HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համատեղ Հռչակագիր ՀՀ և Եվրոպական հանձնաժողովի միջև

Մենք, ներքոստորագրյալներս, 

վկայակոչելով Գործընկերության և համագործակցության համաձայնագրի և Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում համագործակցության բոլոր հնարավորությունները օգտագործելու ընդհանուր ձգտումը,

վերահաստատելով Արևելյան գործընկերության շրջանակներում ընդհանուր արժեքների հիման վրա հարաբերություններն ընդլայնելու և խորացնելու հանձնառությունը, ինչպես նաև Ասոցացման համաձայնագրի հեռանկարը, որը մեր հարաբերությունները գալիք տարիներին կբարձրացնի մեկ այլ մակարդակի,

նկատի ունենալով վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև քաղաքական ընդլայնված երկխոսությունը,

ողջունելով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև աճող համագործակցությունը, որը ներառում է հարցերի ավելի լայն շրջանակ, ներառյալ քաղաքական և մարդու իրավունքների շուրջ երկխոսությունը, արդարադատությունը, ազատությունը և անվտանգությունը, ինչպես նաև տնտեսական և ոլորտային քաղաքականությունը,

նկատի առնելով Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման գործում Հայաստանի Հանրապետության արձանագրած առաջընթացը և նշելով բարեփոխումներին ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարության հետագա ջանքերի անհրաժեշտությունը,

ողջունում ենք ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի բանակցություններում գրանցված լավ առաջընթացը և շեշտում ապագա Ասոցացման համաձայնագրի շրջանակում երկկողմ` Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի հիմնելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը ուղղված` Հայաստանի Հանրապետության հետագա քայլերի կարևորությունը,

ստանձնում ենք հանձնառություն` ավելի ակտիվորեն հետամուտ լինել Եվրոպական հարևանության քաղաքական ուղենիշներին, ինչը կամրագրվի Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական Հանձնաժողովի կողմից համատեղ մշակվելիք` բարեփոխումներին միտված գործընկերության շրջանակներում: Դրանք կուրվագծեն համագործակցության այն ոլորտները, որոնք կարող են լինել մեր հարաբերությունների կիզակետում` ԵՄ գործիքների և միջոցների օգնությամբ, 

վերահաստատում ենք Հայաստանի Հանրապետության հստակ հանձնառությունը շարունակելու բարեփոխումների գործընթացը և ընդգծում Եվրոպական Հանձնաժողովի պատրաստակամությունը տրամադրելու ավելի մեծ աջակցություն բարեփոխումների իրականացման համար, ներառյալ բյուջետային աջակցության և Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական Հանձնաժողովի միջև համաձայնեցված` Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի միջոցով, 

ողջունում ենք Հայաստանի Հանրապետությունում ԵՄ խորհրդատվական խմբի գործունեությունը` ապագա Ասոցացման համաձայնագրի առանցքային ոլորտներում խորհրդատվություն տրամադրելու գործում,

հայտնում ենք վստահություն, որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև մարդկանց տեղաշարժին նպաստելը, ներառյալ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև վիզաների տրամադրման դյուրացման և հետընդունման համաձայնագրերի շուրջ բանակցությունների արագ մեկնարկը, լինելով անվտանգ միջավայրում վիզաների աստիճանական, հեռանկարային ազատականացման նպատակին ուղղված առաջին քայլերից մեկը, էականորեն կխթանի միջմարդկային շփումները:
 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝
Էդվարդ Նալբանդյան
Արտաքին գործերի նախարար

Եվրոպական Հանձնաժողովի կողմից՝ 
Շտեֆան Ֆյուլե
Եվրոպական հանձնաժողովի անդամ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter