HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Տոնոյանը մասնակցել է ՄԱԿ-ի Գլոբալ Պլատֆորմին

Մայիսի 24-ին ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է Մեքսիկայի Կանկուն քաղաքում մեկնարկած ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման 2017 թ. Գլոբալ պլատֆորմին: Միջոցառումը կազմակերպել են Մեքսիկայի կառավարությունը և ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակը:

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ հիմնական նպատակն է հնարավորություն ընձեռել կառավարություններին, ՀԿ-ներին, գիտնական-փորձագետներին, ինչպես նաև` ՄԱԿ-ի կազմակերպություններին կատարել փորձի փոխանակում և մշակել ռազմավարական ուղեցույց՝ ԱՌՆ գլոբալ համաձայնագրերի (Հյոգոյի և Սենդայի գործողությունների ծրագրեր) կյանքի կոչման համար:

Գլոբալ պլատֆորմին մասնակցում է աշխարհի 176 երկրից ժամանած շուրջ 5000 ներկայացուցիչ, այդ թվում՝ պետությունների ղեկավարներ, նախարարներ, կառավարությունների անդամներ, ականավոր փորձագետներ, գիտնականներ և այլոք:

Պլաֆորմին ընդառաջ և դրա շրջանակներում կազմակերպվում է շուրջ 100 աշխատաժողով և թեմատիկ քննարկում՝ տարբեր երկրների քաղաքական ղեկավարների, նախարարների, գիտնականների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

ԱԻ նախարար Դ. Տոնոյանի համանախագահությամբ անցկացվել է «Տարբեր սպառնալիքների դեմ վաղ ազդարարման համակարգերի և աղետների ռիսկի տեղեկատվության մատչելիությունը և հասանելիությունը» թեմայով հատուկ նստաշրջանը: Սա կարևոր է, քանզի արդյունավետ տեղակայված վաղ ազդարարման համակարգերը կարող են ոչ միայն մեծապես նպաստել մարդկային կյանքերի փրկությանը, այլև՝ նրանց կենսապահովմանը և բարեկեցությանը:

Հատուկ նստաշրջանի հիմնական առաքելությունն էր.

  • երկրների և միջազգային կազմակերպությունների ներդրումների արդյունավետ ուղղորդումը.
  • երկրներում վաղ ազդարարաման համակարգերի կիրառման առաջընթացը գնահատող մեթոդաբանության ներկայացումը.
  • փորձի և տեղեկության փոխանակումը, ինչպես նաև վաղ ազդարարման համակարգերի հաջողված փորձի տարածման խթանումը:

Ողջունելով մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով Մեքսիկայի կառավարությանը՝ ջերմ ընդունելության համար, նախարար Դ. Տոնոյանը նշել է, որ մերօրյա տեխնիկական առաջընթացը հնարավորություն է տալիս մարդկությանը ոչ միայն հասկանալու, թե ինչ է կատարվում այսօր, այլև՝ ապագայում: Աղետների ռիսկերի արդյունավետ կառավարման համար նախարարն առաջարկել է կենտրոնանալ 3 հիմնահարցի ուղղությամբ.

  • ինչպե՞ս վաղ ազդարարումը դարձնել առավել արդյունավետ՝ առկա խոչընդոտների և մարտահրավերների առումով.
  • ինչպե՞ս ապահովել վաղ ազդարարման հասանելիությունը բոլորին
  • ինչպե՞ս խթանել վաղ ազդարարման համակարգում ներդրումներին  և համագործակցությանը:

Իր խոսքում նախարար Դ. Տոնոյանը նշել է.

- Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել վաղ ազդարարման կաևորությունը՝ կայուն զարգացման համար: Այսօրվա հրամայականն է՝ ստեղծել արդյունավետ համակարգ, որը հասանելի կլինի բոլորին: Այս առումով անհնար է թերագնահատել Գլոբալ Պլատֆորմի առաքելությունը՝ բոլոր դերակատարների ջանքերը միավորելու և դիմակայուն մոլորակ կառուցելու մեր տեսլականը ձևավորելու գործում:

Նստաշրջանից հետո՝  Գլոբալ Պլատաֆորմի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա էր նաև Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիետոն, նախարար Դ. Տոնոյանը ՀՀ կառավարության անունից հանդես է եկել ազգային զեկույցով:

Նախարարը ներկայացրել է Հայաստանի՝ աղետներին պատրաստվածության և արձագանքման ազգային կարողությունների զարգացումը՝ խոսելով ՀՀ Աղետների ռիսկի կառավարման ազգային նոր ռազմավարության, համայնքային զարգացման համար աղետների ռիսկի բազմաշերտ մոդելավորման մոտեցումների, կրթական համակարգի դիմակայունության բարձրացմանն ուղղված հանրակրթական դպրոցների ԱՌՆ պլանների մասին:

Գլոբալ Պլատֆորմը սկսել է անցկացվել 2006 թվականից և համարվում է միջազգային շահառուների գլխավոր հավաքը՝ միտված նվազեցնել աղետների ռիսկերը և կառուցել դիմակայուն համայնքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter