
«Դիլիջան» ազգային պարկի տնօրենի երկու տեղակալներն ու Բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի պետն ազատվել են աշխատանքից
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հրամանի համաձայն` «Վենդոռ» ՍՊԸ-ի ֆինանսական միջոցներով նախաձեռնվել է Գոշ լճի ափամերձ տարածքներում կուտակված տիղմից մաքրման և բարեկարգման աշխատանքներ:
Ինչպես տեղեկացնում է բնապահպանության նախարարությունը, «Վենդոռ» ՍՊԸ-ի և «Էս Գրուպ» ՍՊԸ-ի միջև ձևավորվել է իրավապայմանագրային համապատասխան դաշտ, ինչի արդյունքում «Էս Գրուպ» ՍՊԸ-ն «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մասնագետների խորհրդատվական աջակցությամբ և «Վենդոռ» ՍՊԸ-ի ֆինանսական միջոցներով կիրականացնի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները:
Բնապահպանության նախարարի հանձնարարականով` նախատեսված աշխատանքները սահմանված ժամկետներում հնարավոր չէր եղել իրականացնել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով. գրեթե ամեն օր ազգային պարկի տարածքում տեղացել են հորդառատ անձրևներ, ինչն անհնար է դարձնում տիղմի տեղափոխման աշխատանքները:
«Դիլիջան» ազգային պարկը և տիղմի տեղափոխման աշխատանքներն ստանձնած ընկերությունը պարտավորվել են անձրևները դադարելուց անմիջապես հետո աշխատանքներն ավարտել 5 օրվա ընթացքում:
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում ոչ պատշաճ հսկողություն և վերահսկողություն իրականացնելու համար, ինչի հետևանքով տարբեր տեղամասերում արձանագրվել են ապօրինի ծառահատումների, իսկ Գոշ լճի տարածքում` առանց թույլտվության մաքրման աշխատանքներ իրականացնելու դեպքեր, զբաղեցրած պաշտոններից ազատվել են ազգային պարկի տնօրենի երկու տեղակալը և Բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի պետը:
Մեկնաբանել