HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փախուստ սահմանադրական դրախտից

Այսօր բոլորն են խոսում արտագաղթի մասին՝ անշուշտ նկատի ունենալով Հայաստանի քաղաքացիների վերջին տասնամյակների հոսքը դեպի Ռուսաստան, Եվրոպա, Միացյալ Նահանգներ։ Շատերի համար այս երևույթն ուղղակիորեն կապվում է ԽՍՀՄ փլուզման և Հայաստանի անկախության հետ։ «Սովետը քանդվեց, սահմանները բացվեցին, մարդիկ սկսեցին հեռանալ»,- ասում են։

Այս համոզմունքը հավասարապես ե՛ւ ճիշտ է, ե՛ւ սխալ։ Խորհրդային Միությունն, այո, տոտալիտար պետություն էր՝ պարագծված երկաթե անթափանց վարագույրով, որով, ինչպես ասում են՝ «հավքն իր թևով, օձն իր պորտով» չէր կարող անցնել։ Բայց արտագաղթելու ձգտումը միշտ կար, և դա, կարելի է ասել` ներգաղթողների «մենաշնորհն» էր։

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Պանորամա Սիթի քաղաքում բնակվող Արաքսի Դեմիրճյանն, ում ընտանիքը Ֆրանսիայից Հայաստան էր ներգաղթել 1936-ին, պատմում է, որ հայրը, հասկանալով ուր է բերել իր զավակներին, գնում է Մոսկվա` ԽՍՀՄ-ում Ֆրանսիայի հյուպատոսից վերադարձի արտոնություն ստանալու։

Արաքսիի հայրն, իհարկե, չի հասցնում մոտենալ հյուպատոսության շենքին. չեկիստները կանխում են։ Արարքը վերագրելով խորհրդային օրենքներին նրա անտեղյակությանը՝ բավարարվում են ետ՝ Հայաստան ուղարկելով։ Պատերազմը սկսվելուն պես՝ 1941-ին, նրան, որպես անհուսալի տարրի, աքսորում են Ղազախստան։ 1948-ին վերադառնում է։ Չանցած մեկ տարի՝ կրկին աքսորում են, այս անգամ արդեն ընտանիքով։

Ստալինիզմի ամենադաժան ժամանակաշրջանում նման քայլ կարող էր անել մեկը, ով սովետական իրականությունն այլ իրականության հետ համեմատելու հնարավորություն ուներ։ Այսինքն՝ գիտեր` որտեղից է եկել և ուր է ուզում գնալ։

Այս և նման այլ օրինակներով կարելի է ենթադրել, որ արտագաղթն ուղղակիորեն կապված է հայրենադարձության հետ։ Տասնյակ հազարավոր մարդիկ «Հայաստան-Հայրենիք» փափագելով հայտնվեցին խորհրդային փակ տարածքում՝ իրենց հետ բերելով ուրիշ կյանքի մասին պատկերացումներ, ինչը չունեին տեղաբնակները։

Ամերիկայի Միացյալ Նահանգներից 1949-ին ներգաղթած Սոնիա Մղրպլյանը հիշում է, որ ավելի վաղ Հայաստան տեղափոխված սփյուռքահայերն իրենց ասում էին, թե կյանքը 1946-47 թվերի հետ համեմատած լավացել է։ «…բայց մենք լավ բան չէինք տեսնում, որտեւ Ամերիկայից էինք գալիս»,- ասում է տիկին Սոնիան, ով այժմ ապրում է Փարիզում։

Սոնիա Մղրպլյանը Հայաստան ներգաղթելուց առաջ

Նրա խոսքը հաստատվում է Հայաստանի ազգային արխիվում պահվող հույժ գաղտնի մի նամակով, որի հեղինակը ՆԳՆ սահմանապահ զորքերի հայկական օկրուգի պետի տեղակալ փոխգնդապետ Նալբանդյանն է։ 1948-ի մայիսին Ներգաղթ կոմիտեի նախագահ Աստվածատրյանին նա տեղեկացնում է, որ «…հայ հայրենադարձների որոշ մասը նյութական դժվարությունների հողի վրա դժգոհություն են արտահայտում Սովետական Հայաստանի կյանքից և գովաբանում են արտասահմանի կյանքը»։

Նամակում ուղղակի մեջբերված է Լենինականում (Գյումրի) բնակվող եգիպտահայ մի հայրենադարձի խոսքը. «Ես կաղ եմ, բայց Եգիպտոսում նյութապես ավելի լավ էի ապրում, քան ամենաառողջ մարդը Հայաստանում։ Լինելով կոշկակար՝ ապահովված էի անհրաժեշտ ամեն ինչով։ Ներգաղթելով Հայաստան՝ հույս ունեի, որ կբացեմ մասնավոր արհեստանոց և կաշխատեմ մասնագիտությամբ։ Սակայն հույսերս չարդարացան»։ Հարցին՝ ինչո՞ւ չի ուզում աշխատել կոշիկի ֆաբրիկայում, եգիպտահայը պատասխանել է. «Որտեղ էլ աշխատեմ, միևնույնն է ավելի լավ չի լինի, քան Եգիպտոսում»։

Եվս մեկ հույժ գաղտնի նամակից (12.08.1948), որը ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ Սահակ Կարապետյանին են ուղղել ՆԳ նախարարի տեղակալ գնդապետ Կարակոզովը և սահմանապահ զորքերի վարչության պետ գնդապետ Ռուդևսկին, տեղեկանում ենք, որ Հայրենադարձության առաջին իսկ տարում` 1946-ի հուլիս-դեկտեմբեր ամիսներին, կանխվել է փախուստի 7 դեպք`19  մարդու մասնակցությամբ։ 1947-ին եղել է 91 դեպք / 270 մարդ։ 1948-ին, մինչև նամակը գրելու օրը՝ 71 դեպք / 133 մարդ։ Այսինքն մոտ երկու տարում (1946 հուլիս-1948 օգոստոս) ավելի քան 400 հայրենադարձ փախուստի (արտագաղթի) փորձ է ձեռնարկել։

Նամակի հեղինակները տեղեկացնում են նաև, որ հայրենադարձների շրջանում տարված բացատրական աշխատանքի շնորհիվ 1947-ին հաջողվել է փախուստի մտադրությունից հետ պահել 287, իսկ 1948-ի հունվար-օգոստոս ամիսներին` 42 մարդու։

Չնայած սահմանապահների աչալրջությանն ու զգոնությանը՝ 1946-47-ին պետական սահմանն անցնել հաջողվել է 20 մարդու (5 դեպք), իսկ 1948-ի յոթ ամիսներին՝ 11 (1 դեպք)։

Հաջորդ տարիներին նույնպես եղել են փախուստի փորձեր, սակայն, կապված դրանց համար նախատեսված պատժի խստացման հետ, աստիճանաբար պակասել են։ Սկզբում փախուստի փորձ կատարողները ստանում էին համեմատաբար մեղմ պատիժներ՝ 2-3 տարվա բանտարկություն, երբեմն պայմանական, առանց կալանքի։ 1948-ի աշնանը քրեական օրենսգրքում կատարվում է փոփոխություն. պատժաժամկետը դառնում է 10 տարի, իսկ հանցանքը՝ որակվում հայրենիքի դավաճանություն։

Որ արտագաղթի միտումները լուրջ գլխացավանք էին Սովետական Հայաստանի կառավարության համար, վկայում են հետևյալ քայլերը։ Ընդառաջելով սահմանապահ զորքերի հայկական օկրուգի առաջարկին՝ ՀԽՍՀ նախարարների խորհուրդը որոշումներ է կայացրել սահմանամերձ բնակավայրերից արտագաղթի միտումներ ունեցող հայրենադարձների ընտանիքներին հանրապետության խորքային շրջաններ տեղափոխելու մասին։ Այսինքն՝ կազմակերպվել է հարկադիր տեղահանություն կամ ներքին աքսոր։ Միաժամանակ որոշում է ընդունվել սահմանամերձ շրջաններում բնակեցված հայ հայրենադարձների (արտագաղթի միտումներ չունեցող) նյութական-կենցաղային պայմանների բարելավման միջոցառումների մասին։

Փախուստի սխեմա

Փախուստների հետ կապված պաշտոնական բոլոր փաստաթղթերում շեշտը դրվում է հայրենադարձների սոցիալական և կեցաղային անբավարար պայմանների վրա՝ դրանցով պայմանավորելով արտագաղթի միտումները, մինչդեռ պետական մարմինների ուշադրության կենտրոնում հայտնված առանձին դժգոհների մասին կազմված տեղեկանքներում շատ հաճախ հանդիպում է «գովաբանում է արտասահմանի կյանքը» արտահայտությունը։

Աջից՝ Հովհաննես Պայտարյանը, 1952, Սիբիր

Սա շատ կարևոր է արտագաղթ երևույթի ծագումը հասկանալու համար, որովհետև, ինչպես կտեսնենք` հետագա տարիներին (1950-60-70-ականներ) կյանքը փոխվում է, հայրենադարձների կենցաղային և սոցիալական վիճակը քիչ թե շատ բարելավվում է, բայց արտագաղթի միտումները թուլանալու փոխարեն` առավել ահագնանում են։

1947-ին Լիբանանից Հայաստան ներգաղթած, Սիբիրյան աքսորը վերապրած, այժմ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գրանադա Հիլզ քաղաքում բնակվող Հովհաննես Պայտարյանը կարծում է, որ արտագաղթի բուն պատճառը սովետական գաղափարախոսությունն էր՝ հիմնված ստի և կեղծիքի վրա։ «Եթե Սովետական Միությունը լիներ այնպիսին, ինչպես գրված էր Սահմանադրության մեջ, իսկապես դրախտ կլիներ, մարդու համար հիասքանչ կարգ ու կանոնով»,- ասում է պարոն Պայտարյանը։

լուսանկարում` Արաքսի Դեմիրճյանի հարսանիքը, վաղ 1950-ականներ, Սիբիր

 

 

 


Հոդվածը պատրաստվել է «Երկու կյանք։ Սառը պատերազմը եւ հայերի արտագաղթը» նախագծի շրջանակում՝ National Endowment for Democracy-ի (NED) դրամաշնորհով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter