HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անբարեկարգ ճանապարհի պատճառով վնասված մեքենայի տերը փոխհատուցում է պահանջում

Գայանե Սարգսյան

2016թ.-ի հունիսի 15-ին՝ ժամը  15:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Գետիկ գյուղի բնակիչ Վլադիմիր Ղալեչյանն իր «Վոլվո» մանկիշի մեքենայով Վանաձորից շարժվել է դեպի Ալավերդի: Վանաձորի Երրորդ մաս կոչվող թաղամասի կամուրջն անցնելուց մեկ-երկու րոպե հետո վարորդի համար անակնկալ ձևով մեքենան հայտնվել է ճանապարհահատվածի երթևեկելի մասում գտնվող մեծ փոսում, ինչի հետևանքով մեքենան վնասվել է: Մասնավորապես՝ դեֆորմացվել են մեքենայի առջևի աջ անվաթևը, անվաթևի տակի մասը, աջ կողմի ստորին հատվածը, առջևի դռան ծխնիների ամրակցատեղերը: Վնասվել է նաև մեքենայի առջևի անվադողերից մեկը:

Բարեբախտաբար, վարորդն ու մեքենայում գտնվող երեք ուղևորները մարմնական որևէ վնաս չեն ստացել: Ի տարբերություն վարորդների մեծ մասի, ովքեր նմանատիպ դեպքերում ընտրում են մեքենան սեփական միջոցներով նորոգելու ու չբողոքելու տարբերակը՝ Վ. Ղալեչյանը որոշել է դիմել դատարան ու պահանջել կրած վնասի փոխհատուցում:

«Վ. Ղալեչյանին պատկանող տրանսպորտային միջոցի վնասվածքներն առաջացել են այդ ճանապարհահատվածի ծածակույթի անբարեկարգ լինելու պատճառով: Եթե ճանապարհահատվածը լիներ բարեկարգ վիճակում, վարորդի մեքենային վնաս չէր պատճառվի, և, հետևաբար, վնասը վերացնելու համար ծախսեր կատարելու անհրաժեշտություն էլ չէր առաջանա»,- նշում է հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Սուքիասյանը:

Առևտրաարդյունաբերական պալատի «Արմէքսպերտիզա» ՍՊԸ-ի Լոռու մարզի ապրանքափորձագիտական բաժինը, կատարած ուսումնասիրությունից հետո,  2016թ.-ի սեպտեմբերի 30-ին տրամադրել է փորձագետի եզրակացություն, ըստ որի՝ ««Վոլվո» մանկիշի 32OS 324 հաշվառման  համարանիշերով տրանսպորտային միջոցին պատճառված վնասը վերացնելու համար անհրաժեշտ աշխատանքների ու օգտագործվող նյութերի արժեքը կկազմի 45.000 ՀՀ դրամ, իսկ վնասված անվադողի արժեքը՝ 3500 դրամ»:

Փաստաբանի խոսքով՝ թեև պատճառված վնասի չափն այնքան էլ մեծ չէ՝ ընդամենը 48.500 դրամ, սակայն Վ. Ղալեչյանը շահագրգռված է եղել թեկուզ այս փոքր գումարի համար դիմել դատական պաշտպանության, որպեսզի, նախ և առաջ,  արդարությունը վերականգնվի ու նաև նախադեպ ստեղծվի, որը հետագայում կարող է օրինակ ծառայել նմանատիպ իրավիճակներում հայտնվող մյուս վարորդների համար:

«Այս գործն իր արժեքը կունենա նաև իրավակիրառ պրակտիկայի համար այնքանով, որ մենք ևս կունենանք նախադեպ, որից կօգտվեն նաև մյուս իրավաբանները նմանատիպ բողոքներով դիմող քաղաքացիների շահերը պաշտպանելու  դեպքում»,- նշում է Ա. Սուքիասյանը՝ հավելելով, որ իր աշխատանքային պրակտիկայի ընթացքում նմանատիպ դեպքի նախադեպ գոնե Լոռու մարզում չի հիշում:

Վնասի հատուցման պահանոջվ հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Ա. Սուքիասյանը 2016թ.-ի հոկտեմբերին դատական հայց է ներկայացրել դատարան՝ որպես պատասխանող կողմ դիտարկելով Վանաձոր համայնքը: Դատաքննության ընթացքում, սակայն, պարզվել է, որ ճանապարհահատվածը, որտեղ վնասվել է Վ. Ղալեչյանին պատկանող մեքենան, հանդիսանում է Մ-3 Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի մաս: Արդյունքում պատասխանող կողմը փոխվել է. Վանաձոր համայնքի փոխարեն ներկայումս պատասխանող կողմ է դարձել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Այս գործով հերթական դատական նիստը նշանակված էր այսօր՝ մայիսի 22-ին: Դատական նիստին պատասխանող կողմի ներկայացուցիչը չէր ներկայացել: Այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատասխանող կողմը դատական նիստի օրվա մասին պատշաճ ծանուցված է եղել, դատավոր Վարդուհի Հովնանյանը որոշեց նիստը սկսել առանց պատասխանող կողմի:

Տեղեկացնելով, որ սույն գործով պատասխանող կողմն այսուհետ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն է՝ դատավոր Վ. Հովնանյանը հարցով դիմեց հայցվորի ներկայացուցչին.

«Ըստ հասցեի՝ նախարարությունը գտնվում է Երևանի Նալբանդյան 28 հասցեում, այսինքն՝  սույն քաղաքացիական գործով պատասխանողի գտնվելու վայրի դատարանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը չէ: Անհրաժեշտություն կա՞ գործը պատասխանողի գտնվելուտարածքում գտնվող դատարան փոխանցել»:  

Ա. Սուքիասյանը նշեց, որ հիմք ընդունելով քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86 հոդվածի 1-ին մասը՝ նման անհրաժեշտություն չի տեսնում:

 Հոդված 86. Գործերի հանձնումը մեկ դատարանից մեկ այլ դատարան

1. Դատարանը` ընդդատության կանոնների պահպանմամբ իր վարույթ ընդունած գործը պետք է քննի ըստ էության, թեկուզև այն հետագայում դարձել է ընդդատյա այլ դատարանի:

Դատավորն այս հարցով որոշում կայացնելու համար հաջորդ դատական նիստը նշանակեց վաղը:

Լուսանկարում՝ Արթուր Սուքիասյանը

Մեկնաբանություններ (2)

Նարինե
Իրականում շատ հետաքրքիր նախաձեռնություն է, գոնե այս դատական նիստից հետո որևէ փոփոխություն կլինի և վերջապես ուշադրություն կդարձնեն քաղաքի փոփոցներին:
Գագիկ
Իսկական քաղաքացի է հայցվորը, օրինակելի մարդ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter