HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանե Գևորգյան

Հայկական ստարտափ. XCloud Networks-ը մրցակցում է աշխարհահռչակ Cisco Systems և Juniper Networks ընկերությունների հետ

Հայկական XCloud Networks ստարտափը ստեղծել է ցանցային լուծում, որը մրցակցում է այս ոլորտում աշխարհի առաջատար երկու ընկերությունների՝ Cisco Systems-ի և Juniper Networks-ի հետ։

XCloud Networks-ի համահիմնադիր և ղեկավար Ալեքս Սարոյանը 15 տարի տարբեր մեծ և փոքր ընկերություններում զբաղվել է ցանցային սպասարկումով, ինչպես նաև, որպես խորհրդատու աշխատել է արտասահմանյան ընկերությունների հետ։ Այս ընթացքում ծանոթացել է ոլորտում եղած  խնդիրներին ու 2 ընկերների հետ որոշել է ստեղծել մի համակարգ, որը միանգամից լուծում է 4 խնդիր։

Ստարտափն առաջարկում է ցանցային լուծում, որն օգնում է «Տելեկոմ» օպերատորներին ու տվյալների կենտրոններին մոտ 100 անգամ արագացնել, ավտոմատացնել ցանցի հետ կապված իրենց առօրյա բոլոր գործառույթները՝ նվազագույնի հասցնելով մարդկային գործոնը և առաջարկելով էֆեկտիվ գին։

XCloud Networks-ը հիմնադրվել է 1,5 տարի առաջ, և արդեն  5 ամիս է, ինչ նրա առաջարկած լուծումը տարբեր ընկերություններ օգտագործում են։ «Հիմա պատրաստվում ենք մտնել մեծ շուկա։ Վերջերս Եվրոպայում, Ամերիկայում եղա, հանդիպումներ ունեցա Սիլիկոնյան հովտում։ Բոլորի արձագանքը շատ դրական էր։ Մենք ամբողջությամբ նոր բան ենք անում, հետևաբար 20%-ի մոտ շոկային արձագանք է, իսկ 80%-ը շատ հետաքրքրված է։ Օրինակ՝ Բուդապեշտում մեր լուծումը ներկայացնելուց հետո ինձ մոտեցան Microsoft-ի, ամերիկյան Equinix տվյալների շատ մեծ կենտրոնի, բաց կոդով (open source) մեծ նախագծերի ներկայացուցիչներն ու ասացին, որ շատ հետաքրքրված են նորից հանդիպել, համագործակցության ինչ-որ ճանապարհներ գտնել»,- ասում է Ալեքսը։

Այժմ կա XCloud Networks-ից օգտվող երկու խոշոր միջազգային ընկերություն։ Առաջինը «Sofia Connect»-ն է, որն ունի ցանց Նյու Յորքից մինչև Մերձավոր Արևելք ու Արևելյան Եվրոպա։ 

«Երբ այս ընկերությունը սկսեց, մեր լուծման օգնությամբ, տրամադրել նոր տեսակի ծառայություններ, նոր աշխատողներ գտնելու կարիք այլևս չեղավ։ Այսօր նման ընկերությունների ցանցային ենթակառուցվածքների մեծացման բիզնես կարիք կա, իսկ լավ մասնագետներ գտնելու խնդիրը խանգարում է արագ զարգանալ: Մեր լուծումը օգնում է նրանց արագ մեծանալ՝ ներգրավելով համեմատաբար ավելի քիչ մասնագետներ։ Հաջորդն առցանց խաղերի դիստրիբյուտոր «Innova» կազմակերպությունն է, որն ամբողջ աշխարհում ունի 25 միլիոն օգտատեր։ 

Իրենց խնդիրը հետևյալն էր՝ արագացնել առօրյա տեխնիկական գործառույթները: Փորձարկեցին, շատ արդյունավետ համարեցին մեր լուծումն ու իրենց՝ 3 միլիոն արժողությամբ ենթակառուցվածքները՝ բաղկացած Cisco Systems-ի, Juniper Networks-ի ու F5-ի սարքավորումներից,  ամբողջությամբ փոխարինեցին մերով։ Արդյունքում՝ փոփոխությունները մի քանի օրվա փոխարեն կատարվում են մի քանի րոպեում: Այնպես ստացվեց, որ այդ նույն ժամանակ ընկերությունից միաժամանակ դուրս էին եկել մի քանի լավ մասնագետ, իսկ մեր լուծման շնորհիվ, այժմ հինգի փոխարեն սպասարկում է ընդամենը երկու մասնագետ»,-ասում է Ալեքսը։ 

XCloud Networks-ի հիմքում կա չորս կարևոր գաղափար՝ արագություն, պարզություն, էֆեկտիվ գին և էլաստիկություն։ Կիրառվել են նորարարական մեթոդներ, ինչի շնորհիվ էլ այն աշխարհում առաջինն է, որ առաջարկում է այս չորս լուծումը միասին։ 

  • Արագ, որովհետև այս լուծման շնորհիվ ցանցի ենթակառուցվածքների կարգավորումները կատարվում են ավտոմատացված, հետևաբար ցանկալի փոփոխությունները արվում են մի քանի րոպեի ընթացքում։ Օրինակ՝ նախկին տեխնոլոգիաների օգտագործման դեպքում ցանցային ինժեների կատարած միջին փոփոխությունը կարող էր տևել ժամեր ու օրեր։ Տվյալների կենտրոնի ցանցային ինժեների առօրյան հետևյալն է՝ տարբեր հաճախորդներից, մենեջերներից ստանում է կարգավորումներ փոխելու, ավելացնելու պահանջներ։ Այդ հարցումները, պահանջները մարդիկ անում են ձեռքով, հերթ են կանգնում, ժամանակ կորցնում։ Այս դեպքում ցանկալի փոփոխությունները ներմուծվում են ինտուիտիվ հասկանալի պորտալ, այնուհետև մոտ 30 վայրկյանում կիրառվում են ֆիզիկական սարքավորման վրա։ 
  • Հաջորդը պարզությունն է։ Ցանցային ենթակառուցվածքները հնարավորինս պարզեցված են։ Եթե նախկինում դրանք բաղկացած էին տարբեր տեսակի սարքավորումներից, հիմա արդեն ամբողջական են։ Այս ամենին եթե ավելացնում ենք ինտուիտիվ վեբ պորտալը, ստացվում է, որ այդ ենթակառուցվածքները հասանելի են դառնում ոչ միայն ոլորտի բարձր որակավորում ունեցող մասնագետներին, այլև միջին գիտելիքով ինժեներին։ 
  • Երրորդը գնի էֆեկտիվությունն է։ Շատ մեծ ընկերություններ, երբ ինչ-որ լուծում են գնում Cisco Systems-ից և Juniper Networks-ից, ստիպված են լինում հետագա ընդլայնման համար պահանջվող սարքավորումները գնել նույն ընկերությունից։ Պետք է հաշվի առնել, որ առաջին սարքի դեպքում մեծ զեղչեր են լինում, իսկ հաջորդները լինում են ավելի թանկ։ XCloud Networks-ը առաջարկում է մի ցուցակ, որտեղ կա XCloud Networks-ի առաջարկած լուծման հետ աշխատող բոլոր ֆիզիկական սարքավորումներն ունեցող 7 արտադրող: Այսինքն՝ հաճախորդն ունենում է ընտրելու հնարավորություն՝ որտեղից և ինչ գնով ձեռք բերել սարքավորումը։ Քանի որ մեծանում է առաջարկը, սարքավորման գինն էժանանում է։ 
  • Վերջինն էլաստիկությունն է։ XCloud Networks-ը տալիս է կառուցվածքային ունիվերսալ բլոկ, որը լուծում է ընկերության հեշտ ընդլայնվելու խնդիրը։ 

XCloud Networks-ը առավելագույնս ապահովում է համակարգի անվտանգությունը, ինչը, նման լուծման դեպքում շատ կարևոր է։ Ալեքսի խոսքերով, եթե մի օգտագործողը փորձի պորտալի միջոցով փոփոխություններ անել մյուս օգտագործողի պատասխանատվության տակ գտնվող մասում, ապա այդ փոփոխությունը կծանուցվի համապատասխան մարդուն՝ համաձայնություն ստանալու համար։

«Մենք չենք մտածում կայանալ Հայաստանում, հետո դուրս գալ միջազգային շուկա. դրա համար ժամանակ չկա։ Եթե ունես միտք, պետք է արագ իրագործես։ Ստարտափների դեպքում առաջ եկած խնդիրները միշտ տարբերվում են բոլոր տեսակի այլ խնդիրներից։ Ստարտափի դեպքում մարդիկ աշխատում են 16 ժամ այն դեպքում, երբ ոչ մի խնդիր չկա։ Իսկ եթե ինչ-որ խնդիր պետք է լուծեն, ապա աշխատում են 48, 72 ժամ անընդմեջ։ Այդպես է եղել և շարունակում է լինել նաև մեր դեպքում։ Երբեք պետք չէ սպասել ներդրումների. եթե կա գաղափար ու կարծում ես, որ այն հստակ, դրական փոփոխություն է բերելու մարդկությանը: Պետք է պարզապես սկսել՝ օգտագործելով հնարավոր բոլոր ռեսուրսները, քո և քո ընկերների գիտելիքը, փորձը` ինչ-որ տեղ կես դրույքով աշխատելով ու գումարը ստարտափի զարգացման մեջ դնելով։ Մենք էլ սկսել ենք մեր ներդրումներով, հետո սկսել են հաճախորդները վճարել, վերջերս նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի 9 հաղթողներից մեկը դարձանք և ստացանք 50 000 եվրո։ Երբ ունենում ես արդեն աշխատող նախատիպ, մարդիկ ավելի հեշտ են ներդրումներ անում։ Դրսում կարող է ավելի շատ մասնագետներ կան, պայմաններն ավելի լավ են, բայց մեկ այլ՝ շատ ավելի կարևոր նախապայման կա. այստեղ մարդիկ կարող են 24 ժամ աշխատել, միաժամանակ չորս տեղ աշխատել ու պատրաստ են շատ ջանք գործադրել իրենց զարգացման համար։ Գուցե դժվար է գտնել մարդ, ով ունի միջազգային մասնագետներին հավասար գիտելիք ու փորձ, բայց կարելի է գտնել մարդ, ով պատրաստ է այնքան աշխատել, որ հասնի այդ ամենին։ Դրա համար էլ մեզ մոտ ստացվում է»,- ասում է Ալեքսը։

Լուսանկարը՝ մրցույթի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter