HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Խոսքը մեկ անձի սպանության նախապատրաստության մասին է»,- ասում է Սոնա Տռուզյանը

Մայիսի 24-ին ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել մի խումբ  անձանց կողմից նախապատրաստվող սպանության վերաբերյալ: Ըստ տարածված հաղորդագրության`վերը նշված նպատակով այդ անձինք  բնակարան են վարձակալել Էջմիածին քաղաքում, ապօրինի կերպով ձեռք են բերել զենքեր և զինամթերք և ձեռնամուխ եղել սպանության նախապատրաստական գործողություններին։                                                                                            

Փաստի առթիվ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումների արդյունքում մայիսի 24-ին՝ ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների ծառայողներն,  ըստ տարածված հաղորդագրության,  խափանել են սպասվող ծանր հանցագործությունն ու, անակնկալի բերելով նշված բնակարանում գտնվող երեք անձանց, վնասազերծել  և բերման ենթարկել ոստիկանության ՔՀԳՎ։ 

Ոստիկանությունը նաև տեսանյութ էր հրապարակել, որում երևում է զենք, զինամթերք: Տեսանյութում ձերբակալված անձանց դեմքերը չեն ցուցադրվում,  գործի քննությանը տիրապետող որևէ մարմնի իրավասու ներկայացուցիչ առ այսօր չի հրապարակել նաև, թե ում դեմ էր նախապատրաստվում սպանությունը, սակայն հաղորդագրությունից քիչ անց արդեն լրատվամիջոցները լուր տարածեցին, որ սպանությունը նախապատրաստվել է քրեական աշխարհում «Դոն Պիպո» անվամբ հայտնի Արթուր Ասատրյանի և «Վստրեչի ապեր» անվամբ հայտնի Արամ Վարդանյանի դեմ: 

Մայիսի 27-ին քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որից պարզ դարձավ, որ ձերբակալված երեք անձանց մեղադրանք է առաջադրվել  Քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ  և 8-րդ կետով և 235-րդ հոդվածի 2-րդ մասի  հատկանիշներով: 

Ըստ ՔԿ-ի տարածած հաղորդագրության՝ ևս մեկ անձ այս գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ Քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով: 

Օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է մի խումբ անձանց կողմից ապօրինի զենք և զինամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելուն, իրացմանը, պահելուն փոխադրմանը կամ կրելուն: Օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերը մեկնաբանելիս ստացվում է, որ Քննչական կոմիտեում քննվում է մի խումբ անձանց կողմից պատվերով սպանություն նախապատրաստելու առթիվ հարուցված քրեական գործը, և այն վերաբերում է ոչ թե երկու և ավելի, այլ մեկ անձի սպանությունը մի խումբ անձանց կողմից նախապատրաստելու դեպքին: Ինչ վերաբերում է հետախուզման մեջ գտնվող անձի՝ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերերի հատկանիշներով մեղադրանքին, ապա դա վերաբերում է հանցագործությանն օժանդակելուն: 

Դեպքից ժամեր անց Armlur.am-ը հրապարակեց հոդված այն մասին, որ սպանությունը նախապատրաստվել է ոչ թե Արթուր Ասատրյանի`«Դոն Պիպոյի», այլ Արամ Վարդանյանի`«Վստրեչի ապեր»-ի դեմ`հիշեցնելով նաև, որ նախկինում ևս Վարդանյանի դեմ մահափորձ է ծրագրվել, որը կանխվել է: 

Armtimes.am կայքն էլ, հղում կատարելով շրջանառվող լուրերին, գրեց, որ «Դոն Պիպոյին» սպանելու պատվեր է իջեցվել, բայց պատվերը Ռուսաստանից է, թե՞ Հայաստանից՝ դեռ պարզ չէ, իսկ ձերբակալված անձինք հակասական ցուցմունքներ են տալիս: Կայքը հայտնեց նաև, որ ձերբակալված երեք անձինք ընկերներ են, տարբեր մարզերի բնակիչներ, ովքեր բազմիցս արտագնա աշխատանքի են մեկնել Ռուսաստան, նրանցից մեկը խոհարար է, մյուս երկուսը շինարարական աշխատանքներ են կատարել: 

Քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Սոնա Տռուզյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ սպանությունը մեկ անձի դեմ է նախապատրաստվել, բայց թե ով է այդ մեկ անձը, քննություն իրականացնող մարմինն այս պահին նպատակահարմար չի գտնում հրապարակել: 

«Մենք հրապարակել ենք, թե ինչ հոդվածներով է հարուցված քրեական գործը, և խոսքը կազմակերպված խմբի կողմից մեկ անձի սպանության նախապատրաստման մասին է»,- ասաց Սոնա Տռուզյանը: 

Հարցին՝ արդյոք Արթուր Ասատրյանը՝ «Դոն Պիպոն», կամ մեկ այլ անձ այդ գործով տուժող է ճանաչվել, Տռուզյանը պատասխանեց, թե այս գործով որևէ այլ մանրամասն առայժմ հրապարակման ենթակա չէ: 

Նշենք, որ դեպքից հետո «Փաստինֆո» լրատվական կայքում հրապարակված  տեղեկության համաձայն  Հայաստանյան քրեական հեղինակություններն ուժեղացրել են իրենց անվտանգությունը, և նրանց թվում է նաև քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյը, ով, թեև փորձում է բացահայտ ցույց տալ, թե իր առօրյայում ոչինչ չի փոխվել և շարունակում է հաճախել իր նախընտրելի վայրերը, սակայն ուժեղացված է անվտանգությամբ: 

«Ժողովուրդ» օրաթերթի վերն արդեն նշված հոդվածում էլ ասվում է, որ իրավապահ համակարգը խիստ հսկողություն է իրականացնում նաև ձերբակալված անձանց ընտանիքների նկատմամբ՝ նրանց մերձավորների և մտերիմների անվտանգությունը ապահովելու համար, որպեսզի հետագայում վենդետա չլինի:

«Սրանով է պայմանավորված այն գաղտնապահությունը, որը ցուցաբերում են հայրենի իրավապահները՝ չհայտնելով քիլլերների անունները»,-գրել է թերթը: 

Այս և մամուլում շրջանառվող այլ լուրերի վերաբերյալ ևս  Քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Սոնա Տռուզյանը որևէ մեկնաբանություն չտվեց, 

«Մամուլում տարբեր չճշտված տեղեկություններ կան, որոնք ուղղակի ենթադրությունների ոլորտից են, և այս պահին նպատահակարմար չենք գտնում դրանց անդրադառնալ»,- ասաց Սոնա Տռուզյանը: 

Նշենք, որ Արթուր Ասատրյանը՝ «Դոն Պիպոն», բնակվում է Իտալիայում, և վերջերս է այցելել Հայաստան, ծնվել և մեծացել է Էջմիածնում, որտեղ մեծ հեղինակություն է վայելում: Հայաստանից  հեռացել է 1994 թվականին՝ 21 տարեկանում և վերջնականապես ընտանիքով հաստատվել Հռոմում արդեն 2006-ից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter