը չի պահպանել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 121- րդ հոդվածի պահանջը, համաձայն որի` համայնքի ղեկավարը պարտավոր է համայնքում առնվազն 2 000 բնակչի համար համայնքի յուրաքանչյուր մասի բնակչի համար մատչելի տեղերում հայտարարություն փակցնելու միջոցով ավագանու հերթական նիստից առնվազն յոթ օր առաջ հրապարակել տեղեկության առկայություն՝ ավագանու նիստի ժամանակի, վայրի և օրակարգի վերաբերյալ:

«Մենք հայտարարություների տեղ ունենք, կարող է՝ բացառություն է  եղել, չի դրվել: Խախտումն արձանագրվելուց հետո շտկել ենք»Զրույցի ավարտին համայնքապետը շնորհակալություն հայտնեց ավագանու որոշումներին վերաբերող օրենքի դրույթը բացատրելու համար: «Շատ շնորհակալություն ուղղություն ցույց տալու համար, կաշխատենք, որ այդպիսի սխալներ էլ չլինեն»,- խոստացավ նա:

Գայանե Սարգսյան

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Բան եք գտել, բան սարքելու, - իրենց համայնքը, իրենց կոպեկներն ու խիղճը: Էտ օրենքը լավ չեն իմացել, թե չէ Պողոսի փոխարեն Պետրոսի վրա կգրեին՝ ,,էս մի քանի կոպեկը քեզ, էս էլ Պողոսին կտաս, երեխին բժշկի տանի:,, Լոռեցիք ասում են՝ ,,սելն ու եզը կորցրել, ճիպոտին ենք ման գալի (փնտրում),,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter