HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Քարաշեն բնակարան ստանալու լուրը Յուզբաշյաններին ապրիլմեկյան կատակ է թվացել

Յուզբաշյանների ընտանիքը 18 տարի տնակում ապրելուց հետո վերջապես հնարավորություն ունեցավ վայելելու քարաշեն բնակարան ունենալու բերկրանքը: Ուրախալի լուրը ընտանիքը ստացել էր ապրիլի 20-ի երեկոյան:

«Լավ ուշ ժամ էր, արդեն կպատրաստվեինք քնելու, մեկ էլ Արամայիսի հեռախոսին զանգ եկավ, հլը ամուսինս չէր ուզե վերցներ, թե անծանոթ համար է: Ես ըսի, թե վերցրու տեսնինք ո՞վ է, ի՞նչ գուզե,-պատմում է Սուսաննա Յուզբաշյանը,-մեկ էլ մե տղամարդմ հայտնեց, օր թատրոնում ինչ-որ համերգ է՝ մենք էլ տուն ենք շահել: Ճիշտն ըսած մտածինք, թե ապրիլի 1-ն էլ չէ, ընչի՞ էդ ձեւի կատակ կենեն մեզի հետ: Հետո ինչխոր թե սկսեցինք հավատալ, Արամայիսի սիրտը լցվավ՝ էլ չկռնացավ խոսար՝ հեռախոսը տվեց ընձի: Շշմած կանգնել էինք, հետո փաթվանք իրար՝ ըսի, Արամայիս, Աստծու մատը խառն է մեջը, Դավիթս օր կըսեր, թե լավ բան պիտի էղնի՝ էս էր»:

Սուսաննա Յուզբաշյանը պատմեց, որ կրտսեր որդին՝ 18-ամյա Դավիթը նախորդ օրը երազ է տեսել՝ իբրև թե նոր բնակարան են տեղափոխվել: Առավոտյան ասել է, որ իրենց ընտանիքին լավ բան է սպասվում: «Ճիշտն ասած մտածում էի, թե իմ բանակ գնալու հետ է կապված լինելու՝ էս հունիսին պիտի զորակոչեն, տուն ստանալը մտքովս չէր անցել, որովհետև գիտեինք, որ անօթևան չենք՝ դժվար էլ մեզ տուն տան»,- ասում է Դավիթ Յուզբաշյանը:

Դավիթ Յուզբաշյանը

Սեփական գումարով բնակարան գնելու հույսը Յուզբաշյանները վաղուց էին կորցրել: 4 հոգուց բաղկացած ընտանիքն ապրում է Արամայիս Յուզբաշյանի 45 հազար դրամ և ավագ որդու հաշմանդամության 19 հազար դրամ թոշակով: «Էդ փողով մենք հազիվ յոլա կերթայինք, ի՞նչ տուն առնելու մասին կարող էր խոսք լինել: Համակերպվել կապրեինք, ամեն տուն ստացողի հետ կուրախանայինք՝ կմտածեինք կարող է մե օրմ էլ մեր համար լույս բացվի»,-հուզմունքից տիկին Սուսաննայի աչքերը արցունքոտվում են: Հիշում է, որ անցած դեկտեմբերին «Մեկ բացիկ՝ մեկ բնակարան» ակցիայի ժամանակ ինքն ու դուստրը 12 բացիկ են գնել. «Ըսինք՝ թող մեր լուման էլ էղնի, մե ընտանիքմ էլ տնատեր դառնա, օրմ էլ մեր հերթը կհասնի»:

Այս տարվա ապրիլի 20-ին «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը Գյումրու դրամատիկական թատրոնում աշուղ Շերամի 160-ամյակին նվիրված բարեգործական համերգ էր կազմակերպել, որի շահույթը պիտի ծառայեր անօթևանի կարգավիճակ չունեցող, սակայն տնակում ապրող որևէ ընտանիքի համար բնակարանի ձեռք բերելու նպատակին: 3500 դրամ արժեքով 600 տոմսի վաճառքն ապահովել էր բնակարանի համար նախատեսված գումարի հիմնական մասը՝ 2 մլն 100 հազար դրամ, մնացած 900 հազար դրամը տրամադրվել էր հիմնադրամի միջոցներից, երկու սենյականոց բնակարանը ձեռք էր բերվել 3 մլն դրամով: Յուզբաշյանների ընտանիքն ընտրվել էր համերգի ավարտին կազմակերպած վիճակահանության ժամանակ:

Նշենք, որ Յուզբաշյանները Գյումրի էին տեղափոխվել Մառնեուլի շրջանի Շուլավեր գյուղից 1989 թ-ին: Գյումրիում մի քանի տարի ապրել են վարձով: 1999 թ-ին քաղաքապետարանը Յուզբաշյանների՝ այն ժամանակ 5 հոգուց բաղկացած ընտանիքին հատկացրել է «Բարեկամության» այգում ձևավորված տնակային ավանի թիվ 234/254 հասցեում գտնվող տնակը: Փոքր տղան՝ Դավիթը, ծնվել է տնակում: Յուզբաշյանները չունեին անօթևանի կարգավիճակ՝ երկրաշարժին չէին բնակվել Գյումրիում և բնակարան չէին կորցրել, հետևաբար չունեին նաև ակնկալիք` պետությունից երբևէ փոխհատուցում ստանալու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter