
Արա Կիրակոսյանը հրաժարվել է փաստաբանից
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է կայանար «Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախկին նախագահ, փողերի լվացման գործով ամբաստանյալ Արա Կիրակոսյանի մասնակցությամբ երկրորդ քրեական գործով դատական նիստը: Հիշեցնենք, բացի «Հայբիզնեսբանկ»-ի փողերի լվացման գործից, նրան մեկ այլ դրվագով էլ է մեղադրանք առաջադրվել Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Նիստը, սակայն, հետաձգվեց, քանի որ Արա Կիրակոսյանը մայիսի 14-ին հրաժարվել է իր պաշտպանից` փաստաբան Հակոբ Ճարոյանից: Դատավոր Գագիկ Պողոսյանի հարցին, թե ինչն է եղել հրաժարվելու պատճառը, Արա Կիրակոսյանը նշեց, որ իր և պաշտպանի միջև որոշ հարցերի վերաբերյալ տարաձայնություններ են եղել:
Ամբաստանյալ Կիրակոսյանը մեկ ամիս ժամանակ խնդրեց դատարանից նոր պաշտպան ներգրավելու և այդ ընթացքում գործի նյութերին ծանոթանալու համար: Դատարանը նիստը հետաձգեց մինչև հունիսի 22-ը:
Արա Կիրակոսյանի` փողերի լվացման գործով վերջին դատական նիստը ևս հետաձգվել էր նույն պատճառով:
Գլխավոր դատախազության հաստատած մեղադրանքի համաձայն՝ Արա Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահը, նույն բանկում իր անվամբ ձևակերպված 344.000 ԱՄՆ դոլար գումարի վարկը մարելու, բացի այդ, իր քրոջ ամուսնու` Արմեն Հովհաննիսյանին պատկանող ՌԴ Մոսկվա քաղաքում գրանցված «Էրմանո» ՍՊԸ ընկերության ունեցած 101.000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկային պարտավորությունների կատարումը հետաձգելու նպատակով, իր կարգադրիչ և այլ լիազորություններն ընկերության շահերին հակառակ, իր և վերը նշված անձի օգտին օգտագործելով, 01.02.2013թ. հրավիրել է վարչության արտահերթ նիստ, որում ձայների մեծամասնությամբ ընդունվել է որոշում` «Էրմանո» ՍՊԸ-ին 445.000 ԱՄՆ դոլար վարկի տրամադրումը հաստատելու վերաբերյալ, ինչի արդյունքում կազմվել է վարկային պայմանագիր:
Արա Կիրակոսյանից բացի` այս գործով մեղադրվում է նաև անշարժ գույքի գնահատումով զբաղվող «Պարտեր» ՍՊԸ ընկերության գնահատող Հարություն Խալաթյանը:
Հարություն Խալաթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից լիցենզավորված անշարժ գույքի գնահատումով զբաղվող «Պարտեր» ՍՊԸ ընկերության գնահատող` առևտրային կազմակերպության ծառայող, իր կարգադրիչ լիազորությունների շրջանակում, ուրիշ անձանց օգտին օգտագործելու նպատակով, 2012թ. հուլիսի 27-ին հաշվետվությամբ` Արագածոտնի մարզ, Ափնագյուղ 1-ին փողոց, թիվ 1/1 հասցեում գտնվող անասնագոմը գնահատել է իրականությանը ակնհայտորեն չհամապատասխանող և շուկայական արժեքից զգալիորեն բարձր` 123.000.000 ՀՀ դրամ լիկվիդացիոն արժեքով, այնինչ դրա իրական լիկվիդացիոն արժեքը կազմել է ընդամենը 12.787.000 ՀՀ դրամ:
Հարություն Խալաթյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Մեկնաբանել