HY RU EN

Արաքս Մամուլյան

Ես կսպանեի իմ եղբորը սպանողին․ Արթուր Սաֆարյանի և Մովսես Ներսիսյանի սպանության գործով ամբաստանյալի ցուցմունքը

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Քրեական աշխարհում «Կայարանցի Թևոսիկ» անունով հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր` Արթուր Սաֆարյանի և Մովսես Ներսիսյանի սպանության գործի քննությունը:

Դատարանում շարունակվեց ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի հարցաքննությունը, որը երեկ, աշխատանքային օրվա ավարտի պատճառով, ընդհատվել էր:

Սարգսյանին, հիշեցենք, մեղադրանք է առաջադրվել Արթուր Սաֆարյանի սպանությունը կազմակերպելու և այդ հարցում, ըստ գործի նյութերի, սպանությունը կատարած անձին՝ Մովսես Ներսիսյանին օժանդակելու համար: Ըստ մեղադրանքի՝ Սաֆարյանի սպանությունից հետո Սարգսյանը հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով սպանել է Մովսես Ներսիսյանին ու գցել դիտահորը:

Դատավոր Արմեն Բեկթաշյանն այսօր Սարգսյանին հարցեր տալիս նշեց, որ վերջինս երեկ տված իր ցուցմունքում ավելի շատ խոսել է իր հետ կալանավորված, ապա ազատ արձակված Տիգրան Ասատրյանի ու Թևոս Սաֆարյանի հարաբերությունների, քան իր մեղադրանքի մասին:

«Տպավորություն էր, որ դուք Տիգրան Ասատրյանի վերաբերյալ մեղադրական ճառ էիք ասում, ձեր ամբողջ մեղադրանքը Տիգրան Ասատրյանին էր վերաբերում`չնայած ուղիղ չասացիք, թե Տիգրան Ասատրյանը կապ ունի սպանության հետ»,- ասաց դատավոր Արմեն Բեկթաշյանն ու Սարգսյանին հարց ուղղեց, թե Տիգրան Ասատրյանի վերաբերյալ կասկածներ ունենալու պարագայում ինչո՞ւ նա չի դիմել իրավապահ մարմիններին՝ օրինական ճանապարհով պարզելու համար Ասատրյանի առնչությունը սպանությանը:Դատավորը, դիմելով ամբաստանյալ Սարգսյանին, ասաց, որ եթե վերջինս  իրավապահ մարմիններին հայտներ իր կասկածների մասին, ապա ոչ թե Տիգրան Ասատրյանն իրեն կձայնագրեր ու, ինչպես ինքն է պնդում, կմոնտաժեր իրենց միջև տեղի ունեցած խոսակցությունն, այլ խոսակցության ձայնագրությունն օրենքով սահմանված կարգով կանեին իրավապահները, և ինքը, անմեղ լինելու դեպքում, նման պատմության մեջ չէր հայտնվի:

Հիշեցնենք, որ խոսքը սպանության գործի նյութերում առկա և Տիգրան Աատրյանի կողմից արված այն ձայնագրության մասին է, որում Իսրայել Սարգսյանը Տիգրանին «խոստովանում է», որ ինքն է Մովսեսին պատվիրել սպանել Արթուր Սաֆարյանին, ապա կատարել Մովսեսի սպանությունը: Երեկ իր ցուցմունքում Սարգսյանը հայտարարեց, թե ինքը Տիգրանին է կասկածել սպանության մեջ, ու նրա հետ խոսակցության ժամանակ փորձել է հասկանալ, թե վերջինս ինչ կերպ կարձագանքի իր «խոստովանությանը»: Սարգսյանի պնդմամբ Տիգրան Ասատրյանի կողմից նախաքննական մարմնին ներկայացրած ձայնագրությունը մոնտաժված է:

«Եթե ես հաստատ իմանայի էլ, որ Տիգրանը կա այս սպանության մեջ, ոստիկանություն չէի հայտնի»,-դատավորի հարցին ի պատասխան ասաց Իսրայել Սարգսյանը:

«Այս դեպքում ինչո՞ւ էիք «օպերատիվ-հետախուզական միջոցառումներ» ձեռնարկում,- հարցրեց դատավորը:

«Ուզում էի իմանալ`դիմացս մարդ է կանգնած, թե՞ այլ անձնավորություն»,- պատասխանեց Իսրայել Սարգսյանը:

Մովսես Ներսիսյանը Տիգրան Ասատրյանի ու Թևոս Սաֆարյանի հետ խնդիրներ է ունեցել

Ամբաստանյալը, խոսելով  Տիգրան Ասատրյանի այն պնդման մասին, թե ինքը Մովսեսին գրեթե չի ճանաչել, թե Մովսեսն իր համար «դատարակություն» է, հայտարարեց, որ Մովսեսն ու Տիգրանն իրար վաղուց են ճանաչել:

«Տիգրանն ու Մոսոն իրար կալանավայրից են ճանաչել: 1999-ին ես էլ էի նստած, Տիկոն էլ, Մոսոն էլ»,- ասաց Իսրայել Սարգսյանը, ավելին, Տիգրան Ասատրյանն, ըստ ամբաստանյալի ցուցմունքի, եղել է այն անձն, ում միջոցով Թևոս Սաֆարյանն ու Մովսես Ներսիսյանը ծանոթացել են:

«Խոսեցնում եք էլի. սրա մասին չէի ուզում ասել, բայց կասեմ»,- դատավարության կողմերին դիմելով`ասաց Իսրայել Սարգսյանն ու պատմեց, որ 2006-ին Տիգրանը Մովսեսին կանչել է իր տուն, որտեղ եղել է նաև Թևոս Սաֆարյանը: Հանդիպման առիթը եղել է Թևոսի` Մոսկվայում ունեցած ինչ-որ լուրջ խնդիր, և Տիգրան Ասատրյանը Թևոսին երաշխավորել է, որ Մովսեսը կարողէ լուծել իր խնդիրը: Նրանց միջև, ըստ Սարգսյանի, պայմանավորվածություն է ձեռք բերվել, ու Մովսեսը մեկնել է Մոսկվա, որտեղ չեչենների միջոցով պետք է լուծվեր Թևոսի խնդիրը: Խնդիրը լուծվել է, Թևոսը, սակայն, ըստ Իսրայել Սարգսյանի ցուցմունքի, խախտել է  պայմանավորվածությունն ու չի կատարել այն, ինչ պիտի աներ խնդրի լուծումից հետո: Մովսեսն, ըստ Սարգսյանի ցուցմունքի, ստիպված է եղել Մոսկվայից «փախնել» ու գալ Հայաստան, որտեղ դիմել է Տիգրանին, որպեսզի վերջինս խոսի Թևոսի հետ, բայց  Տիգրանն այս առնչությամբ որևէ քայլ չի ձեռնարկել:

«Տարաք գլուխս ուտե՞ք»,- ըստ ամբաստանյալի ցուցմունքի՝ դիմելով Տիգրանին՝ ասել է Մովսեսը, ում Հայաստան գալուց հետո, ըստ Իսրայել Սարգսյանի, վերը նշված չեչենները հետապնդել են:

«Հետո Մոսոն չեչենների հետ իր խնդիրները լուծում ա, բայց աբիժնիկ ա մնում»,- դատարանին պատմեց Իսրայել Սարգսյանը՝ նշելով, որ Մովսեսն այս հարցոցվ այլևս չի խոսել Թևոսի հետ:

«Մովսեսն էն մարդը չէր, որ կարենար մոտենար Թևոսին»,- դատարանին «բացատրեց » Իսրայել  Սարգսյանը:

Այսինքն՝ Սարգսյանի  ցուցմունքից պարզ է դառնում, որ Մովսեսը խնդիրներ է ունեցել և՛ Տիգրան Ասատրյանի, և՛ Թևոս Սաֆարյանի հետ:

Ահա թե ինչը կարող էր, ըստ Իսրայել Սարգսյանի պատճառ լինել, որ Տիգրան Ասատրյանը սպանության սլաքները ուղղեր դեպի Մովսես Ներսիսյանը:

Ինչո՞ւ սպանության սլաքներն ուղղվեցին դեպի Իսրայել Սարգսյանը

Դատավորը հետաքրքրեց, թե այդ դեպքում սպանության սլաքները դեպի իրեն՝ Իսրայել Սարգսյանին ուղղելու շարժառիթը ո՞րն էր:

«Ես էլ եմ դա ցանկանում իմանալ, ինձ էլ է դա հետաքրքիր»,- ասաց Իսրայել Սարգսյանը՝ հայտարարելով, թե որևէ մեկը չկա, ով  կարող է ասել, որ ինքը սպանված Արթուր Սաֆարյանի հետ խնդիր է ունեցել ու շարունակելով, որ ինքը այս սպանության պատմության մեջ հայտնվել է միայն այն բանից հետո, երբ հանդիպել է Տիգրանի հետ ու նրան փորձելու համար կեղծ տեղեկություններ հայտնել սպանության մասին:

Դատավորը  հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Սարգսյանը մինչև հիմա քննություն իրականացնող մարմնին չի հայտնել այն կարևոր հանգամանքների մասին, որոնք երեկ ու այսօր իր ցուցմունքում է հայտնել:

«Բնավորություն է»,- պատասխանեց Իսրայել Սարգսյանը`շարունակելով, որ չի պատկերացրել, որ քննության ընթացքում չի ապացուցվի իր անմեղությունը:

Սարգսյանը դատարանին հայտնեց նաև, որ ինքը սրանից առաջ մեկ անգամ դատապարտվել է, ու այդ գործի քննության ամբողջ ընթացքում ոչինչ չի խոսել:

«Բայց այսօր երկու տրուպ է վրաս դրված, չեմ կարող չխոսել»,- ասաց Սարգսյանը:

Հակասություն`ամբաստանյալի նախաքննական ու դատաքննական ցուցմունքում

Ամբաստանյալի նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում մեկ էական հակասություն կար, որի կապակցությամբ հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքի համապատասխան հատվածը:

Նախաքննության ընթացքում, խոսելով Տիգրան Ասատրյանի կողմից ներկայացված ձայնագրության մասին, Սարգսյանն ասել է, որ դրանում իր ձայնը չէ, մինչդեռ դատարանում հայտնեց, որ իր ձայնն է, բայց ձայնագրությունը մոնտաժված է:

Այս հակասության առնչությամբ Իսրայել Սարգսյանը հայտնեց, որ երբ ինքը նոր էր կալանավորվել, նախաքննական մարմինն իրեն  ձայնագրությունը ներկայացրել է, սակայն ինքը դրանից մոտ 3 րոպե է լսել, չի հավատացել դրա իսկությանը, կարծել է, որ դա օպեր- լիազորների «սարքածն է» և դրա համար է ասել, թե դրանում իր ձայնը չկա: Ըստ Սարգսյանի ցուցմունքի`կալանավորումից շուրջ մեկ տարի անց միայն ինքը լսել է ձայնագրությունն ու հասկացել, որ դա իր և Տիգրանի հանդիպման խոսակցությունն է, բայց մոնտաժված:
Նշենք, որ ձայնագրության վերաբերյալ նշանակված փորձաքննության փորձագիտական եզարակացության համաձայն դրանում իսկապես առկա են ընդհատումներ ու բառերի կիսատ արտաբերումներ

Սարգսյանը չի պատկերացրել, որ Տիգրանը կարող էր ձայնագրել իրենց խոսակցությունը. դա մարդկային արարք չի համարում:

«Ընկերն ընկերոջը կձայնագրի՞ հարգելի դատարան, դա նորմալ է, մարդկային է՞»,- դիմելով դատավոր Արմեն Բեկթաշյանին ՝ հարցրեց Իսրայել Սարգսյանը:

«Եթե սպանության մեջ է կասկածում, իհարկե նորմալ է»,- պատասխանեց դատավոր Բեկթաշյանը:

Երկու սպանության մեջ մեղադրվող ու դատարանում արդարացող Սարգսյանն այսօր հայտարարություն արեց, որից դատավոր Բեկթաշյանը չզսպեց  զայրույթը:

«Ես կսպանեի իմ եղբորը սպանողին»,- հայտարարեց Իսրայել Սարգսյանը:

«Այսինքն՝ դուք ցանկանում էիք գտնել Արթուր Սաֆարյանին սպանողին, որ Թևոսն էլ նրա՞ն սպաներ»,- եզրակացրեց դատավոր Բեկթաշյանը:

Ի պատասխան Սարգսյանը նշեց, թե եթե համոզվեր, որ Տիգրան Ասատրյանն է սպանել Արթուր Սաֆարյանին, իրենք՝ ընկերներով կորոշեին՝ ինչպես վարվել:

«Հարցելի՛ դատարան, ես հայերեն եմ խոսում, ցա՛վդ  տանեմ»

Նշենք, որ Իսրայել Սարգսյանը երեկ և այսօր իր ցուցմունքների ընթացքում ժամանակ- առ ժամանակ արտահայտություններ էր անում, որոնց առաջացնում էին դատավարության կողմերի ծիծաղը:

Օրինակ՝ երեկ, երբ Սարգսյանը շարադրում էր իրեն հայտնի իրադարձություններն, օգտագործեց՝ «вообщем,  հարգելի դատավոր» արտահայտությունը, այսօր, դատավորի հարցերից մեկին ի պատասխան Սարգսյանն ասաց՝ «հարգելի՛ դատարան, ես հայերեն եմ խոսում, ցա՛վդ  տանեմ» արտահայտությունը, պարբերաբար անունով էր դիմում տուժողի իրավահաջորդ ներկայացուցիչ Երեմ Սարգսյանին:

Երեկվա դատաքննության ժամանակ էլ, երբ Սարգսյանը նրան «դուք»-ով դիմելով հարց տվեց, վերջինս հետաքրքրվեց, թե «դուք» ասելով ինչ նկատի ունի. ինքն ու ո՞վ:

Ամբաստանյալի հարցաքննությունն ավարտվեց: