
Պայթյուն Վարդենիսում. կռի՞վ ոսկու համար
«Հետքի» աղբյուրը Վարդենիսից հայտնում է, որ այսօր գիշերը պայթեցրել են Սոթքի ոսկու հանքը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի վարդենիսցի աշխատակից, երկրաբան Հակոբ Սիմոնյանի BMW 525 I մակնիշի ավտոմեքենան:
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հաստատեց լուրը և հայտնեց, որ Քննչական կոմիտեն ահազանգ ստացել է, որ տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով վնասվել է նշված մեքենան: Տուժողներ չկան: Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել մեքենայի կողքը, սակայն փորձաքննություններից հետո պարզ կդառնան դեպքի հանգամանքները:
Հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 235-րդ հոդվածի հատկանիշներով: Այն է՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, ինչպես նաև ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
Սոնա Տռուզյանը նաև հայտնեց, որ քննություն է տարվում՝ դեպքի հանգամանքները պարզելու, և հանձնարարություն է տրվել ոստիկանության աշխատակիցներին ձեռնարկել հետախուզական միջոցառումներ` կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ:
Այս պայթյունը հաջորդել է երեկ Վարդենիսում կայացած «չղջիկների» հավաքին: Երեկ կարճ ժամանակով նրանք փորձ են արել փակել Վարդենիսի ճանապարհը՝ իրենց բողոքն այդպիսով արտահայտելու Սոթքի հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի դեմ, քանզի ընկերությունը վերջին շրջանում փակել է հանքահորեր տանող բոլոր մուտքերը, որտեղից «չղջիկները» ոսկի են գողանում:
Մեր հարցին, թե արդյոք իր մեքենայի պայթյունը կապ ունի երեկ Վարդենիսում կայացած «չղջիկների» հավաքի ու ակցիայի հետ, Հակոբ Սիմոնյանը պատասխանեց՝ այո:
«Ես ոչ հանցագործ եմ, ոչ էլ քրեական աշխարհի մարդ եմ, իմ քրտինքով ապրող գեոլոգ տղա եմ: Երևի մի հատ հիմար դեզինֆորմացիա է տվել, դրա հետևից էլ գնացել են: Վարդենիսում ինձնից շատ լավություն արած մարդ չկա, եթե կա, թող գա խոսենք: Էս ազգաբնակչության համար ամենալավ, բարի, լավ մարդը ես եմ եղել՝ մինչև երեկ: Քանի չեն բացահայտել, ոչ մեկի վրա չեմ կասկածում»,- ասաց Հակոբ Սիմոնյանը:
Գեղարքունիքի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը այս իրադարձություններին ծանոթ չէր: Նրա ասելով, Վարդենիսում ճանապարհ չի փակվել, և այդ մասին նա առաջին անգամ մեզնից է լսում:
«Մենք տեղեկություն չունենք, չենք տիրապետում ինֆորմացիային: «Չղջիկները» Գեոպրոմայնինգի տարածքում են, մենք ինչ գործ ունենք նրանց հետ: Իսկ «չղջիկներն» ապօրինի գործունեություն են անում: Չղջիկը, ես լսել եմ, որ գողություն են անում: Հիմա մենք գողությունը խրախուսո՞ւմ ենք մեր երկրում: Պետական ունեցվածք է, տեր կա, աշխատողներ կան, էնտեղ էլ հազար ու մի խնդիրներ, փորձանքներ են լինում: Ոչ ոստիկանությունն է ահազանգել, որևէ մեկը նման բան չի ասել: Կարող է մի քանի ապօրինի գործողություններ անողներ հավաքվել, բան են քննարկել, բայց ճանապարհ, համենայնդեպս, չի փակվել»,- ասաց Անդրանիկ Հակոբյանը:
Մարզպետին փոխարինող տեղակալը նաև տեղյակ չէր մեքենայի պայթյունից: Ասաց, որ սովորաբար արտակարգ իրավիճակների նախարարությունը մարզպետին կամ տեղակալին զեկուցում են, երբ նման դեպքեր են լինում: Սակայն այս անգամ չեն իրազեկել:
«Հետքի» նույն աղբյուրը հայտնում է, որ քիչ առաջ ոստիկանության Վարդենիսի բաժին է մտել պատգամավոր Կարեն Բոթոյանը, ում անունը շրջանառվում է Գեղարքունիքի մարզպետի պաշտոնի համար:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել