Տնակում ապրող 60-ամյա Գրետելը միայնակ պայքարում է հիվանդության դեմ
Նարեկ Ալեքսանյան
Գրետել Խաչատրյանն ապրում է Վանաձորի տնակային թաղամասում։ Դեռ 2016-թ.-ին անդրադարձել էինք փլուզվող տանիքով, խոնավ տնակում ապրող միայնակ կնոջ պատմությանը։ Գրետելը 60 տարեկան է, Սպիտակի երկրաշարժից հետո է տեղափոխվել այստեղ, թոռան մահվանից հետո ձեռք է բերել շաքարային դիաբետ, երրորդ կարգի հաշմանդամ է։ Մի քանի ամիս առաջ որովայնի շրջանում ցավեր է ունեցել, փորը սկսել է ուռչել, այնուհետև ոտքերի վերջույթներում սկսել են գոյացություններ առաջանալ, օրգանիզմը հյուծվել է, անցած տարվա համեմատ բավականին նիհարել է։ Վանաձորի տարբեր հիվանդանոցներ այցելելուց հետո կարողացել է ուղեգիր ձեռք բերել՝ պետպատվերով բուժվելու համար։ Սակայն հիվանդանոցում ստացիոնար բուժում ստանալը, ըստ Գրետելի, ևս մեկ փորձություն է լինելու, քանի որ ոտքի ցավի պատճառով դժվարությամբ է տեղաշարժվում, խնամակալ չունի, տնակում գոնե հարևանները, երբեմն կենցաղային հարցերով օգնում են։ Ամեն դեպքում, հունիսին Գրետելը ցանկանում է տեղափոխվել հիվանդանոց, որպեսզի հիվանդությունն ավելի չբարդանա։ Այժմ նա տնային պայմաններում պրոֆիլակտիկ բուժում է ստանում, Betadine քսուքով ինքնուրույն մշակում է ոտքերի վերքերը, որոնք թարախակալած են, օրը մեկ անգամ փոխում է վիրակապերը․ գումարը չի բավականացնում ավելի հաճախ քսուքն օգտագործել։ 20 գրամանոց մեկ տուփն արժե 2100 դրամ, որը բավականացնում է ընդամենը 3-4 անգամվա համար․ Գրետելի թոշակը 25 հազար դրամ է, եկամուտի այլ աղբյուր չունի։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել