
Մեղադրողը Խանդոյանի նկատմամբ չորս տարվա ազատազրկում է պահանջում
Ամալյա Մարգարյան
Արարատ Խանդոյանի գործով այսօրվա նիստի ընթացքում մեղադրող Հայկ Պետրոսյանը հանդես եկավ ճառով և նշեց, որ դատաքննության ընթացքում Խանդոյանի մեղադրանքը հիմնավորվել է՝ հետազոտված ապացույցներով, տուժողների և վկաների ցուցմունքներով:
Դատախազը հայտնեց, որ 2016-ի հուլիսի 20-ին ոստիկանության շղթայի առջև հավաքված մի շարք քաղաքացիներ նախահարձակ են եղել ոստիկանության աշխատակիցների վրա, ոտքերով, ձեռքերով և տարատեսակ առարկաներով հարվածել նրանց: «Տեսագրության մեջ պատկերված են զանգվածային անկարգությունները, որտեղ ոստիկանների վրա նախահարձակ լինողներից մեկը եղել է Արարատ Խանդոյանը, ով ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել, քաշքշել ոստիկանի վահանը»,- հավելեց մեղադրողը և պահանջեց չորս տարի ժամկետով ազատազրկել Խանդոյանին՝ հաշվի առնելով, որ վերջինս չի ճանաչել մեղքը և տվել է խուսափողական ցուցմունքներ:
Դատախազի ելույթից հետո Արարատ Խանդոյանը հանդես եկավ հայտարարությամբ և նշեց. «Դատավորն ու դատախազը կատարել են հանցագործություն Քր. օրեսնգրքի 143 հոդվածի 2-րդ մասով: Կատարվել է պաշտոնական դիրքի օգտագործում, քանի որ ինձ պահում են կալանքի մեջ և չեն կարողանում հիմնավորել մեղքս»:
Դատական նիստին ներկա էր նաև «Վարդաշեն» ՔԿՀ-ից այսօր ազատ արձակված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, ով նշեց, որ այսօրվա նիստին ներկա է, քանի որ ուզում է «օրենքով երկրում» ապրել. «Ամեն ինչը շինծու է, ես չգիտեմ՝ ու՞մ առաջադրանքն են կատարում, ո՞ր ազգին են ծառայում: Այսօրվա իշխանությունը հայ ազգին չի ծառայում»:
Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Արարատ Խանդոյանի մայրը` տիկին Ռիման ասաց, որ անհիմն է դատախազի պահանջը: «Նրանք չորս եղբայր կռիվ են արել հանուն հողի ու հայրենիքի, բայց հայրենիքը ծախված է: Հիմա Արարատի վրա աշխարհի մեղքն են թափում»:
Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը մեղադրվում է 2016-ի հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հասարակական անկարգությունների ժամանակ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասով:
Հունիսի 14-ին պաշտպանական կողմը հանդես կգա ելույթով:
Մեկնաբանել