HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի հատված ծառերը և փայտանյութն անտառից դուրս բերելու դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել 2 անձի

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հաղարծին»  6-րդ պահաբաժնից ապօրինի հատված ծառերը և փայտանյութը անտառից ապօրինաբար դուրս բերելու դիմաց կաշառք ստանալու հանգամանքները:  Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել 2 անձի` «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի  հատուկ ջոկատի տեսուչին և նույն  ՊՈԱԿ-ի  «Հաղարծին» մասնաճյուղի ավագ անտառապահին:

Նախնական քննության տվյալներով՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի  հատուկ ջոկատի տեսուչը, լիազորված լինելով վերահսկել անտառապահների ամենօրյա աշխատանքը, կաշառք ստանալու նպատակով իր հովանավորչությունն է առաջարկել «Դիլիջան» համայնքի բնակիչներից մեկին՝ «Դիլիջան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի 6-րդ պահաբաժնից հատված ծառեր դուրս բերելու համար:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ տեսուչը և ավագ անտառապահը գործել են նախնական համաձայնությամբ և 2017 թվականի մարտի վերջերից մինչև ապրիլի սկզբները  Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակչից ստացել կաշառք՝ վերջինիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություն՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» 6-րդ պահաբաժնից ապօրինի հատված ծառերի և փայտանյութի՝ անտառից ապօրինաբար դուրս բերումը թույլ տալու համար: Բացի այդ, ապացույցներ են ձեռք բերվել, որ ապրիլի սկզբներին ավագ անտառապահը կաշառքի գումարից  որոշակի մաս տվել է նաև նշված պահաբաժնի անտառապահին՝ փայտանյութի ապօրինի տեղափոխումը չխոչընդոտելու համար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հատուկ ջոկատի տեսուչին մեղադրանք է առաջադրվել՝ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, ավագ անտառապահին՝ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Մեկնաբանություններ (1)

Մուկուչ
ավելի բարձր պետք է նայել, սրանք շարքայիններ են, որոնց փուռն են տալիս, այսինքն մատաղ են անում (վարչապետի փետին)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter