ԵԱՏՄ նոր կանոնակարգը մանկական խաղահրապարակներն ավելի անվտանգ է դարձնելու
Օրերս կայացել է ԵԱՏՄ փոխվարչապետների նիստը, որի ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդն ընդունել է «Մանկական խաղահրապարակների սարքավորումների անվտանգության մասին» նոր տեխնիկական կանոնակարգը, որով սահմանվում են խաղահրապարակների սարքավորումներին և ծածկույթին վերաբերող նոր պահանջներ։ Ինչպես նշված է փաստաթղթի մեջ՝ մշակման հիմնական նպատակը խաղահրապարակից օգտվողների կյանքի և առողջության պահպանումն է։ Այն տարածվում է ինչպես խաղահրապարկների խաղալիքների, ատրակցիոնների, այնպես էլ՝ սպորտային սարքավորումների վրա, որոնք նախատեսված են մարմնամարզության համար։
Մասնավորապես՝ սարքավորումների կառուցվածքը պետք է ապահովի դրանց ամրությունն ու կայունությունը, ունենա քայքայման և հնանալու դեմ պաշտպանվածություն, ինչպես նաև՝ դրանք չպետք է ունենան սուր ծայրեր կամ մասեր։
ԵԱՏՄ վերոնշյալ տեխնիկական կանոնակարգը սահմանում է մանկական խաղահրապարակները՝ որպես «հատուկ կահավորված տարածքներ, որոնք նախատեսված են մանկական խաղերի համար և ներառում են համապատախան սարքավորումներ և ծածկույթ»։ Բացի այդ նշված է, որ նյութերը, որոնցից պատրաստվում են սարքերն ու ծածկույթները, պետք հարմարացվեն տարբեր ջերմաստիճան ունեցող կլիմայական գոտիներին, որպեսզի երեխաների առողջությանը վնաս չհասցնեն և «չայրեն մաշկը»։
Տեխնիկական կանոնակարգը նաև արգելում է խաղահրապարակներում տեղադրել և օգտագործել հեշտ բռնկվող նյութերից պատրաստված սարքեր։
«Մանկական խաղահրապարակների սարքավորումների անվտանգության մասին» կանոնակարգն արդեն իրավական փորձաքննությունն է անցել և ուժի մեջ է մտնելու 2018թ․ նոյեմբրին, սակայն այն չի տարածվելու խաղահրապարակների այն սարքավորումների և ծածկույթների վրա, որոնք արտադրվել և շահագործման են հանձնվել նախքան դրա ուժի մեջ մտնելը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել