HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԱրմենՏել»-ի տեխնիկական բլոկի նախկին տնօրենի գործով հետազոտվում են ապացույցները

«ԱրմենՏել» ՓԲԸ-ում զարտուղի կապուղի ստեղծելու գործով դատարանն արդեն սկսել է հետազոտել ապացույցները:

Մեղադրող Հայկ Հակոբյանն այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ներկայացնում էր «ԱրմենՏել» ՓԲԸ-ի տեխնիկական բլոկի նախկին տնօրեն Վլադիմիր Սաչկովի գործով «ԱրմենՏել»-ի Միջօպերատորական համագործակցության բաժնի պետ Կարինե Եղիազարյանի RFC հանձնարարականները, Սաչկովին ուղղված գրություններն ու այլ փաստաթղթեր:

Սաչկովը նշեց, որ Կարինե Եղիազարյանի կողմից տրված հանձնարարականները սովորական հանձնարարականներ են, որոնք, ինչպես նշել է իր ցուցմունքում տեխնիկական բլոկի նախկին տնօրեն Վրույր Առաքելյանը, որևէ արտառոց բան չեն պարունակել: Այդ հանձնարարականներից մեկում կար նաև Ղրղստանի քաղաքացի Ալեքսեյ Պիսարևի համապատասխան մուտքն ապահովելու թույլտվություն:

Ուսումնասիրվեց նաև «Մեգաֆոն»-ի զանգերի համապատասխան տվյալներով ֆայլեր պարունակող ձայնասկավառակը, որից հետո Սաչկովն ասաց, որ դրանցում չկան համապատասպան տեսակի ֆայլեր, որոնցից հայտնի դառնար, թե այդ զանգերը որտեղից են եկել:

«Իմ աշխատելու ժամանակահատվածում՝ 2009-2013թթ., «ԱրմենՏել»-ի և «Մեգաֆոն»-ի միջև ուղիղ միացում չի եղել: Հետևաբար, «Մեգաֆոն»-ն իրավաչափորեն էր ուղարկում զանգերը երրորդ օպերատորներին, և այս պարագայում «ԱրմենՏել»-ը որևէ կերպ չէր կարող ազդել «Մեգաֆոն»-ի զանգերի փոխանցման վրա: Այդ պատճառով այդ զանգերը խնդրում եմ ճանաչել անթույլատրելի ապացույցներ այս գործում, որովհետև «ԱրմենՏել»-ի գործունեության հետ դրանք որևէ առնչություն չունեն»,- ասաց Վլադիմիր Սաչկովը:  

Դատավոր Արմեն Բեկթաշյանը Սաչկովի համար պարզաբանեց, որ դատարանը բոլոր ապացույցներին կանդրադառնա դատավճռում:

Բացի դրանից, Սաչկովը նշեց, որ «ԱրմենՏել»-ի կողմից ուղիղ միացման բացակայության պարագայում հաշվարկների ճշգրտությունը ևս չի երաշխավորվում: Բացի դրանից, բիլինգային հաշվարկային համակարգն իր պաշտոնեական պարտականությունների մեջ չի մտնում:  Սաչկովը վկայակոչեց «ԱրմենՏել»-ի տնօրենի կողմից տրված նամակը, որտեղ նշվում է, որ բիլինգային համակարգը նախատեսված է ռոումինգային բաժանորդների սպասարկաման համար և ընկերության համակարգի հետ որևէ առնչություն չունի:

Սաչկովն առաջարկեց «Ռոստելեկոմ»-ի ֆայլերի միջոցով ցույց տալ իր ասածի իսկությունը, սակայն մեղադրողն ընդդիմացավ` նշելով, որ դրանք խիստ մասնագիտական տվյալներ են և դատավարության մասնակիցների համար` ոչ ընկալելի: Հետևաբար, առանց համապատասխան մասնագետի ներկայության, Սաչկովի ասածները չեն կարողանա իրավաչափ լինել:

Այդուհանդերձ, որոշվեց, որ դատարանին Սաչկովի խոսքը հիմնավոր ու տեսանելի դարձնելու համար, Սաչկովը դրանք ցույց կտա իր ցուցմունքի ժամանակ:

Այսօրվա նիստը հետաձգվեց: Ապացույցները կշարունակեն հետազոտել մայիսի 30-ին: 

Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, «ԱրմենՏել» ՓԲԸ-ի որոշ պաշտոնյաների և նույն կազմակերպության հետ անուղղակիորեն կապված անձանցից կազմված խումբը ստեղծել է մի կապուղի, որի միջոցով արտերկրյա օպերատորներից ստացվող միջազգային զանգերը շրջանցել են ընկերության հաշվարկային համակարգը: Ընկերության հաշվարկային համակարգը շրջանցած կապուղին գործել է 2011-2013թթ-ին: Խմբի գործունեության արդյունքում վնաս է հասցվել թե´ ընկերությանը, թե´, համապատասխանաբար, պետությանը՝ հարկերի մասով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter