
Ինչո՞ւ է Ռ. Քոչարյանը թերթերին դատի տալիս
«Մամուլը՝ դատական գործընթացներում» թեմայի շուրջ այսօր Մամուլի ազգային ակումբում զրուցում էին «Ժամանակ» եւ «Հրապարակ» օրաթերթերի գլխավոր խմբագիրները՝ Արման Բաբաջանյանն ու Արմինե Օհանյանը: Բաբաջանյանը նկատեց, թե ստացվել է այնպես, որ ՀՀ նախկին նախագահ «Ռոբերտ Քոչարյանի մամլիչի տակ» հայտնվել են հենց այս երկու թերթերը եւ անդրադարձավ «Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի» դատավարության շրջանակներում այսօր տեղի ունեցած «հետաքրքիր զարգացումներին»:
«Պարզվեց, որ Քոչարյանի փաստաբանը նույնիսկ փաստաբան չէ, եւ փաստաբանական ծախսերի համար 3 միլիոն գումար է պահանջում մեզնից, այն դեպքում, երբ օրենքով նախատեսված կարգ գոյություն ունի՝ եթե դու փաստաբան չես, իրավունք չունես փաստաբանական ծախսեր պահանջել»,- ասաց «Ժամանակի» խմբագիրը եւ մանրամասնեց, որ իբրեւ իրավաբան ցանկացած ոք կարող է դատարանում մատուցել փաստաբանական ծառայություններ, սակայն դրա դիմաց չի կարող վարձատրվել:
«Սա այն դեպքում, երբ «Հայկական ժամանակ» օրաթերթից այդ նույն տղան՝ Սարգիս Գրիգորյանը, փող է ստացել՝ փաստաբանական ծառայություններ մատուցելու համար,- հավելեց Բաբաջանյանը,- մենք ենք գտել էդ փաստաթուղթը, որ էս տղան փաստաբան չէ: Էս նույն տղան նաեւ «Հրապարակի» դեմ է հայց ներկայացրել: Այսինքն՝ սա արդեն սահմաններ չճանաչող երեւույթներ են, որոնք խոսում են նաեւ ընդհանրապես Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած ընտանիքի, նախագահի, այդ մարդու որակների մասին»:
Ըստ «Ժամանակի» խմբագրի՝ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական օրակարգում տեղ զբաղեցնելու լուրջ խնդիրներ ունի եւ այս՝ թերթերին դատի տալու միջոցով փորձում է դրան հասնել:
«Որ մենք՝ խմբագիրներս, նստենք, իր մասին խոսենք, իր թեման քննարկենք: Ուրիշ պատճառ չեմ տեսնում, քան վենդետան եւ հաշվեհարդարը բոլոր նրանց նկատմամբ, ովքեր իր (Ռոբերտ Քոչարյանի) մասին լավից բացի, որեւէ բան կգրեն»,- ասաց Բաբաջանյանը:
Վերջինիս խոսքերով՝ ուշագրավն այն է, որ իրենց դատի են տվել Բելլա եւ Սեդրակ Քոչարյանները, մինչդեռ դատարանում Սարգիս Գրիգորյանը վկայակոչում է հոդվածներ, որոնք վերաբերում են Ռոբերտ Քոչարյանին:
«Ասում է՝ տեսեք, հրապարակումները շարունակվում են, այսինքն՝ մենք դաս չենք առել, եւ հերքումները, որ մենք, փաստորեն, 2 անգամ տպագրեցինք, որեւէ ձեւով նրանք նկատի չառան եւ որոշեցին դատական կարգով գործը շարունակել»,- եզրափակեց «Ժամանակի» խմբագիրը:
Մեկնաբանել