HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

13-րդ դարի հայկական խաչքարը Հռոմի կենտրոնում. բացման արարողությանը մասնակցել է Սերժ Սարգսյանը

Աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հռոմի քաղաքապետ Ջանի Ալեմանոյի հետ:

Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ մեծ հաճույքով է այց կատարում հիասքանչ Հռոմ, որի պատմությունը սերտորեն առնչվում է հայերի ու հայ ժողովրդի պատմության հետ: Նախագահի խոսքով, Հռոմեական ֆորումի պատի վրա գտնվող չորս հնագույն քարտեզներից անգամ ակնհայտ է, որ ժամանակին Հռոմեական կայսրությունն ու Հայաստանը հարևաններ են եղել՝ երկու սահմանակից, ինքնիշխան պետություններ, և այսօր էլ Հայաստանն ու Իտալիան շարունակում են պատմական այդ ամուր հիմքի վրա արդյունավետ համագործակցել:

Նախագահ Սերժ Սարգսյանն ուրախությամբ է նշել, որ այսօր Հռոմի կենտրոնում տեղի է ունենում 13-րդ դարի հայկական խաչքարի ցուցադրության բացման արարողությունը: Որպես հայ ժողովրդի մշակութային խորհրդանիշներից մեկը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկում ընդգրկված հայկական խաչքարը, նախագահի խոսքով, «Հավերժական քաղաքում» կխորհրդանշի հայ-իտալական բարեկամության հարատևությունը: Այն նաև մեծ հնարավորություն է Հռոմի բնակիչների և քաղաքի հյուրերի համար՝ ծանոթանալու և հաղորդակից լինելու հայկական մշակույթին:

Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ համագործակցությունը Հռոմի հետ տարեցտարի կզարգանա, և հայ-իտալական հարաբերությունների առավել սերտացման գործում քաղաքապետ Ջանի Ալեմանոյի ներդրումն ավելի զգալի կդառնա: Հանրապետության ղեկավարը Հռոմի քաղաքապետի հետ հանդիպումը պատեհ առիթ է համարել շնորհակալություն հայտնելու ս.թ. նոյեմբերի 8-ին «Մետաքսի ճանապարհներ» նախագծի շրջանակներում բացված «Դվին. Հայաստանի մայրաքաղաքը Եվրոպայի և Ասիայի միջև» խորագրով ցուցահանդեսի կազմակերպմանը Հռոմի քաղաքապետարանի ցուցաբերած աջակցության համար:

Հանդիպումից հետո Հռոմի և Երևանի քաղաքապետները նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ Հռոմի կենտրոնում՝ Բրասկի թանգարանի դիմաց, բացել են հայկական խաչքարը:

Հանրապետության ղեկավարն այնուհետև այցելել է «Դվին. Հայաստանի մայրաքաղաքը Եվրոպայի և Ասիայի միջև» խորագրով ցուցահանդեսը:

Ավելի ուշ կավարտվի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Ջանֆրանկո Ֆինիի հետ:

Հռոմում Հանրապետության ղեկավարը հանդիպում կունենա նաև ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում իտալական պատվիրակության ղեկավար Ռիկարդո Միլիորիի հետ: Օրվա ավարտին նախատեսվում է նախագահի հանդիպումը Իտալիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter