«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը դատի է տվել Շիրակի մարզպետարանին՝ պահանջելով 100 մլն դրամ պարտքը
Շիրակի մարզի 49 գյուղական համայնք «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին պարտք են 100 մլն դրամ: Կառավարության կողմից իրականացվող սերմնաբուծության և սերմնարտադրության ծրագրի շրջանակներում հատկացված էլիտար սերմի դիմաց համայնքները չեն վճարել 2012թ-ից: Նախորդ երկու մարզպետների օրոք խնդիրը նման հնչեղություն չի ունեցել: Հիմա, երբ արդեն պարտքը ոչ թե հազարներով է հաշվվում, այլ միլիոններով, գործակալությունը որոշել է դատի տալ միջնորդ կառույցին՝ Շիրակի մարզպետարանին: Մարզպետ Հովսեփ Սիմոնյան էլ իր հերթին է սպառնում գումարը համայնքներից գանձել դատական կարգով:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը այսօր կայացած մարզխորհրդի նիստի ժամանակ նշեց, որ պարտքի պատճառով վտանգվում է ցորենի էլիտար սերմի տրամադրման ծրագրի շարունակականությունը: «Կվտանգվի 2017թ-ի սերմնաբուծության ծրագիրը, ինչպես եղավ անցած տարի, եթե չկարողանանք պարտքն ամբողջությամբ փակել»,- նշեց Մովսես Մանուկյանը: Համայնքներից ամենամեծ պարտքն ունեն Հայկաձորը՝ 17 մլն դրամ, Իսահակյանը՝ 11 մլն դրամ, Լուսաղբյուրը՝ 7 մլն դրամ, Մեղրաշատը՝ 7 մլն դրամ, Հովունին՝ 2 մլն դրամ:
Համայնքներից` ստացած սերմի դիմաց գումարների հավաքագրում չի կատարվել 2012-2015թթ-ին: Եթե 2012թ-ին պարտք ունեցող համայնքները 10-ն են եղել, գումարն էլ կազմել է 4 մլն դրամ, ապա 2014-15թթ.-ին միայն 22 համայնքի պարտքը կազմել է 46 մլն դրամ: Ստացվում է, որ եթե նախորդ մարզպետների օրոք ժամանակին միջոցներ ձեռնարկվեին, ապա պարտքատեր համայնքների թիվը չէր ավելանա:
«Այս տարի նախորդ տարվա համեմատ 6 հազար հա-ով պակասել են հացահատիկի ցանքսերը՝ կատարվել է 42 հազար հա ցանքս,- նշեց Մովսես Մանուկյանը,- պատճառներից մեկն էլ այն է, որ համայնքների ունեցած պարտքի պատճառով կառավարության կողմից կասեցվեց առաջին վերարտադրության ցորենի ծրագրի իրականացումը: Հիմա մեր առաջ խնդիր է դրվել ամբողջությամբ իրականացնել պարտքի հավաքագրման աշխատանքները: Ասեմ, որ երեք համայնքի գործ՝ մոտ 10 մլն դրամի, հանձնված է դատական կարգով լուծում տալու համար, իսկ մնացած 46 համայնքի փաթեթները պատրաստվելու են հարցը դատական կարգով լուծելու համար»:

Մովսես Մանուկյանի համար անհասկանալի է, թե ինչպես կարող էին հարևանությամբ գտնվող երկու համայնք, ստանալով նույն քանակությամբ սերմ, ցանքս կատարելով նույն եղանակային պայմաններում` ստանալ բերք, վերադարձնել պարտքը, իսկ մյուսը՝ ոչ: «Օրինակ Գուսանագյուղ համայնքը 100 տոկոսով կատարել է իր պարտավորությունը, Շիրակավան համայնքը` նույնպես, իսկ հարևանությամբ գտնվող Լուսաղբյուր, Հայկաձոր, Իսահակյան համայնքները կուտակել են տաս և ավելի միլիոն դրամի պարտք: Սա անհասկանալի է»,- նկատեց բանախոսը:
Մարզպետ Հովսեփ Սիմոնյանը հորդորեց պարտք ունեցող համայնքների համայնքապետերին ամեն ջանք գործադրել առաջացած պարտքն ամբողջությամբ հավաքագրելու համար: Համայնքների վատ ցուցանիշն ազդում է նաև դոնորների կողմից իրականացվող ծրագրերի վրա:
«Կազմակերպությունը, որ ուզում է տվյալ համայնքում ծրագիրն անի, նախ նայում է, թե բյուջեն ինչպես են հավաքագրում ու ինչպես ծախսում. եթե ծրագիր է իրականացվել, ապա ինչ արդյունքով: Հիմա, եթե գյուղը պարտք է կուտակել, չի կարողանում մի ծրագիրը մինչև վերջ իրականացնի, ինչպե՞ս կկարողանա անցնել հաջորդին,- հարց հնչեցրեց մարզպետն ու, չստանալով պատասխան, շարունակեց,- Բենիամինի գյուղապետն այստե՞ղ է, մենք չկարողացանք ձեր գյուղացուն 24 հազար դրամ մուծել տալ: Հիմա որ դատարան տանք՝ ծախսերն ավելանալու է, դառնալու է 45 հազար դրամ: Մարդկանց բացատրեք, որ մեկ է այդ գումարը իրենք վճարելու են. լավ կլինի, որ գործը չհասնի դատարան»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել